ԱՐՄԵՆ ԳԱԼՈՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
ԱՄՆ-ի LifeTime Pharmaceuticals, Inc. կազմակերպության մասնագետների կարծիքով /տես ստորեւ/, մեր կողմից հայտնաբերած ուղեղի պրոլինով հարուստ պոլիպեպտիդները /ՊՀՊ/ շուկայում արդյունավետ կմրցակցեն գրանուլոցիտ կոլոնի խթանող գործոնի /G-CSF/ տիպի դեղերի հետ, որոնք լայնորեն օգտագործվում են քաղցկեղի բջիջների աճի ճնշման համար, ինչպես նաեւ օգտագործվող քիմիոթերապիայի պատճառով առաջացած նեյտրոպենիայի (արյան բջիջների անկման) դեմ: Ներկայումս այդ դեղամիջոցները տարբեր անվան տակ վաճառվում են տարեկան 4 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով: Սակայն այդ տիպի դեղանյութերը հակացուցված են քաղցկեղի բուժման ժամանակ (լիմֆոմա, միելոմա, լեյկեմիա), քանի որ դրանք կարող են զարգացնել նոր ուռուցքներ:
Ի տարբերություն այդ տիպի դեղանյութերիՙ ՊՀՊ-ները խիստ նվազեցնում են արյունաստեղծ ուռուցքային բջիջների աճը: Ինչպես նշում է ԱՄՆ-ի LifeTime Pharmaceuticals, Inc. կազմակերպության ներկայացուցիչ պրոֆ. Ֆ.Տաուբը` «Սա կարող է հանդիսանալ ՊՀՊ-ների հսկայական մրցակցական շահավետ գործոն, վերջիններս ոչ միայն նպաստում են համակարգի վերականգմանը քիմիոթերապիայից, այլեւ սպանում են քաղցկեղի բջիջները առանց թունավորման երեւույթների»:
ՊՀՊ-ները ոսկրածուծի չդիֆերենցված արյունաստեղծ բջիջների խթանիչներ են: ՀՀ տարեկան բյուջեն եւ ուղեղի նոր նեյրոհորմոնների վաճառքի (կիրառման դեպքում) արժեքը կարող է գտնվել 1:2 հարաբերակցության տիրույթում: ՀՀ կառավարությանն է ներկայացվում մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի ծրագիր:
ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում (25.04.2008թ.) քննարկվեցին եւ իմի բերվեցին ակադեմիայի բաժանմունքների ներկայացրած արդյունքները, Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցումները եւ պահանջները:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը հստակորեն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում կատարվող հետազոտությունների արդյունքում ստացված հաջողությունների, թերությունների եւ պահանջների ողջ սպեկտորը, շեշտելով գիտնականների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունը եւ այլն:
ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովին մասնակցեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը եւ նորընտիր վարչապետ Տ.Սարգսյանը : ՀՀ նախագահը ամփոփեց եւ ընդհանրացրեց առաջադրված հիմնահարցերը` շարադրեց կառավարության մոտեցումները գիտության զարգացման համար, խոսեց բացթողումների մասին, պահանջեց ներկայացնել կառավարությանը գիտական այն ուղղությունները, որոնք ունեն միջազգային ճանաչում: Նա ներկայացրեց 2009թ. պետական բյուջեում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները, ելնելով գիտնականների սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակից: Նախագահը պահանջեց ներկայացնել միջազգային ճանաչում ստացած եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակաություն ունեցող աշխատանքներըՙ կառավարության հատուկ քննարկմանը արժանացնելու համար, որը Էապես տարբերվում է վերջին 15 տարիների ընթացքում գիտության եւ գիտության մարդկանց նկատմամբ ցուցաբերած անտարբերությունից եւ ակադեմիան կազմալուծելու որոշ փորձերից: Հայաստանը եղել է եւ պետք է մնա որպես գիտության երկիր` գիտության ու մշակույթի միջոցով է աշխարհը ճանաչել մեր երկիրը: Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության օգնությամբ աստիճանաբար կվերածնվի ճանաչում ստացած գիտական դպրոցների ակտիվ գործունեությունը` տաղանդավոր եւ հայրենասեր երիտասարդության միջոցով գիտական ուղղությունների հիմնադիրների ամենօրյա ղեկավարության ներքո:
Արձագանքելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի ելույթին եւ հարցադրմանըՙ ցույց տալու կառավարությանը գիտական եւ գիտագործնական հաջողությունները, ես համարեցի, որ Ճիշտ ժամանակին է ներկայացնել մեր հիմնարար հետազոտությունների արդյունքները, որոնք մեր կարծիքով ունեն գիտական եւ հանրապետության համար խոշոր ռազմավարական նշանակություն:
Հայտնի է, որ գյուղատնտեսական կենդանիների մի շարք հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններ` սիբիրախտը, տուբերկուլյոզը, բրուցելյոզը, արյունահոսային սեպտիցեմիան, գանգրենային էնֆիզեմատոզը, որպես սոցիալ-տնտեսական վիճակի ու ռազմավարական ծրագրերի վրա ազդող գործոններ, հրատապ լուծման կարիք ունեն: Նշված ինֆեկցիաների դեմ պայքարի ռազմավարությունը պայմանավորվում է դրանց հարուցիչներից հողի առողջացմամբ, կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ եւ մարդկանց պաշտպանմամբ կենդանական ծագման մթերքի եւ հումքի միջոցով վարակվելուց:
Ի՞նչ նոր սկզբունքներով եւ նյութերով կարելի է բուժել եւ կանխարգելել դարի այս ծանր հիվանդությունները: Այս հարցում անսպասելի օգնության է գալիս ուղեղը... Զարմանալի է, բայց դա իրականություն է: Հայտնի են երկար տարիների մեր գիտական հետազոտությունների արդյունքները ուղեղի կենսաքիմիական հետազոտությունների մասին: Դեռեւս շատ տարիներ առաջ մեզ հաջողվեց պարզել, որ ուղեղի հիպոթալամուսի նեյրոսեկրետոր բջիջներում սինթեզվում են մի մեծ խումբ նեյրոհորմոններ, իմունոմոդուլյատորներ, որոնք սպիտակուցային բնույթի են:
Հետագայում մեզ հաջողվեց ուղեղի այդ հատվածից ոչ միայն անջատել բազմաթիվ իմունամոդուլյատորներ, այլեւ լրիվ պարզաբանել դրանց քիմիական կառուցվածքները: Պարզվեց, որ ուղեղը համարվում է իմունային օրգան: Ավելին, ուղեղի ներզատիչ նեյրոէնդոկրին բջիջները համարվում են ուղեղի իմունային համակարգի կենտրոնը: Վերջին 15 տարիների ընթացքում մեզ հաջողվեց անջատել մի խումբ այսպես կոչված պրոլինով հարուստ պոլիպեպտիդներ, որոնք համարվում են օրգանիզմի իմունային համակարգի կարգավորիչներ եւ հատկապես արյունաստեղծ իմունային օրգան-ոսկրածուծի արյունաստեղծման գործոններ:
Այսպիսով, ուղեղը ոչ միայն մտածողության օրգան է, այլեւ բազմաթիվ կենսաբանական ակտիվ դեղամիջոցների հզոր շտեմարան, որոնց ճանաչումը, դրանց քիմիական կառուցվածքների հայտնաբերումը եւ սինթեզը ստեղծում է հնարավորություններ հեմատոպոեզի, արյան ուռուցքային բջիջների, ինչպես նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար: Բավական է նշել, որ ուղեղի հորմոնների հայտնաբերման դժվար գործով զբաղվել են աշխարհում հիմնականում 3 լաբորատորիաներ (երկուսը ԱՄՆ-ում եւ մեկը մեզ մոտ):
Շատ դժվար է ուղեղի նոր հորմոնների հայտնաբերման գործընթացը: Խնդիրը կայանում է նրանում, որ նախ եւ առաջ պետք է որոշել, թե ինչ է փնտրվում եւ ինչ մեթոդներով այն կարելի է հայտնաբերել եւ այնուհետեւՙ անջատել:
Այդ հորմոնների ստանալը բարդ է նաեւ այն առումով, որ դրանց քանակը ուղեղում չափազանց քիչ է: Օրինակ, ուղեղի հորմոններից մեկի` այսպես կոչված լիբերիների 1մգ անջատման համար անհրաժեշտ է 30-50 հազար խոշոր եղջերավոր անասունի ուղեղ: Ահա այս ճանապարհով վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի նեյրոհորմոնների բաժնում անջատվել են խոշոր եղջերավոր անասունների ուղեղից պոլիպեպտիդային բնույթի նոր հորմոնների եւ իմունախթանիչների մի խումբ, որոնք ունեն հզոր ազդեցություն ոսկրածուծի արյունաստեղծ գործունեության վրա:
Անջատած նյութերը ոչ միայն կանոնավորում են ոսկրածուծի արյունաստեղծ գործունեությունը (որը մեծ հեռանկարներ է բացում արյան հիվանդությունների, հատկապես լեյկոզների բուժման գործընթացում), այլեւ ունեն հզոր հակաբակտերիալ ազդեցություն բազմաթիվ ինֆեկցիաների դեմ: Պրոլինով հարուստ պոլիպեպտիդները (ՊՀՊ-ները) օժտված են հզոր հակաբակտերիալ հատկությամբ օրգանիզմում (in vivo պայմաններում) եւ պայքարում են հետեւյալ բակտերիաների դեմՙ Salmonella typhimurium, Salmonella typhi, Salmonella cholerae suis, Shigella flexneri, Shigella sonnei, Pseudomonas aeruginose, Staphilacoccus aureus, Streptococcus pneumoniae, Escherichia coli եւ այլն: ՊՀՊ-ների ոչ սպեցիֆիկ հատկություննրը թույլ էին տալիս մտածելու, որ այս նյութերը գործում են ընդհանուր մեխանիզմով (ոսկրածուծի նոր բջիջների խթանմամբ եւ առաջացմամբ) եւ կարող են պայքարել նաեւ հատուկ վտանգավոր ինֆեկցիաների դեմ, ուստի հարց առաջացավՙ ստուգել մեր կողմից հայտնաբերած (ՊՀՊ-ների) ազդեցությունը սիբիրախտով վարակված կենդանիների վրա: Դեռեւս 1881թ Լյուիս Պաստերը, միկրոբիոլոգիայի հիմնադիրը, Եվրոպայում բռնկված սիբիրախտի էպիդեմիայի կանխման եւ բուժման համար ստեղծեց պատվաստանյութ (վակցինա), որը խոշոր նշանակություն ունեցավ սիբիրախտի կանխարգելման համար: Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, վակցինան դեռեւս բավարար չէր պայքարելու սիբիրյան խոցի թոքային, մաշկային եւ աղեստամոքսային ձեւերի բուժման եւ կանխարգելման համար: Այդ պատճառով վակցինաներին զուգահեռՙ օգտագործվում են բազմաթիվ թանկարժեք հակաբիոտիկներ, երբեմն 6-12 ամիս տեւողությամբ: Սակայն սիբիրյան խոցի բացիլները հակաբիոտիկների երկարատեւ օգտագործման ժամանակ նպաստում են լակտամազա ֆերմենտի առաջացմանը, որը շարքից հանում է լակտամ պարունակող հակաբիոտիկներին, որոնց թվին է պատկանում նաեւ պենիցիլինը, եւ չեզոքացնում է հակաբիոտիկների ակտիվությունը: Այդպես առաջ եկավ մեր աշխատանքների մի նոր ուղղությունՙ պայքար սիբիրախտի եւ այլ հատուկ վտանգավոր ինֆեկցիաների դեմ ուղեղի նեյրոսեկրետոր բջիջներում սինթեզվող ցիտոկինների, նեյրոհորմոնների միջոցով: ՀՀ Ագրարային համալսարանի համաճարակային ամբիոնի վարիչ պրոֆ. Ս.Լ. Գրիգորյանի եւ իմ աշխատակից Խ.Բադալյանի հետ միասին, 4-5 տարվա ընթացքում, սիբիրյան խոցով տառապող կենդանիների վրա կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ուղեղի հորմոնները ունեն ինչպես բուժիչ, այնպես էլ կանխարգելիչ հատկություն: Այս աշխատանքների արդյունքները արտոնագրվեցին Հայասատանի Հանրապետությունում: Արտոնագրի գործելու տեւողությունը 1 տարի է: Ֆինանսների բացակայության պատճառով արտասահմանյան արտոնագրեր ստանալ հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով մենք հարկ համարեցինք հետազոտության արդյունքները հրատարակել ԱՄՆ-ում: Հոդվածը հրատարակվեց ԱՄՆ-ի Neurochemical Research ամսագրում, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց համաշխարհային գիտական հասարակայնության մեջ: Դեռեւս 1995թ. ուղեղի հակաբակտերիալ նյութերի ուսումնասիրման եւ ներդրման հարցերը քննարկման առարկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում (տեսՙ ՀՀ ԳԱԱ թերթը` Գիտություն, 7(184), 2005, սեպտեմբեր): Ծանոթանալով մեր աշխատանքների արդյունքներին, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ.Մ.Մարտիրոսյանը եւ Ագրարային համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Ա.Պ. Թահվերդյանը հարց բարձրացրեցին ՀՀ կառավարության առջեւ ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի նեյրոհորմոնների կենսաքիմիայի բաժնում հիմնել հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների նեյրոքիմիայի եւ նեյրոիմունոլոգիայի լաբորատորիա: Մեկ տարի տեւած քննարկումներից հետո հարցը վերջնական լուծում չէր ստանում: Միայն հանրապետության նոր վարչապետ, այժմ նախագահ` մեծարգո պարոն Ս.Սարգսյանը, կարեւորեց այդ աշխատանքները Հանրապետության համար եւ լուծում տվեց այդ լաբորատորիայի կազմակերպման հարցին: ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 20-ի հ.10-64 որոշմամբ ստեղծվեց հատուկ վտանգավոր ինֆեկցիաների դեմ պայքարի նեյրոքիմիայի եւ նեյրոիմունոլոգիայի լաբորատորիա ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի նեյրոհորմոնների բաժնում: Լաբորատորիայի աշխատանքներում ընդգրկված են հանրապետության խոշոր մասնագետներ, եւ արդեն ստացվել են լուրջ տվյալներ, որոնք հավաստիացնում են մոտակա տարիների ընթացքում լուծելու սիբիրյան խոցի, տուբերկուլյոզի, պաստերելոզի եւ նման այլ հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցը ուղեղի հորմոնների եւ ցիտոկինների միջոցով: Աշխատանքների ծավալման մեծ մաշտաբը պահանջում է 2009թ. բյուջեի հաստատման ժամանակ մտցնել որոշ ճշտգրտումներ նոր ֆինանսավորման համար: Համաձայն ՀՀ կառավարության որոշման, այդ աշխատանքների համար տրամադրած 10 782 000 գումարը խիստ անբավարար է: Նոր նյութերի ստեղծման եւ գյուղատնտոսության ու բժշկության մեջ կիրառման համար չի կարելի խնդրել գումարներ, քանի որ սպասվում է դրանից հսկայական օգուտ հանրապետությանը:
Մեր կողմից հայտնաբերած նյութերի հակաբակտերիալ, իմունոմոդուլյատորային եւ այլ հատկությունների ուսումնասիրությունները արտացոլվել են Brain Neurosecretory Cytokines: Immune Response and Neuronal Survival գրքում (188 էջ), հրատարակված Նյու Յորքում Kluwer Academic/Plenum Publishers-ի կողմից: Նշված գրքի մասին ԱՄՆ-ի հայտնի գիտնականները իրենց գրախոսականներում գրել են. «Այս հայտնագործությունը խոր հետք կթողնի նեյրոկենսաբանության, իմունոլոգիայի եւ բժշկության զարգացման վրա (պրոֆ. Ա. Պրեոբրաժենսկի, Neurochemical Research); «Այս աշխատանքները համապատասխանում են գիտական ամենաբարձր պահանջներին, որոնք գործում են նեյրոքիմիայի տարբեր ուղղություններում` նեյրոիմունոլոգիայի, նեյրոենդոկրինոլոգիայի, իմունալոգիայի, նեյրոֆիզիոլոգիայի, արյունաբանության եւ կլինիկական բժշկության մեջ» (պրոֆ. Ա.Բրեխեր, ԱՄՆ):
