Ծննդյան 100-ամյակի առիթով
ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորհրդային եւ հայրենական պատմագիտական միջօրեականներում խոր հետք թողած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աբգար Ռուբենի Հովհաննիսյանի (1908-1991) անունը քաջ հայտնի է մեր հանրապետությունից դուրս: Ավելի քան կես դար նա խորհրդային պատմագրության անդաստանը հարստացրել է XVIII-XIX դդ. ֆրանսիական հասարակական մտքի եւ XVIII դ. հայ ժողովրդի ազատագրական շարժումների պատմության առանցքային հիմնահարցերին նվիրված մեծարժեք աշխատություններով: Չափազանցրած չենք լինի, եթե հավաստենք, որ հայ ժողովրդի նոր դարի պատմության ուսումնասիրության ասպարեզում նա ոչ միայն Լեոյի, ակադեմիկոսներ Աշոտ Հովհաննիսյանի եւ Մկրտիչ Ներսիսյանի հետ մեկտեղ XX դարի հայրենական պատմագրության չորս գագաթներից էր, այլեւ միաժամանակ խորհրդային պատմագրության սյուներից:
Ա. Հովհաննիսյանը ծնվել է 1908-ի մայիսի 30-ին Թիֆլիսում, իրավաբանի ընտանիքում: Նրա պապը` Աբգար Հարությունի Հովհաննիսյանը (1849-1904) եղել է անվանի հրապարակախոս, լրագրող եւ հասարակական գործիչ, գլխավորել ազգային-պահպանողական հոսանքը XIX դ. վերջին քառոդում:
Ա. Հովհաննիսյանի` իբրեւ պատմաբանի կայացումը համընկել է ԽՍՀՄ-ում մարքսիստական պատմական գիտության ձեւավորման բարդ ժամանակաշրջանին: Դեռեւս 1920-ական թվականների վերջին իբրեւ գիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտ նա ընտրել է ֆրանսիական ուտոպիական կոմունիզմի պատմությունը, ինչը միանգամայն համահունչ էր մարքսիստ պատմաբաններին ներկայացվող` ժամանակի պահանջներին: 1930-ական թվականներին Ա. Հովհաննիսյանի մուտքը պատմական գիտության ասպարեզ նշանավորող առաջին գիտական աշխատությունները, որոնք դարձել են նրա ատենախոսությունների (համապատասխանաբար` 1935-ին ԽՍՀՄ ԳԱ-ում եւ 1938-ին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանված) հենքը, նվիրված են եղել XVIII-XIX դդ. ֆրանսիացի նշանավոր ուտոպիստ կոմունիստներ Ռետիֆ դը լա Բրետոնի եւ Շառլ Ֆուրիեի հայացքների քննական վերլուծությանը: Դրանք հիմնվում էին բացառապես տպագիր սկզբնաղբյուրների ուսումնասիրության վրա:
Փոխարենը, 1940-50-ական թվականներին, Ա. Հովհաննիսյանի` XVIII դ. հայ ժողովրդի ազատագրական շարժումների եւ XIX դ. սկզբին Անդրկովկասում եվրոպական մեծ տերությունների արեւելյան քաղաքականության պատմությանը նվիրված գրքերը խարսխվում էին խորհրդային արխիվներում պահվող վավերագրերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա: Նա առաջինն է արժեւորել Հովսեփ Էմինի գործունեությունը եւ Ռուսաստանի` 1780-ական թվականներին հայկական ազատագրական շարժման հանդեպ ունեցած դիրքորոշումը: Ինչ վերաբերում է XIX դ. սկզբին եվրոպական պետությունների արեւելյան քաղաքականության պատմության ուսումնասիրությանը, ապա նրա` նապոլեոնյան դիվանագիտության հակառուսական քաղաքականությանը տված գնահատականները տրամագծորեն զանազանվում են ֆրանսիացի նապոլեոնագետների մեկնաբանություններից:
Ա. Հովհաննիսյանի պատմագիտական տաղանդն, այդուհանդերձ, ամբողջ խորությամբ դրսեւորվել է 1960-80-ական թվականներին, երբ նրան հնարավորություն է ընձեռվել պարբերաբար աշխատելու ֆրանսիական արխիվներում եւ գրադարաններում: Արդյունքում, նա գրել է XVIII դ. վերջի եւ XIX դ. առաջին կեսի ֆրանսիական ուտոպիական կոմունիզմի պատմությանը նվիրված մեծարժեք աշխատությունների մի ամբողջ շարք (հինգ մենագրություն): Այս ասպարեզում նրա հիմնական ներդրումը հանգում էր Ֆրանսիայում ուտոպիական գաղափարախոսության առանձնահատկությունների բացահայտմանն ու տարածման ուղիների հստակեցմանը: Ա. Հովհաննիսյանը պատմաբանների սեփականությունն է դարձրել մինչ այդ անհայտ` XVIII-XIX դդ. Ֆրանսիայում ուտոպիական կոմունիստական գաղափարախոսության մեծ թվով հետեւորդների, որոնց անունները մատնված են եղել կամ կատարյալ մոռացության, կամ հայտնի են եղել միայն թեականորեն:
Այս առումով առավել ցցուն օրինակը նրա լավագույն` «Կոմունիստական գաղափարները Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» (Մոսկվա, 1966, թարգմանվել է ֆրանսերենի` Մոսկվա, 1984) մենագրությունն է, որը պատմաբանների սեփականությունն է դարձնում մինչ այդ անհայտ գործիչների մի ամբողջ համաստեղություն: Ֆրանսիական հասարակական մտքի պատմության խոշորագույն մասնագետներից Վիկտոր Դալինն այն իրավամբ բնորոշել է իբրեւ «գյուտերի եւ հայտնագործությունների մի ամբողջ շղթա»:
Հաջորդ աշխատություններում Ա. Հովհաննիսյանն առաջին անգամ բացահայտել է կոմունիստական գաղափարախոսության հարատեւությունը Ֆրանսիայում նապոլեոնյան ամբողջատիրական վարչակարգի օրոք: Պատմագիտության մեջ կիրառելով նոր մոտեցում, նա նաեւ առաջինն է XIX դ. 40-ական թվականների ուտոպիական կոմունիստական գաղափարների զարգացումը Ֆրանսիայում շաղկապել հեղափոխական բանվորական շարժումների պատմությանը, ինչը նրա վերջին մենագրությունների յուրահատկությունն է:
Ա. Հովհաննիսյանի գիտական գործունեությանը բնորոշ հիմնական առանձնահատկություններից է պատմագիտական դեռեւս չհետազոտված կամ խիստ նվազ հետազոտված թեմաների ուսումնասիրությունը: Նրա սակավաթիվ նախորդներն ուտոպիական գաղափարների պատմությանն անդրադարձել են խիստ սահմանափակ կտրվածքով, իսկ ինչն ավելի կարեւոր է` առանց արխիվային փաստաթղթղերի ուսումնասիրության: Ըստ այդմ` ֆրանսիական ուտոպիական գաղափարախոսության պատմության տարբեր հիմնախնդիրներին նվիրված նրա աշխատությունները հարկ է անվարանորեն համարել նորարարական:
Պատմագիտության այս ասպարեզում Ա. Հովհաննիսյանի ուսումնասիրությունները բարձր են գնահատել թե՛ խորհրդային եւ թե՛ արտասահմանյան պատմաբանները պատմագիտական տարբեր հեղինակավոր պարբերականներում տպագրած գրախոսություններում եւ ֆրանսիական հասարակական մտքի պատմության ուսումնասիրությանը նվիրված աշխատություններում: Պատմաբանի «Կոմունիստական գաղափարները Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» մենագրությունը 1974-ին արժանացել է նրա ուսուցչի` ակադեմիկոս Վոլգինի անվան` ԽՍՀՄ ԳԱ սահմանած հեղինակավոր մրցանակի:
Լինելով գիտության մեծ կազմակերպիչ, Ա. Հովհաննիսյանը շուրջ չորս տասնամյակ (1949-1986) ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքում զբաղեցրել է բարձր ղեկավար պաշտոններ (փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի, խմբագրական-հրատարակչական խորհրդի նախագահի): Նրա ջանքերի շնորհիվ սերտ կապեր հաստատվեցին Հայաստանի եւ Հունգարիայի գիտությունների ակադեմիաների միջեւ, ինչի արդյունքում 1983-ին երկու երկրների պատմաբանների մասնակցությամբ հրատարակվեց հոդվածների արժեքավոր ժողովածու` նվիրված հայ-հունգարական առնչությունների պատմությանը: Նա մեծ ներդրում ունի 1950-ական թվականներին հայ ժողովրդի պատմության դասագրքերի պատրաստման գործում (հանդես է եկել իբրեւ խմբագիր եւ հեղինակ, գլխավորել է «Գրական հուշարձաններ» մատենաշարի խմբագրական հանձնախումբը, ընդգրկվել ԽՍՀՄ ԳԱ հրատարակած «Համաշխարհային պատմություն» բազմահատորյակի խմբագրական հանձնախմբի կազմում (հ. 6, Մոսկվա, 1959):
Աբգար Հովհաննիսյանի` իբրեւ պատմաբանի հակիրճ, սակայն, ընդգրկուն գնահատականը 1975-ին անձնական զրույցում տվեց ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին. «Աբգար Ռուբենովիչը խորհրդային ակադեմիայի զարդն է»: Նրա գրքերը անմար են պահում նրա անունը պատմագիտության ծառուղիներում: