ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում սեփականատեր է 60 առեւտրաժամանցային կենտրոններիՙ 1 մլն քառակուսի մետր ընդհանուր տարածքով, որոնց 2008-ին կավելանա եւս 30-ը: Բայց սեփականատեր է ոչ միայն դրանց...
Նրա բիզնեսը Կարապետյանների ընտանեկան բիզնեսի մի զգալի բաժինն է կազմում:
Եթե ընդհանուր գծերով բնութագրելու լինենք Ս. Կարապետյանի բիզնեսի հաջողության գաղտնիքը, ապա կարող ենք փաստել, որ դա հանճարեղության աստիճանի պարզությունն էՙ Ռուսաստանի տնտեսության հարաճուն զարգացումը, վիթխարի շուկայի առկայությունը, բնակչության կենսամակարդակի բարձրացումն ըմբռնելու եւ հաշվենկատ ու ճշգրիտ գործելու կարողությունը: Գումարածՙ անձնական հատկանիշներ եւ տնտեսավարման ինքնատիպ մեխանիզմՙ նոու-հաու:
Ս. Կարապետյանը ծնվել է 1965-ին, Կալինինո (ներկայիս Տաշիր) քաղաքում, մանկավարժի ընտանիքում. հայրը դպրոցի տնօրեն էր, մայրըՙ անգլերենի ուսուցչուհի: 1986-ին ավարտեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը, վերադարձավ ծննդավայր եւ աշխատանքի անցավ տեղի արծնապատ ամանեղենի գործարանում որպես տեխնոլոգ, իսկ մի քանի տարի անց նշանակվեց տնօրեն: 1989-ին Կալինինոյում հիմնեց ավտոմեքենաների ռետինատեխնիկական իրերի կոոպերատիվ, քիչ հետոՙ կարի արտադրություն. դա սահմանափակ մասնավոր ձեռնարկատիրական գործունեության առաջին փորձն էր, որը կանխորոշեց նրա հետագա կենսուղին:
1990-ականների սկզբին Ս. Կարապետյանը հազարավորների թվում արտագաղթեց Ռուսաստան, սկզբում բարեհաջող կերպով բիզնեսով զբաղվեց Մոսկվայում, բայց մի քանի տարի անց ընտանիքով, բիզնեսով, համախոհների հետ անսպասելիորեն տեղափոխվեց համեստ Կալուգա: Այդ քայլը նա այսպես է բացատրում. «Բիզնեսի էությունը կապ չունի այն բանի հետ, թե որտեղ ես ապրում կամ որտեղ է քո գլխադասային գրասենյակը: Պատճառն այն էր, որ Կալուգայում արդեն բնակություն էին հաստատել եւ աշխատում էին հարազատներս ու ընկերներս: Պարզապես որոշեցի այդտեղ ապրել, իսկ Մոսկվայումՙ աշխատել, ընտրեցի կյանքի կազմակերպման, այսպես ասած, «ամառանոցային» տարբերակ: Այդուհանդերձ, սկսեցինք ներդրումներ կատարել նաեւ Կալուգայում, զբաղվում էինք մանրածախ, ապաՙ մեծածախ առեւտրով: Որոշ ժամանակ անց ընդհուպ մոտեցանք «Կալուգագլավսնաբին»:
Եվ դա վճռորոշ նշանակություն ունեցավ: Կենսափորձ ունեցող մարդիկ, անշուշտ, կհիշեն, թե խորհրդային տնտեսությունում ինչպիսի առանցքային դերակատարություն ունեին մատակարար կազմակերպությունները. պլանային, կենտրոնացված սոցիալիստական համակարգում դրանք այն մարմիններն էին, որոնք ստանում էին նյութական պաշարներ եւ բաշխում զանազան հիմնարկների ու ձեռնարկությունների: «Կալուգագլավսնաբը» Կալուգայի մարզի գլխավոր մատակարարն էր, որն ստեղծվել էր 1965թ., սպասարկել էր շուրջ 450 տեղական կազմակերպությունների եւ կապեր ունեցել ավելի քան 1000 մատակարարների հետՙ երկրի ներսում եւ արտասահմանում: ԽՍՀՄ փլուզումից հետո այն, բնականաբար, կորցրել էր իր նշանակությունը, բայց պահպանվել էին նյութատեխնիկական հենքը եւ կապերը: 1992թ. սեփականաշնորհված այս կազմակերպության վերահսկիչ փաթեթն էլ հենց 1997-ին ձեռք բերեց Ս. Կարապետյանը: «Կալուգագլավսնաբը» դարձավ այն թթխմորը, որից ձեւավորվեց զարմանքի ու հարգանքի արժանի բիզնես-կայսրությունը:
«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնվեց 1999-ին: Այսօր նրա կազմի մեջ մտնում են շինարարական, արտադրական, էներգետիկական, գազարդյունաբերական ձեռնարկություններ, մատակարարող կազմակերպություններ, առեւտրական կենտրոնների, հյուրանոցների, ռեստորանների, առողջարանների ցանց եւ այլն, ընդհանուր առմամբ ավելի քան 300 միավոր, որոնցում աշխատում է շուրջ 30 հազար հոգի: Իսկ միլիոնավոր մարդկանց քաջածանոթ են «Տաշիրի» առեւտրային ապրանքանիշներըՙ «Նաշ դոմ», «Ռիո», «Սինեմա-սթար», «Կասկադ», «Ալկոտեկ», «SK-Realty», «Տաշիր-պիցա» եւ այլք:
Այժմ փորձենք ընդհանուր գծերով ներկայացնել Ս. Կարապետյանի տնտեսվարման, գործելաոճի առանձնահատկությունները: Առաջինը շահութաբերությունը տեսնելու եւ կանխատեսելու ունակությունն է: Զորօրինակ, բնակչության կենսամակարդակը բարձրանում է, փողի զանգվածնՙ ավելանում, հետեւաբար մարդիկ գնումներ պետք է կատարեն, եւ Ս. Կարապետյանը կառուցում է առեւտրաժամանցային կենտրոններ, որոնց տարածքները թե ինքն է տնօրինում, թե վարձով տրամադրում ցանկացողներին: Ընդ որում, նախագծումը, շինարարությունը, ֆինանսավորումը եւ, բնականաբար, հետագա շահագործումը կատարում է բացառապես «Տաշիրը»: Այսպես, 2007թ. Մոսկվայում, Կալուգայում ու Լիպեցկում Ս. Կարապետյանը կառուցեց երեք «Սիթի-պարկ» սպասարկումների համալիրՙ ներդնելով 750 մլն դոլար: «Տաշիրի» նախագահը սկզբունքորեն չի համագործակցում որեւէ կազմակերպության, հետեւաբար եւՙ բանկերի հետ: Այդ դեպքումՙ փողը որտեղի՞ց: Արդեն ասացինք, որ նա ունի ավելի քան 300 շահութաբեր ձեռնարկություն, որոնց ֆինանսական հատույցը կենտրոնացնում է սեփական «Ֆորա-բանկում» եւ տնօրինում ըստ հայեցողության: Այս գործելաոճը նրան թույլ է տալիս լինել հնարավորինս անկախ (միակ խնդիրը հողատարածք տրամադրող տեղական իշխանություններն են, որոնց հետ հրաշալի հարաբերություններ է պահպանում), գրեթե զերծ մնալ մրցակցությունից եւ «կլանվելու» վտանգից: Արդյու՞նքը. 2007 թ. «Forbes» ամսագիրը հրապարակեց առեւտրային անշարժ գույքի սեփականատերերի վարկանիշային աղյուսակը, որտեղ 67 մլն դոլար եկամտաբերությամբ «Տաշիրը» զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:
Ինչպե՞ս է Ս. Կարապետյանը կառավարում իր կայսրությունը: «Տաշիրի» նախագահի կենսական հավատամքներից մեկը առատաձեռնությունն է: Նա անձամբ հաշվապահությամբ չի զբաղվում, խորհրդակցություններ ու ժողովներ չի հրավիրում, ամեն ինչ որոշում է հընթացս, ոտքի վրա, բայց բազմահազար աշխատակիցներին վարձատրում է շռայլորեն: Նախ, շարքային աշխատողը նրա մոտ ստանում է կրկնակի ավելի: Երկրորդ, ձեռնարկությունների ղեկավարներին, շահագրգռելու եւ գործի հանդեպ սրտացավ վերաբերելու նպատակով, դարձնում է... փայատեր, վճարում է շահութատոկոս: Սակայն այս մեխանիզմը գործում է լոկ այն ժամանակ, երբ նախքան աշխատանքի ընդունվելը ցանկացած ոքՙ խառատ, թե բարձրակարգ մենեջեր, ստուգում կանցնի Ս.Կարապետյանի տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական անվտանգության ծառայության կողմից: Եթե մարդն աշխատասեր է, օրինավորՙ նրա առջեւ բացվում են ինքնադրսեւորման բոլոր դռները:
Ահա սրանք են այն գումարելիները, որոնց համադրումը «Տաշիր» ընկերությունների խմբին ապահովում է կայուն, դինամիկ զարգացում:
Սակայն մեր հրապարակումը թերի կլիներ, եթե ի ցույց չդնեինք Ս. Կարապետյանի գործունեության «հայկական հետքը»:
«Forbes»-ը գրել է. «Սփյուռքի էներգիան: Ոչ «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը, ոչ նրա աշխատակիցները չեն թաքցնում, որ այդ ընկերության հաջողության կարեւորագույն գրավականներից մեկը սերտ կապերն են հայկական համայնքի հետ Ռուսաստանով մեկ: Ազգակիցների հետ շփումների շնորհիվ Կարապետյանը ձեռք է բերել տարաբնույթ ակտիվներՙ Մոսկվայի կենտրոնի հողատարածքներից ու Սեւ ծովի ափին գտնվող առողջարանիցՙ մինչեւ «Գազպրոմի» հանքավայրերին սարքավորումների ու լրապարագաների մատակարարման պայմանագրերը: Եթե այս ամենը ճիշտ է (իսկ հեղինակավոր ամսագրին չհավատալ չի կարելի), ապա հարկ է փաստել նաեւ, որ Ս. Կարապետյանն ինքն էլ է էներգիա հաղորդում Ռուսաստանի հայ համայնքին եւ առատաձեռնորեն վարձահատույց լինում:
Վերեւում արդեն ասացինք, որ տնտեսավարման նրա հիմնական սկզբունքը ինքնաբավությունն է, այլոց հետ չհամագործակցելը: Բայց բացառություններ անում է, երբ խնդիրը վերաբերում է ազգակիցներին: Երբ 2005-ին մոսկովյան իշխանությունները որոշում կայացրեցին մետրոյի «Բոլշայա Տուլսկայա» կայարանի մոտ կառուցել «Երեւան պլազա» առեւտրաժամանցային կենտրոնը, հողատարածքի սեփականատերն էր «Ստինկոմ գրուպ» ընկերության նախագահ Գենադի Ստեփանյանը: Ս. Կարապետյանը վերջինիս դարձրեց գործընկեր եւ առեւտրային կենտրոնի համասեփականատեր:
2006-ից «Տաշիրի» «Ռիո» հայտանիշի առեւտրաժամանցային կենտրոններում կինոդահլիճներ է բացում Գեւորգ Ներսիսյանի «Պարադիզ» ընկերությունը:
2007-ին մոսկովյան «Gazoil plaza» եւ «Napmen club» բիզնես-կենտրոններին հեռախոսային եւ ինտերնետային կապով ապահովելու համար ռազմավարական դաշնակից ընտրեց «Կենտրոնական հեռագրատուն» ընկերությանը, որի գլխավոր տնօրենի առեւտրային գծով տեղակալն էր Տիգրան Պողոսյանը:
Բուն «Տաշիրում» բազմաթիվ հայեր ղեկավարում են գործունեության զանազան ուղղություններ:
Կալուգայի մարզում բնակվում է շուրջ 25 հազար հայ, եւ Ս. Կարապետյանն աջակցում է գրեթե բոլորին: Նրա շնորհիվ Կալուգայում կառուցվել է հայկական եկեղեցի, գործում է կիրակնօրյա դպրոց, հրատարակվում են թերթ եւ ամսագիր: Մարզի Օբնինսկ քաղաքում բացվել են «Հայ տուն» մշակութային կենտրոն եւ կիրակնօրյա դպրոց:
2006-ին Ս. Կարապետյանն էական մասնակցություն ունեցավ Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացման գործում:
«Տաշիրն» ունի համանուն բարեգործական հիմնադրամ (նախագահՙ Վասպուրակ Պողոսյան), որն ամեն տարի զգալի օժանդակություն է ցուցաբերում հայ եւ ռուս երեխաներին, ուսուցիչներին, բոլոր կարիքավորներին:
Ի վերջո, երեք երեխաների հայր, տնտեսագիտության դոկտոր, ավելի քան 30 գիտական աշխատությունների հեղինակ Ս. Կարապետյանը սիրում է հանգիստն անցկացնել իր հարազատ Տաշիրում:
Ռուսաստանում գիտեն եւ կարողանում են մարդու աշխատանքն ըստ արժանվույն գնահատել: 2001թ. Ս. Կարապետյանն արժանացավ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ձեռնարկատեր» ազգային մրցանակի, նույն թվականինՙ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ, Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ II-ը նրան պարգեւատրեց Ոսկե մեդալով եւ Սուրբ Բարեպաշտ Մոսկովյան Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշանով: 2003-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը նրան պարգեւատրեց իր անվանական ժամացույցով, իսկ 2005-ին արժանացավ «Ռուսաստանյան Ազգային Օլիմպ» համառուսաստանյան գլխավոր մրցանակիՙ «Պատվո եւ անձնվիրության համար» շքանշանի ու «Ոսկե Օլիմպ» կրծքանշանի:
Երախտագիտության արժանի այս մարդու թե կյանքը, թե գործը ընդօրինակման հրաշալի նմուշ են յուրաքանչյուր հայ դրամատիրոջ համար: