«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2008-06-12 | #112, 2008-06-13 | #113, 2008-06-14


ՓԱԿՈՒՂԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՈՒ ՎՐԱ

ԼԵՎՈՆ Ղ. ՇԻՐԻՆՅԱՆ, Քաղաքագիտության դոկտոր

Հայ ժողովրդի պատմական առաքելությունը, որը հուշում է նրա զարգացման ամբողջ ընաթացքը, եղել էՙ փնտրել եւ ձեռք բերել Արեւելքի ու Արեւմուտքի համադրությունը: Եվ որպես Արեւելքն Արեւմուտքի հետ շաղկապող օղակ, հայերը միաժամանակ ե՛ւ ասիացիներ, ե՛ւ վրոպացիներ են:

Վալերի Բրյուսով

ՀՀ վերջին նախագահական ընտրությունները դարձան այն փորձաքարը, որին բախվելով ճաքեց հայոց անկատար ժողովրդավարությունը: Հայ հասարակությունը պառակտվեց անհանդուրժողականության հաղթահանդեսից, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ չգոյությունից: «Հին» Հայաստանը բախվեց «նոր» Հայաստանի իդեալներին ու պահանջներին, խախտվեց ներպետական ու ներազգային կոնսենսուսը (համաձայնություն, միահամուռություն), բեմականացվեց նաեւ պատմության մեջ երբեմն հանդիպող ֆարսը (զավեշտ)ՙ նախկին մոլեռանդ աշխարհաքաղաքացին (Լեւոն Տեր-Պետրոսյան) հանդես եկավ ազգային իդեալներին անմնացորդ նվիրված քաղաքական գործչի պատմուճանով:

Ստեղծված իրավիճակումՙ վարչակարգը կյանքի կոչեց հապշտապ միջոցառումների մի շղթա, որի արդյունքները քաջ հայտնի են եւ «հանգուցալուծումը», անշուշտ, իրադրային էր: Ճիշտ է, պետական կառույցը ցուցադրեց իր կենսունակությունը, սակայն, մերօրյա Հայաստանը մնաց կուտակված հիմնախնդիրների թնջուկով: Թերեւս, հանրապետությունն անցավ «ճգնաժամային կառավարման գոյակարգի»: Ինչպես եւ սպասելի է նման իրավիճակներում, անմիջապես բարդացավ ՀՀ միջազգային կացությունը, առաջինըՙ եվրոպական ուղղությունում, երկրորդը, եւ վտանգավորըՙ ամերիկյան: Անկախ այն բանից, որ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական օրինական ընտրություններն արեւմտյան արժեհամակարգի անփոփոխ բաղադրիչներից են եւ հազվագյուտ դեպքերում է, որ կարող են սակարկության առարկա լինել, խնդիրը բարդանում է, մասնավորապես, ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում հանրապետական թեկնածուի հավանական հաղթանակով: Քանզի իրենց արտաքին ռազմավարական կողմնորոշումներում չմերժելով «նոր եվրասիական բլոկների կազմավորումըՙ հիմնված քաղաքակրթական ավանդույթների եւ կայուն էթնիկական արխետիպերի վրա» (տեսՙДугинАл.Основыгеополитики,М. 1999 էջ 114), Հայաստանն ու հայկական քաղաքակրթությունը, արեւելյան եկեղեցիների ընտանիքի վերաբերյալ ընդհանուր ու մակերեսային ընկալումով, դիտում են Ուղղափառ քաղաքակրթության եւ, հետեւապես, ռուս-սլավոնական աշխարհի մաս: (տեսՙ Շիրինյան Լ. Ղ., Հանթինգթոնի հիպոթեզը եւ հայոց քաղաքակրթական ինքնությունը.- Հայաստան, գալիքին ընդառաջ, Եր, 2004, էջ 12-24): Ինքնին հասկանալի է, որ Ջոն Մակքեյնն ու նրա թիմը, որոնք ընդգծված պահպանողականներ են, նման պայմաններում դժվար թե Հայաստանի հանդեպ անհրաժեշտ նրբանկատություն հանդես բերեն: Ուրեմն, դժվար, թե ԱՄՆ հարավկովկասյան քաղաքականության համատեքստում հօգուտ Հայաստանի էական տեղաշարժեր գրանցվեն. մինչդեռ, շատ հավանական են Հայաստանի հանդեպ նոր խստացումներն ու նույնիսկ պատժամիջոցներ, հունվարից հետոՙ նաեւ ժողովրդավարական (կարդաՙ արեւմտաքրիստոնեական) արժեքները եղծելու համար: Այդ դեպքում մեղավորը կդառնա «քաջարի Շվեյկի» տեսքն ընդունած մերօրյա Հայաստանի «քաղաքական-տնտեսական ակտիվը», տուժողըՙ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը, կոնկրետ կորցնողը (տվյալ դեպքումՙ զոհը)ՙ Արցախի հանրապետությունը: Անշուշտ, ավելի կծանրանա ջավախահայության առանց այն էլ ոչ նախանձելի ընդհանուր կացությունը: Համաշխարհային քաղաքականությունն, այսպիսով, ունի հրամայականներ (իմպերատիվներ), որոնց «ամրությունը» ցանկալի չէ, որ հերթական անգամ փորձարկի հայ ժողովուրդը:

Այդ հրամայականներից է ամերիկյան ռազմավարության ազդեցիկ հեղինակություններից Նիկոլաս Ջոն Սպիկմենի (Nicholas John Spykman) աքսիոմն առ այն, թե միջազգային քաղաքականության մեջ մեծագույն սխալը պարզամիտ այն հավատի մեջ է, թե ուժային քաղաքականության աշխարհում լավ հարաբերություններն առաջանում են առաջնորդների կամ ժողովուրդների միջեւ բարեկամական զգացմունքների շնորհիվ: Միջազգային հարաբերությունների հինգ հազար տարվա պատմության մեջ չի եղել մի որեւէ բան, որ զորացներ այդպիսի հավատը: «Դաշինքներն ստեղծվում են,- նկատում է Ն. Սպիկմենը,- ոչ թե շնորհիվ զգացմունքների եւ հույզերի, այլ շնորհիվ աշխարհագրական պատճառների եւ ուժերի հավասարակշռության գործողության»: Եվ եթե առաջանում են դաշնակցի հանդեպ ինչ-որ բարեկամական զգացմունքներ, դրանք սովորաբար հետեւանք են, եւ ոչ պատճառ, քաղաքական համագործակցության (տե՛սМуxaeвР.Т.Геополuтика,М. 2007 ր. 10): Եվ ահա մարտի մեկի իրադարձությունները, ակնհայտ է, կարող են խախտել Հայաստանի շուրջ առաջացած փխրուն հավասարակշռությունը, նրան զրկելով փոխլրացման (complementary) քաղաքականության հնարավորությունից. չէ՞ որ ԱՄՆ-ը, ինչպես հայտնի է, գերտերություն է , իսկ ռազմավարական աշխարհը առայժմ եւ տեսանելի հեռանկարումՙ միաբեւեռ :

Ուրեմն, ստեղծված իրավիճակում, Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի գերակայության տեսակետից, հայկական կողմի համար բանական եւ բնական ելքը դեպի ապահով ու արժանապատիվ ապագա, Եվրոխորհրդի ԽՎ ապրիլի 17-ի թիվ 1609 որոշման կատարման պարտադրանքի մեջ է. ի դեպ, այս տեսակետին հակընդդեմ փաստարկներ գտնելը գրեթե անհնար է: Եվ խնդիրը դրա մեջ էլ չէ: Այլ օրնօրի ձնագնդի արագությամբ արժեւորվող ժամանակի անթույլատրելի կորստի մեջ` երկու նկատառումով. ա) ճգնաժամի իրադրային հաղթահարման հրամայականի, բ) Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգիՙ հայ ժողովրդի պատմական առաքելության պահանջներին, իսկ պետական կառույցն ու տնտեսակարգը ` երկրի աշխարհագրական-քաղաքակրթական տվյալներին համապատասխանեցնելու տեսանկյունից: Միաժամանակ անտեսելի չէ պառլամենտարիզմի, եւ հետեւապես, նրանում ընդդիմության դերակատարությունն ու ժողովրդի (պետության) քրիստոնեական վերածննդի, բարոյական արժեքների վերականգնման պահանջները:

Արդարեւ, մարտյան իրադարձությունները ջրի երես հանեցին ոչ միայն եւ ոչ այնքան առօրեական հարցադրումներ, այլեւ հիմնարար (ֆունդամենտալ) հիմնախնդիրներ: Մասնավորապես այն, որ խիստ արդիականացման կարիք ունեն ինչպես հայ հասարակությունն առհասարակ, այնպես էլ պետական կառույցը հատկապես: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ժամանակին պետական կառույցի հարցում ընտրությունը կատարվեց հապճեպորեն, նախապատվությունը տալով կազմաքանդվող խորհրդային պետական մեքենայի եւ ֆրանսիական կոչվող կիսանախագահական-կիսախորհրդարանական հիբրիդի օգտին: Հետագա մոդիֆիկացիաներն ավելի շատ ձեւախեղեցին իրականությունը, քան գրանցեցին շոշափելի առաջընթաց: Եվ այսօր, ինչպես ասում են, ունենք այն, ինչն ունենք:

Մշակույթներից բարձրագույնիՙ պետականաշինության գործում թերեւս արժեր առաջին հերթին ցուցաբերել բծախնդրություն եւ հետեւել աշխարհում առավելագույն արդյունավետության հասած ազգերի փորձինՙ զուգահեռաբար ելնելով առարկայական իրողություններից: Հարցադրման շրջանակներում ուշագրավ է աշխարհի հզորագույն տերության` ԱՄՆ-ի անցած ուղին: ԱՄՆ «հիմնադիր-հայրերը», ստեղծելով աշխարհում նախատիպը չունեցող պետության «նախագիծը», սահմանեցին նրա կյանքի կոչման, մոդելի չափորոշիչները: Խորհդրային ճանաչված գիտնական Գ. Ա. Տրոֆիմենկոն նշում է, որ ԱՄՆ-ի «հիմնադիր-հայրերը» «լավ էին հասկանում ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, ամերիկյան հանրապետության հաստատման շրջանի ընդհանուր ռազմավարական իրադրության յուրահատկությունը: Նրանք մտմտացին այդ համակարգի բնաշրջման միտումների, ԱՄՆ զարգացման երկարաժամկետ հեռանկարների եւ ապագա արտաքին քաղաքական խնդիրների, տնտեսական եւ ռազմական հնարավորությունների վրա: Այդ խորհրդածությունների հիման վրա էլ նրանք ստեղծեցին բավականին կուռ ռազմաքաղաքական ռազմավարություն» (ТрофименкоГ.А.США:Политика,война,идеология.М. 1976, էջ 19): Եվ պետականության կառույցը: Ու այդ միտումներն էլ ծնեցին գործադիր ամուր իշխանությունըՙ վերածելով այն ԱՄՆ-ի պետական մեխանիզմի կենտրոնական բաղադրամասի:

Վերանձնական սկզբունքով առաջնորդվող հետազոտող-քաղաքագետը եւ ողջախոհության պահանջներով ապրող հայ քաղաքացին առաջադրված չափորոշիչները, թերեւս, կդիտի որպես պահանջներՙ ներկայացված մերօրյա Հայաստանին: Եվ դժվար թե գտնի լուրջ հակափաստարկներՙ հիմնված պատմական փորձի եւ քաղաքագիտության պահանջների վրա: Ի դեպ, հայոց ազգային պատմագիտության առաջատարներից Նիկողայոս Ադոնցն իր հերթին պահանջում էր Հայաստանի հարցերն առհասարակ քննել ըստ համապատասխան «նյութական իրադրության», որի տակ հասկանում էր «ոչ միայն (Հայաստանի.- Լ. Շ.) աշխարհագրական միջավայրը, այլեւ պատմական իրադրությունն ընդհանրապես, այսինքնՙ ոչ միայն բնական պայմանների ամբողջությունը, այլ նաեւ այն դիրքը, որ նա գրավում է շրջապատող երկրների ու ժողովուրդների խմբերի միջեւ» (Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Ե., 1987, էջ 11): Այսպիսով, ըստ էության նույնն են եւ հայ մեծատաղանդ պատմաբանի նկատառումները: Նշանակում է երկու հզորագույն գործոններՙ ՀՀ «բնական պայմանների ամբողջությունը» եւ ՀՀ գրաված դիրքը «շրջապատող երկրների եւ ժողովուրդների խմբի միջեւ» (կարդաՙ «պետության երկրաքաղաքական տեղադրությունը»- Լ. Շ.) [«արեւմուտքից եւ արեւելքից թյուրքական երկու պետություններ, հյուսիսիցՙ ռուսական ազդեցության գոտուց խույս տվող եւ կամա-ակամա Թուրքիայի հովանին որոնող «գաճաճ կայսերական» Վրաստան, հարավիցՙ ամերիկա-իսրայելական ճնշումներին հակազդող պետական-քաղաքակրթական հզոր ներուժով օժտված Պարսկաստան] հայ հասարակությունից պահանջում են ներազգային ու ներպետական կոնսենսուս , ճգնաժամային (արտաքին, թե ներքին) իրավիճակներումՙ մոբիլիզացիոն ներուժի բավարար պաշար: Խոսքն, ըստ էության, « արագ արձագանքման հասարակության » ստեղծման մասին է. [հարցադրումը բխում է բացառապես ՀՀ ազգային շահերից եւ համապատասխանում է ինչպես ՀՀ, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրներին]. չէ՞ որ Թուրքիան ցուցադրաբար մերժում է ճանաչել Մեծ եղեռնը, ինչն անչափ իջեցնում է ՀՀ անվտանգության ներքին շեմը: Ավելին, անտեսելի չէ, որ «քաղաքական ուժը մեկ անգամ չէ, որ խաթարել է Հայաստանի օրգանական աճը, կտրելով եւ ձեւափոխելով երկրի զարգացման բնակոնան ընթացքը» (Ադոնց Ն., նույն տեղը, էջ 12):

Ուստի, որպեսզի հերթական անգամ «չխաթարվի Հայաստանի օրգանական աճը» եւ հետեւապես ստեղծվի «արագ արձագանքման հասարակություն» մերօրյա Հայաստանում, նրա պատասխանատուները պետք է փորձեն, վեր կանգնելով առօրեական եւ, հետեւապես, անցողիկ շահագրգռություններից, ռազմավարական ընտրություն կատարել պետական կառույցի արմատական վերակառուցման հարցումՙ հօգուտ արդիականության ամենակատարյալ մոդելի, այնպես, ինչպես դա արեցին 1787 թվականին ԱՄՆ-ի «հիմնադիր հայրերը («founding fathers»)ՙ ընդունելով քաղաքական պրակտիկայում երբեւէ մշակված ամենակատարյալ Սահմանադրությունը:

Ակնհայտ է, որ որպես «արագ արձագանքման հասարակության» քաղաքական միջուկ, որպես նրա առանցքը, որ եւ լիովին համապատասխանում է ներկայացված չափորոշիչներին, բխում է ՀՀ «նյութական իրադրության» պահանջներից, ԱՄՆ քաղաքական համակարգի մոդելն է: Ընդսմին, վերջինիս օգտին է խոսում բնական պաշարների սահմանափակ ռեսուրս ունեցող Հայաստանի համար կենսական նշանակության մի գործոն եւս. տվյալ պետական կառույցը ոչ միայն ճկուն էՙ ենթակա արագ «զորաշարժի» համար, այլեւ էժան է (չունի առանձին վարչապետություն):

Հանրահայտ է, որ ԱՄՆ-ի ժողովրդավարության հիմքում ընկած են մարդկանց հավասարությունը, ինքնարտահայտման ազատությունը, անհատի եւ հասարակության ինքնակատարելագործման ընդունակության ճանաչումը: Մեր անկատար պետականության ֆոնին առավել գրավչություն են ստանում ԱՄՆ քաղաքական համակարգի դինամիզմն ու ներդաշնակությունն ապահովող անփոփոխ բնութագրիչները. այստեղ հատուկ տեղ է տրվում քաղաքական զսպումներին ու հակակշիռներին (պետական իշխանության ձեւավորման տարբեր ուղիներ եւ լիազորությունների տարբեր ժամկետներ, իշխանության յուրաքանչյուր ճյուղի լիազորությունների սահմանափակումՙ մյուսների լիազորություններով եւ այլն): Բնորոշ մի փաստ. մինչ լույս կտեսներ Շարլ Լուի Մոնտեսքիոյի «Օրենքների ոգու մասին» դարակազմիկ դասական գործը, Մասաչուսեթսի նահանգի ներկայացուցիչների պալատը կողմ էր արտահայտվել «զսպումների եւ հակակշիռների» սկզբունքին:

Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության համար ԱՄՆ ժողովրդավարության մոդելն ու պետական կառույցը ունեն մի գրավիչ առանձնահատկություն. այնտեղ մեկ մարդու անձի մեջ, որն է նախագահը, միավորվում է միաժամանակ երկրի (ազգի) առաջնորդն ու պետության ղեկավարը: Նախագահը ղեկավարում է պետության արտաքին ու ներքին քաղաքականությունը, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Եվ այս ամենը գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների գործառույթի ներդաշնակ փոխգործունեության համակարգի շրջանակներում:

Կարծում ենք, ասվածը բավական է` մեր մտահղացման իսկությունն ու շահեկանությունն ապացուցված համարելու համար: Քանզի ե՛ւ ամերիկյան ժուղովրդավարության, ե՛ւ քաղաքական համակարգի մոդելի գերազանցությունն ակնհայտ է, գաղտնիք չեն նաեւ նրանց թերությունները, որոնք սկզբունքորեն հաղթահարելի են: Գերխնդիրը այս ոլորտում քաղաքական կամք դրսեւորելու եւ Հայաստանի կենսական շահերը զատորոշելու մեջ է: Ոչինչ ավելին: Ի դեպ, առաջարկվող ընտրության շրջանակներում վերջապես իր արդյունավետությունը կստանա ՀՀ մարզային (վարչական) կառույցը` որպես ինքնակառավարման ապակենտրոնացման արդյունավետ մեխանիզմ (համանմանությամբ ԱՄՆ նահանգային կառուցվածքի):

«Քաղաքականությունը,- գրում է Պրուսիայի միապետ Ֆրիդրիխ 2-րդը,- բոլոր հարմար միջոցներով միշտ սեփական շահերին համապատասխան գործելու արվեստն է: Ուստի պետք է շահերը ճանաչել, եւ այդ ճանաչմանը հասնելու համար հարկավոր են ուսումնասիրություններ, հոգեւոր կուտակում եւ լարված ջանասիրություն»:

Ուրեմն, ճանաչենք մեր սեփական շահերը, կատարենք ուսումնասիրություններ եւ իմաստավորենք 301-ի խորհուրդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4