ԽԱՉԱՏՈՒՐ ԱԴԱՄՅԱՆ, «Խաչակիր» մշակութային ՀԿ
Խափանիր, միշտ հաղթող, հրապույրները խաբողի
Վանիր, վերնային մառախուղը մոլորեցնողի,
Կասեցրու կեցուցիչ ընթացքը կորուսչի,
Ցրիր, ծածկատես, չար հնարքները կապկապողի
Խորտակիր, անքնին,
հարձակումները մարտնչողի.
(Գր.Նարեկացի «Մատյան Ողբերգության» (Բան ԺԲ գ))
ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, սպանությունից տասը օր առաջ Կոլումբիայի համալսարանում ելույթ ունենալով ասել է. «Նախագահական պաշտոնն առայսօր օգտագործվել եւ օգտագործվում է ամերիկյան ժողովրդի նկատմամբ դավադրություն կազմակերպելու նպատակով, եւ մինչ այդ պաշտոնից հեռանալը ես պարտավոր եմ տեղեկացնել քաղաքացիներին իրենց իրական վիճակի մասին», այդպես էլ չհասցնելով որեւէ բան տեղեկացնել կամ բացահայտել: Թողնելով ԱՄՆ սպանված նախագահի կողմից ակնարկված դավադրության մեխանիզմի պարզաբանումն առանձին ուսումնասիրողներին, արձանագրենք միայն, որ աշխարհի գերհզոր եւ ժողովրդավարության օրրաններից համարվող երկրի լեգիտիմ նախագահն այս ելույթով հավաստել է իշխանության վերահսկման աներեւույթ մեխանիզմի առկայությունը: Պարզ է, որ իշխանության իրական կրողները եւ այն ներկայացնող քաղաքական առաջնորդները, որպես կանոն, միեւնույն համակարգի բաղկացուցիչներն են լինում եւ այն բացառիկ դեպքերում, երբ սիմվոլիկ իշխանությունը ներկայացնող առաջնորդը փորձում է ինքնուրույն որոշումներ կայացնել, իրականացվում են «Տեխաս», «Ուոթերգեյթ» կամ էլ «Մոնիկա Լեվինսկի» եւ այլ պայմանական անվանումներով կանխարգելման օպերացիաները: Բոլոր դեպքերում ակնհայտ է դառնում, որ ժողովրդավարական ընտրությունները երբեք եւ ոչ մի երկրում չեն եղել իշխանության ձեւավորման մեխանիզմ: Օրինակ, Միացիալ Նահանգների պարագայում: Դրա լավագույն ապացույցներից է այն հանգամանքը, որ Բիլ Քլինթոնը եւ Ջորջ Բուշը, միեւնույն փակ կառույցների` «Միջազգային հարաբերությունների խորհուրդ» եւ «Եռակողմ հանձնաժողով» անդամ լինելով, հրապարակային քաղաքականության մեջ ներկայանում են որպես միմյանց հակառակորդ կուսակցությունների ներկայացուցիչներ (ի դեպ` Բարաք Օբաման վերը ներկայացված կառույցներից ոչ մեկին էլ չի անդամակցում): Հարկ է նշել սակայն, որ ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտը կոչված է ապահովելու իշխանությունը ձեւավորող աներեւույթ համակարգի եւ հանրության միջեւ հետադարձ կապի արդյունավետությունն այնպես, ինչպես համակարգչում «օպերացիոն համակարգի» եւ օպերատորի փոխհարաբերությունները միջնորդավորվում են ինտերֆեսային ծրագրային փաթեթի միջոցով: Իշխանության ժառանգունակության ապահովման վերը նկարագրված մոդելը, պայմանավորված լինելով մեր ժամանակների քաղաքակրթական ստերեոտիպերով, ըստ էության համապատասխանում է բնական վերարտադրության օբյեկտիվ օրինաչափությանը:
Մարդկության պատմության հոլովույթներում այս օրինաչափությունը դրսեւորվել է տարաբնույթ եղանակներովՙ Եգիպտոսում փարավոնները, երկրի վրա աշխարհիկ իշխանությունը մարմնավորող Աստծո փոխանորդ դառնալուց առաջ, դաստիարակվում եւ իրենց օծումն էին ստանում բուրգերումՙ հոգեւոր իշխանությունը մարմնավորող քրմական կաստայի կողմից: Արքայական դինաստիաների ժամանակաշրջանում արքան գահին էր բազմում հոգեւոր իշխանությունը մարմնավորող պատրիարքի օծումից հետո միայն: Բոլշեւիկյան ժամանակաշրջանում քաղբյուրոյի որոշումները համաձայնեցվում էին կենտկոմի իդեոլոգիայի բաժնի հետ:
Բերված բոլոր օրինակներում կարելի է նշմարել մեկ ընդհանուր օրինաչափություն, որը բնորոշվում է աշխարհիկ իշխանության եւ հոգեւոր-գաղափարական արժեքները կրող հաստատությունների միջեւ գոյություն ունեցող հիերարխիկ կապերով: Ընդ որում, այդ իրողությունը խարսխված է եղել մարդկային փոխհարաբերություններում պետության դերի այն ընկալումների վրա, որոնք ներհատուկ են եղել տվյալ պատմական ժամանակահատվածին, եւ չնայած դրսեւորման մեջ առկա տարբերություններին, հիմնական նպատակը եղել է պետական իշխանության շարունակականության ապահովումը: Բնության մեջ բերված նկարագրությունը օրինաչափված է պտղի եւ կորիզի փոխմիասնության տրամաբանությանը. ռացիոնալ հարթության մեջ կորիզը լինելով պտղի մասը, միեւնույն ժամանակ զուրկ է որեւէ գործածական նշանակությունից, սակայն իռացիոնալ հարթությունում կորիզը օժտված է սերմի հատկանիշով եւ կրելով իր մեջ պտուղն իբրեւ ինֆորմացիա, կոչված է ապահովելու վերջինիս հարատեւությունը տարածության եւ ժամանակի մեջ: Այսինքն, ժողովրդավարական կառուցակարգում ընտրությունների ինստիտուտն օբյեկտիվորեն ապահովում է քաղաքական իշխանության արտաքին` ռացիոնալ դրսեւորումը, ինչը «Կորիզ-Պտուղ» պարադիգմայի շրջանակներում զուրկ է գործածական որեւէ նշանակությունից: Ուրեմն, ինչպես վերը նշվել էր, իրական քաղաքական իշխանության ձեւավորումը կայանում է հոգեւոր բովանդակությունը կրող ինստիտուտի կողմից, որը մնալով աներեւույթ հարթությունում, օժտում է քաղաքական իշխանությանը սրբազան (սակրալ) սկզբունքով, իսկ երեւութական հարթության մեջ ընտրությունների միջոցով ապահովվում է արդեն իսկ ձեւավորված իշխանության արտաքին լեգիտիմությունը, եւ հանրության հետ հետադարձ կապի պահպանման ճանապարհով վերջինիս կենսունակությունը ստանում է շարունակական բնույթ: Իշխանության ձեւավորման ներկայացված երկշերտ համակարգն օբյեկտիվ լինելով հանդերձ, իմաստավորվում է հոգեւոր բովանդակությունը կրող ինստիտուտի հիմքում ընկած արժեքներով, ինչն էթնիկ տեսակի ինքնակազմակերպման պարագայում նույնանում է ազգային արժեքների համակարգի հետ:
Արդ, ճշմարիտ պետության մոդելի շրջանակներում, իշխանությունը, որպես կորիզի անալոգ, պետք է հանդես գա իբրեւ սակրալ (սրբազան) սկզբունք եւ օժտված լինի պտղի զուգահեռը հանդիսացող պետության հարատեւության ապահովման գործառույթով: Դա հնարավոր է իրագործել, եթե առկա են ազգային ապագայի ընդհանրական մտապատկեր, բարոյական քաղաքական ընտրախավ եւ քաղաքական կամք, սա է այն եռամիասնությունը, որի վրա պետք է խարսխված լինի մոտ ապագայում կառուցվելիք ԲԱՐՈՅԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:
Հաշվի առնելով ուրվագծված մոտեցումները եւ այն հանգամանքը, որ Հայաստանը չի կարող մեկուսանալ աշխարհից, անհրաժեշտ է վերը նշված իշխանության ձեւավորման բնական մոդելի տեսանկյունից լուսաբանել գլոբալացման գործընթացների օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բաղադրիչները: Ենթադրաբար, սուբյեկտիվ բաղադրիչի կրողներն ու ջատագովներն են Միացյալ Նահանգներն ու Մոնդիալիստական դաշինքը: Վերջիններս աշխարհաքաղաքական ներուժը մեծացնելու համար զուրկ կամ կտրված լինելով ավանդական մշակույթից, այսինքնՙ էության ինֆորմացիոն արտահայտչամիջոցից, որպես այդպիսին ստիպված են դիտարկելու ազգային ինքնությունը մերժող եւ մարդ կենսաբանական տեսակը գովերգող երեւութական արժեքները: Այս առումով, նրանց կողմից որեւէ գործընթացի, այդ թվում գլոբալացման, բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր միջավայր: Մարդկային հանրության սպառնալիքների տեսանկյունից վերջին ժամանակների մտահոգությունները հանգեցվում են «միջազգային տեռորիզմ» անվանվող միֆին: Իրականում այս կատեգորիան ծառայում է իբրեւ միջոց` տարածության եւ ժամանակի մեջ հզորությունը բաշխելու, Երկիր մոլորակի վրա տեղեկատվական ծավալման ընթացքը ապահովելու համար: Այլ խոսքով, գլոբալացման գործընթացի սպասարկման սուբյեկտիվ եղանակն այսօր գտնվել է «միջազգային տեռորիզմի» դեմ մղվող վիրտուալ պայքարի դաշտը ողջ մոլորակի վրա պրոյեկտելու միջոցին: Այն, որ մարդկությունը ֆիզիկական հարթության մեջ սփռվել է Երկրի վրա անընդհատ տրոհմամբ եւ ոգու հարթության մեջ հարատեւ միավորման ձգտումի զուգակցումով, կրում է օբյեկտիվ բնույթ, սակայն ֆիզիկական հարթությունում ունիֆիկացված եւ ներքին բազմազանությունից զուրկ. մարդկանց թվաբանական գումարից գոյացած հանրության կառուցումը զուտ արհեստական միջամտության արդյունք է եւ գլոբալացման սուբյեկտիվ բաղադրիչը:
Ներկայացված համապատկերի տեսանկյունից ազգային պաշտպանական համակարգի կառուցումը այլընտրանք չունի, հակառակ դեպքում վտանգվում է տեսակի պահպանման տիեզերական սկզբունքը:
Պաշտպանական համակարգի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե որքանով է այն ունակ արձագանքելու սպառնալիքներին: Արձագանքման ունակությունը ենթադրում է ավերիչ ազդեցությունների հանդեպ թե՛ կանխարգելիչ եւ թե՛ օպերատիվ չեզոքացման հնարավորությունների կիրառում: Այսինքն պաշտպանական համակարգի կառուցման գործընթացը մեծապես պայմանավորված է սպառնալիքների ընկալման եւ գիտակցման աստիճանից:
Անվտանգության խնդիրը չի կարող տարածության եւ ժամանակի մեջ անվերջորեն եւ համասեռ կերպով բաշխվել: Չկա անվտանգություն, քանի դեռ չկա այնպիսի մի սահմանագիծ, որն իր մեջ է պահում այն, ինչ իրեն է վերաբերում, իսկ մնացածը դուրս թողնում: Քանի դեռ հայ ոգին չի գծել սահմանն իր եւ արտաքին ազդեցությունների միջեւ, խոսել անվտանգության մասինՙ կնշանակի աբստրահվել եւ ոչինչ չանել: Ուրեմն, այդ սահմանագծից է սկիզբ առնում անվտանգության սահմանումը` քանի որ Դավիթ Անհաղթի խոսքովՙ «սահմանն է բան կարճառոտ»:
Սակայն փիլիսոփայական այս եզրակետին կիրառական բնույթ հաղորդելու համար անհրաժեշտ է բնորոշել ինքնությունը զատող սահմանագիծը, քանի որ արտաքին միջավայրի հետ փոխհարաբերությունները հնարավոր են միայն այդ սահմանագծերի վրա: Հայ տեսակի պատմական ուղու տեսանկյունից այդ սահմանների ենթակառուցվածքը ընդգրկում է երեք բաղադրիչներ` առկա ֆիզիկական սահման, պատմական հիշողությամբ պայմանավորված սահման եւ առաքելությամբ պայմանավորված սահման: Դրանցից յուրաքանչյուրն օժտված լինելով շատ որոշակի ներքին տրամաբանությամբ` պարփակում է իր յուրահատկությամբ պայմանավորված տարածք եւ այդ տարածքում կենսագործունեություն ծավալելու կոնկրետ ուղենիշեր:
Մասնավորապես`
1. Ընդգրկում է առկա ֆիզիկական սահմանով պարփակված Հայաստանի Հանրապետության տարածքը: Այս տարածքի գոյության տեսանկյունից անհրաժեշտ է, մնալով միջազգային իրավունքի ինքնիշխան եւ լիիրավ սուբյեկտ, միջազգային այս կամ այն պայմանագրերն ու նորմերը գնահատվեն ոչ միայն տնտեսական նպատակահարմարության, այլՙ նախ եւ առաջ ազգային ինքնության հարատեւման տեսանկյունից,
2. Ընդգրկում է Հայ տեսակի բնական հայրենիքը, այս տարածքում պահպանելով անդամակցությունը միջազգային կազմակերպություններինՙ Հայաստանը պետք է ձգտի աստիճանաբար ստեղծել նոր հայեցակարգի շրջանակներում գործող միջազգային բնույթի կազմակերպություններ եւ տարածաշրջանային բլոկներ: Այստեղ, հայկական գործոնի առաքելությունը երկակի է. նախՙ հնդեվրոպական նախալեզվի բնօրրանի, որպեսՙ հայի բնական հայրենիք, առկայությունը մեզ պարտավորեցնում է հանդես գալ նախաձեռնողի դիրքերից, աչքի առաջ ունենալով մեր մշակութային ողջ ժառանգությունը: Երկրորդՙ հայկական գաղթօջախների դերն այլ երկրների ազգային-մշակութային կյանքում պարտավորեցնում է մեզ պատասխանատվության մեծ զգացումով լցվել այդ երկրների բարօրության եւ բարգավաճման համար:
3. Ընդգրկում է Երկիր մոլորակի անթրոպոսֆերան, այս տարածքում հարկ է մշակել, եւ կամ գոնեՙ նախաձեռնել (ներգրավելով ողջ միջազգային հանրությանը), «Ճշմարիտ աշխարհակարգի» հայեցակարգը, որը պետք է աստիճանաբար փոխարինի «Նոր աշխարհակարգին»: Առաջին մոտավորությամբ, այս հայեցակարգի հիմնախարիսխը պետք է լինի ներքին մեծ բազմազանությամբ օժտված, ինքնակառավարվող եւ հետեւաբարՙ բազմաբեւեռ աշխարհի մոդելը: Որպես միջոց, մեր կարծիքով, այս դեպքում «Մարդու իրավունքների» սկզբունքներին պետք է փոխարինելու գան, հոգեւոր արժեքներին աղերսված, «համամարդկային բարոյականության» սկզբունքները,
Մեր կարծիքով, պատմական ժամանակաշրջանի այն հատվածներում, երբ հայ տեսակն իր անվտանգության համակարգը կառուցել է միայն առաջին (կոմունիստական ժամանակահատված եւ մերօրյա ժամանակաշրջան) կամ միայն երկրորդ (առաջին հանրապետություն, ծովից ծով Հայաստան) սահմանները բնութագրող եզրագծերի վրա, միշտ վեր է ածվել պատմության սուբյեկտից` պատմության օբյեկտի եւ արժանացել է դրանից բխող իրավիճակային ճակատագրի: Արդ, իրականում անվտանգության համակարգը պետք է խարսխված լինի երրորդ սահմանագծի վրա եւ տրամաբանորեն դիֆերենցվելով` հասնի մինչեւ առաջին եզրագիծ: