Ինչ բախտավոր պիտի լինես մաքուր քաղաքում ապրելու համար: Թվում է, թե մի մեծ բան չէ: Բայց Երեւանի պես քաղաքի համար աղբահանությունը չլուծվող խնդիր է: Նախ` քաղաքի բնակչության մեծ մասը չունի տարրական դաստիարակություն, տան աղբը ամենաանշնորհք ձեւերով դուրս թափելու «հմտությամբ» գերազանցում է ինքնիրեն: Թաղապետարանների` քաղաքի փողոցներում տեղադրված անճոռնի մետաղյա աղբատարներում եւ դրանց շուրջը ամեն տեսակ աղտեղություն կարելի է տեսնել, երբ կարելի է գոնե անթափանց-մուգ եւ փակ տոպրակների մեջ դա լցնել: Աղբահանության կանոնավոր մեխանիզմ չկա եւ չի գործում, երբ ծառայությունն այնքան էլ ծախսատար չէ. թաղապետարանների համապատասխան կառույցներն անկարեւոր են երեւի համարում եւ ուշադիր չեն: Բայց շատ աչալուրջ են, ասենք, շինարարական եւ նման այլ հարցերի հանդեպ:
Ամռան օրերին քաղաքային աղբի կուտակումները, հատկապես գարշահոտությամբ, անտանելի են դառնում: Նիկոլ Դումանի փողոցից դեպի աջ մի փոքրիկ ճանապարհ կա, որտեղով մարդիկ երբեմն անցուդարձ են անում, ու տարիներ շարունակ մշտական ներկայությամբ նրանց ուղեկցում են աղբակույտերի բլրակները: Պետք է զգույշ լինել, որ աչքդ պատահաբար չառնի դրանց` կենցաղային, տեխնիկական աղբ, ամեն տեսակ մնացորդ` աման-չաման, չուլուփալաս, հնոտիք, կահ-կարասի, սատկած շուն ու կատու:
Բրգաձեւ աղբակույտերի դրկից շենքերի բնակիչներն էլ շատ առատաձեռն են ու չեն զլանում, բուրգին ավելի ճոխ տեսք տալու եւ բարձրություն հաղորդելու համար: Երբ մարդկանց անցուդարձի ճանապարհը շատ է նեղանում, աղբակույտից ազատվելու ամենահարմար միջոցն այրելն են համարում: Ու այրում են: Սրան արդեն դիմանալ չի լինում: Ապականվում է ողջ միջավայրը, օդը հարամվում: Տարածվող գարշահոտը ազատ ելումուտ է անում բաց պատշգամբներ, ոչ հյուրի, այլ` տանտիրոջ իրավունքով: Մի «ըմբոստ» բնակիչ բողոքել է թաղապետարանի աշխատակիցներին, թե աղբը բերելու, լցնելու է նրանց շենքի առաջ: Աշխատակիցները սպառնացել են, թե բանտ կնստեցնեն: Հիմա ամեն ինչի համար նստեցնում են, սովորություն են դարձրել: Երեկոյան էլ քամին է սովորություն դարձրել բողոքել քաղաքացիների աղտեղությունների դեմ ու ամեն օր մի խելագար պտույտ է անում Երեւանի վրայով, ամեն ինչ խառնում իրար, շինարարական գաջն ու փոշին խառնում կրակի տված աղբակույտի մոխրին ու լցնում տները, նստում շնչուղիների վրա, խեղդում մեզ ու նոր հանգստանում: Փոշին դարձել է բնակիչների առաջին ախոյանը, նույնիսկ անձրեւը չի օգնում, փոշին օդում «ցեխ» է դառնում:
Մ. Բ