Հաջորդ ծավալուն աշխատությունը` լույս է տեսել Handbook of Neurochemistry and Molecular Neurobiology բազմահատորյակի (25 հատոր), Neuroimmunology հատորում, Ա.Գալոյանի Brain Immune System. Chemistry and Biology of the Signal Molecules (60 էջ) գլուխն է, (տպագրված Springer հրատարակչության կողմից Նյու Յորքում 2008թ.): Այս գրքում տեսականորեն հիմնավորվում է, որ ուղեղը իմունային օրգան է:
Տասնյակ աշխատանքներ են հրատարակվել ուղեղի նոր ՊՀՊ-ների ազդեցության մեխանիզմների վերաբերյալ: Հոդվածները հրատարակվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում, այդ թվում NeuroImmunoModulation, Neuroscience Letters, Neuropeptides, Blood Coagulation and Fibrinolysis, Cell Transplantation, The FEBS Journal, , Neurochemical Research եւ այլ արտասահմանյան պարբերականներում: Մեր հրատարակած աշխատանքների եւ գրքերի վերաբերյալ բազմաթիվ կարծիքներից հարմար եմ համարում բերել միայն մեկը, որտեղ գնահատվում է Հայաստանում կատարվող գիտական հետազոտությունների մակարդակը: Ահա թե ինչ է գրում Բեռլինի Ազատ համասարանի Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Եվրոպայի նյարդաքիմիկոսների ասոցիացիայի պրեզիդենտ պրոֆեսոր Ֆերդինանդ Հուխոն անգլերեն լեզվով հրատարակված իմ գրքի մասին. «Նախնական ընթերցումից հետո ես իսկապես ազդված եմ բերված տվյալների հարստությունից եւ մակարդակից: Երեւում է, որ դուք Ձեզ թույլ չեք տվել ճնշվել դժվարին ժամանակների պայմաններից: Դուք շարունակում եք աշխատել առավել բարձր չափանիշով եւ տպավորիչ ինտենսիվությամբ: Ես նորից այն կկարդամ հետաքրքրությամբ եւ շատ բան կսովորեմ: Ես անձամբ ընդհանրապես բարձր եմ գնահատում Հայասատանի գիտությունը եւ մշակույթը եւ մաղթում եմ Ձեզ եւ Ձեր երկրին հետագա բարգավաճում»:
Ուղեղի նոր ցիտոկինների հայտնաբերումը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշխարհի գիտական հասարակայնության մեջ: 2004թ. ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների Քաղցկեղի ինստիտուտի իմունոլոգիայի բաժնի հրավերով (վարիչ` պրոֆ. Ջուստ Օպենհեյմ) ես այցելեցի այդ ինստիտուտը եւ կարդացի դասախոսություն մեր հայտնաբերած նեյրոհորմոնների` ցիտոկինների մասին, որոնց մի մասը ունի նաեւ հակաուռուցքային հատկություն: Բանն այն է, որ ԱՄՆ-ի վերոհիշյալ ինստիտուտը տեսական ուռուցքաբանության համաշխարհային կենտրոն է եւ այն հաստատությունն է, որը ծայրահեղ թերահավատությամբ է վերաբերվում կլինիկական ուռուցքաբանության բնագավառում ցանկացած նորամուծությանը: Այդ ինստիտուտում գոյություն ունի տեսակետ, ըստ որ քաղցկեղի բուժման համար քիմիական, ճառագայթային թերապիան սպառում է հնարավորությունները եւ, պետք է փնտրել նոր բնական միացություններ: Մեր կողմից հայտնաբերած նոր ցիտոկինները (բնական միացությունները) ունեն շատ մեծ հեռանկարներ այդ առումով: Շուրջ 2,5 ժամ քննարկումներից հետո, որին մասնակցում էին ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների մասնագետներ, պրոֆ. Ջուստ Օպենհեյմը Բետեսդայից առաջարկեց ծավալել համատեղ հետազոտություններ, կապված մեր կողմից անջատած նոր հորմոնների եւ հատկապես «Գալարմին» կոչվող պրեպարատի, իմունային համակարգի, հեմոտոպոեզի եւ չարորակ ուռուցքների առաջացման մեխանիզմների ուսումնասիրության հետ: Այդ ինստիտուտի հետ կնքվեց հուշագիրՙ համատեղ հետազոտություններ կատարելու համար:
Ուղեղի նոր ցիտոկինների եւ հատկապես «Գալարմին»-ի ուսումնասիրությամբ մեզ հետ համատեղ զբաղվում են արտասահմանի մի շարք գիտնականներ (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Հունգարիա, Դանիա, Հնդկաստան, Ռուսաստան) եւ մոտ 65 երիտասարդ գիտնական Հայաստանի Հանրապետության տարբեր գիտական կենտրոններից (ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Երեւանի պետական համասարան, Գյումրիի եւ Վանաձորի համալսարաններ, ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ, Մ. Հերացու անվան բժշկական համասարանի կենսաքիմիայի, ֆիզիոլոգիայի, պաթանատոմիայի ամբիոններ, արյունաբանության կենտրոն եւ այլն): Պատրաստվել է երիտասարդ կադրերի մի մեծ ջոկատՙ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլային նեյրոկենսաբանության, նեյրոֆիզիոլոգիայի, նեյրոմորֆոլոգիայի ուղղություններով: Այդ գիտնականները այժմ աշխատում են հանրապետության բազմաթիվ հաստատություններում եւ ակադեմիական ինստիտուտներում:
Սա այն օրինակներից մեկն է, թե ինչպես պետք է համախմբել հանրապետության գիտական ներուժը մեկ կամ երկու գիտական խոշոր հիմնախնդիրների շուրջ, որը կդյուրինացնի մեր հանրապետությունում խոշոր գիտական կենտրոնների համակարգի ինտեգրացումը:
Ուղեղի նոր հորմոնների հայտնաբերումը, մեր կողմից նրանց քիմիական կառուցվածքների պարզաբանումը եւ կենսաբանական հատկությունների ուսումնասիրումը (հատկապես հեմատոպոետիկ, հակաբակտերիալ, հակաուռուցքային հատկությունները): Մեծ հետաքրքրություն են առաջացրել ԱՄՆ-ի խոշոր դեղագործական կազմակերպությունների մոտ, հատկապես IPP-ի ծրագրի եւ LifeTime Pharmaceuticals, Inc. մոտ: Ահա թե ինչպես է գնահատում վերջինիս տնօրեն դոկտոր Ֆլոյդ Տաուբը իր մարկետինգային վերլուծության մեջ, այսպես կոչված բիզնես պլանում, պրոլինով հարուստ պոլիպեպտիդները ՊՀՊ-ն լայնորեն ուսումնասիրել են դր.Գալոյանը եւ իր խումբը: Աշխարհում գիտության այս հետաքրքիր ոլորտը վարում է նա: Ուղեղը հիպոֆիզի միջոցով արտազատում է ակտիվ պեպտիդներ, որոնք վերահսկում են էնդոկրինային ֆունկցիաներն ամբողջ օրգանիզմում: Դր. Գալոյանը եւ նրա աշխատակիցները փաստացի ապացուցում են, որ ուղեղը ՊՀՊ-ների միջոցով ղեկավարում է իմունային համակարգը: Այն ընդգրկում է սինթեզի, զարգացման եւ արյան սպիտակ բջիջների ֆունկցիայի եւ այլ կարեւոր բջիջների ղեկավարումը իմունային համակարգի կողմից: Արդյունքում կարելի է գտնել պրոլինով հարուստ պեպտիդների` ՊՀՊ-ների բազմաթիվ չափազանց կարեւոր պոտենցիալ կիրառում բժշկության մեջ: Դր.Գալոյանը ցույց է տվել նաեւ ՊՀՊ-ների այլ շահավետ կողմերը, ներառյալ նեյրոնալ աճը, որը կարող է դառնալ ՊՀՊ-ների կիրառման հետագա ցուցանիշ:
Շուկայում ներկայումս կան դեղամիջոցներ, որոնք խթանում են արյան սպիտակ բջիջները: Հաճախ կիրառվող նյութը գրանուլոցիտ գաղութ խթանող գործոնն է (G-CSF): Երկրորդ խումբը` գրանուլոցիտ/ մակրոֆագ գաղութ խթանող գործոնն է (GM-CSF): Դրանք հիմնական դեղամիջոցներն են նեյտրոպենիայի ժամանակ, որը մեծ մասամբ առաջանում է քիմիոթերապիայից:
G-CSF պրեպարատները ԱՄՆ-ում եւ Եվրոպայում վաճառում են Amgen ֆիրմանՙ Neupogen եւ Neulasta անվանումներով, Եվրոպայում Sanofi Aventis ֆիրմանՙ Granocyte անվանմամբ, Ճապոնիայում Kirin Brewery ֆիրմանՙ GRAN, Chugai ֆիրմանՙ Neutrogin եւ Kyowa Hakko Kogyo ֆիրմանՙ Neu-up անվանմամբ: Amgen ֆիրմայի G-CSF-ի վրա հիմնված դեղամիջոցների վաճառքը 2006թ. կազմել է 3.9 միլիարդ ԱՄՆ դոլար:
Այդ նյութերը ստացվում են ռեկոմբինանտ ԴՆԹ-ի միջոցով: Օրինակ G-CSF ունի 174-177 ամինաթթու, իսկ GM-CSF` 124: Երկուսն էլ պահանջում են ԴՆԹ-ի դժվար եւ թանկ մեթոդների կիրառում` աճեցում կենդանի բակտերիայի, միջատների կամ կաթնասուների բջիջներում, որից հետո նրանք պետք է զգուշորեն զատվեն այդ բջիջներից եւ միջավայրի այլ նյութերից: Այսպիսի մեծ սպիտակուցները ներարկվում են հիվանդներին: Ներարկումից առաջացած ցավը կարող է ազդել իմունային համակարգի վրա եւ առաջացնել ցավային սթրեսներ: Ի տարբերություն դրանց, ՊՀՊ-ները, որոնք 10-21 բաղկացած են ամինաթթվից, կարող են ստացվել ավելի մատչելի քիմիական սինթեզի միջոցով եւ ունենալ բարձր մաքրություն: Հայտնի է, որ ՊՀՊ-ները ունեն այլ շահավետ հատկություններ` ազդում են իմունային այլ բջիջների, ողնուղեղի ցողունային բջիջների եւ ներվային հյուսվածքների վրա:
Քաղցկեղի ամերիկյան ընկերությունը 2000թ. գրանցել է 1.2 միլիոն քաղցկեղի նոր դեպք: Իմունային մոդուլյացիոն թերապիան ՊՀՊ-ների միջոցով կարող է քչացնել մահվան ռիսկի վտանգը: Ներկայումս քաղցկեղով տառապողների կեսը դատապարտված է մահվան: Ամերիկացիները մահանում են 1 մարդ/ րոպեում, ավելի քան 1500 մարդ օրական: Այս տվյալները վերցված են ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտից: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 4 մահից մեկը քաղցկեղից է, որին հաջորդում են սրտային հիվանդությունները: Այս հիվանդության ընդհանուր տարեկան արժեքը գերազանցում է 107 միլիարդ ԱՄՆ դոլար:
Ի հավելումն այս բոլորի, ՊՀՊ-ները ոչ միայն ավելի մատչելի են, այլեւ կարող են կիրառվել խմելու կամ միջմկանային սրսկումների միջոցով: Մինչդեռ մեծ մոլեկուլ ունեցող G-CSF-ները միայն ներարկվում են: Բացի դրանից, G-CSF-ները ներկայումս հակացուցվում են իմունային եւ արյունաստեղծ բջիջների քաղցկեղի ժամանակ, քանի որ խթանում են քաղցկեղը: Այդ խմբին են պատկանում լիմֆոման, միելոման եւ լեյկեմիան, որոնք ընդգրկում են տարեկան մոտ 80 000 հիվանդ: Այս հիվանդներից շատերը ժամանակ առ ժամանակ կարիք են ունենում կրկնել բուժումը: Շատ մտահոգիչ է այն փաստը, որ G-CSF-ից կարող են զարգանալ նոր ուռուցքներ:
Ի տարբերություն վերոհիշյալի, ՊՀՊ-ները իջեցնում են ուռուցքային ներթափանցումը արյունաստեղծ բջիջների մեջ: Խոշոր եղջերավոր կենդանիները չեն բուժվել որեւէ այլ թերապիայով, այլՙ միայն ՊՀՊ-ի միջոցով: (Դր. Տուաբը նկատի ունի, որ միայն մեր նյութն է բուժում կամ կանխարգելում կովերի լեյկոզները եւ ոչնչացնում արյան քաղցկեղի բջիջները): Սա կարող է ՊՀՊ-ների հսկայական մրցակցական շահավետ գործոն լինել: Վերջիններս ոչ միայն նպաստում են համակարգի վերականգնմանը քիմիոթերապիայից, այլեւ սպանում են քաղցկեղային բջիջներն առանց թունավորման երեւույթների:
Սպասվում է, որ ՊՀՊ-ները կփրկեն մարդկային կյանքերը, ավելի արդյունավետ դարձնելով քիմիոթերապիան: Նաեւ սպասվում է, որ դրանք կտրուկ կիջեցնեն պոտենցիալ ճակատագրական ինֆեկցիաները, որոնք քիմիոթերապիայի ժամանակ երկրորդական են: Դժվար է այս ինֆեկցիաների բուժումը: Բուժմանը բնորոշ է թանկ հոսպիտալավորումը: Միջին առումով քաղցկեղի մահացության պատճառը ինֆեկցիան է: Նույնը եւ ՁԻԱՀ-ը` սպանում է երկրորդական ինֆեկցիաների միջոցով: Քրոնիկ ինֆեկցիաները նույնպես հայտնի են որպես ՁԻԱՀ-ով, քաղցկեղով հիվանդների մահացության պատճառ: Այսպիսով, ՊՀՊ-ները կառաջացնեն մեծ գնային իջեցում եւ առողջ կենսական երկարատեւության մեծ աճՙ յուրաքանչյուր ծախսված դոլարի դիմաց:
CSF-ների զարգացումը ուղի բացեց եւ հստակորեն որոշեց զարգացման տարբեր ցուցանիշների արդյունավետ ռազմավարությունը: Նման նյութերը ճանաչում ստացան գերազանց հրատարակված գիտական աշխատությունների, ավանդական բժշկության շուկայի եւ ուղղակի Amgen-ի կազմակերպած գովազդային միջոցառումների շնորհիվ եւ այլն: Շատ դյուրին է հետեւել այդ քայլերին: Այնուամենայնիվ կարեւոր խնդիր էՙ համոզել շուկայինՙ ընդունելու ավելի անվտանգ, էժան եւ հավելյալ շահավետություն ունեցող նյութ: Մինչդեռ, մեծ դեղագործական ֆիրմաները շատ շահագրգռված են այս բնագավառում նոր դեղերի արտոնագրմամբ, եւ պատրաստակամորեն գումար կծախսեն շուկայի կարեւոր մի բաժին գրավելու համար, որը կկազմի տարեկան 10 միլիարդ ԱՄՆ դոլար, կամ էլ ավելի մեծ շուկա (շնորհիվ ընդլայնվող ցուցանիշների), մինչեւ ՊՀՊ-ները կհաստատվեն:
Հատուկ օգուտ է ներկայացնում ոսկրածուծի աննորմալ բջջային պրոլիֆերացիայի պատճառով առաջացած լիմֆոմայի կամ լեյկեմիայի, հատկապես քաղցկեղի դեմ պայքարի վաղ ուսումնասիրումը եւ շուկայի հեշտ ներթափանցումը: Առկա CSF-ները հակացուցված են այդ տեսակի քաղցկեղների ժամանակ, քանի որ սահմանափակում են օգտագործվող քիմիոթերապիայի դոզան:
Ոսկրածուծի բջջի (արյան սպիտակ բջիջների) արտադրության հաստատման խափանումը, նույնիսկ կարիք չունենալովՙ ստուգելու դեղի անվտանգությունը, տեղի է ունենում միելոդիսպլազիայի ժամանակ: Ներկայիս թերապիան, թեպետ բարելավվել է, սակայն մնում է պրոբլեմատիկ: Շատ մարդիկ չեն կարողանում դիմադրել թերապիայյի առաջացրած կողմնակի ազդեցություններին:
Հակակենսաբանական զենքի օգտագործումը մեծ մասամբ պահանջում է հատուկ ախտորոշում եւ այնուամենայնիվ ինֆեկցիոն գործոնի ուշադիր ուսումնասիրում` որոշելու բուժումը կամ պատվաստանյութը, որը կազդի այդ գործոնի վրա: Քանի որ ՊՀՊ-ները գործում են տիրոջ միջոցով ուղղակի` անկախ պաթոգենից, դրանք կարող են լայնորեն օգտագործվել կանխարգելիչ եւ թերապեւտիկ նկատառումներով երկու ձեւովՙ մինչ եւ միացյալ նեղ հատուկ թերապիայի հետ մեկտեղ: Սա վերաբերում է նաեւ այնպիսի պանդեմիկներին, ինչպիսին է թռչնագրիպը: Ինչպես արդեն ցույց է տրվել սիբիրյան խոցով վարակված կենդանիների մոդելի վրա, ՊՀՊ-ները նվազեցնում են մահացությունը: ԱՄՆ-ում կենդանիների եւ ռազմական դեղագործական նպատակների համար Սննդամթերքի եւ դեղերի հսկման վարչության (FDA Food and Drug Administration) ավանդական հաստատման կարիք չկա:
LifeTime-ը սպասումներ ունի, որ ՊՀՊ-ները արդյունավետորեն կմրցակցեն G-CSF տիպի դեղերի հետ, որոնք ներկայումս տարեկան վաճառվում են 4 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով: Ավելին, ՊՀՊ-ները կօգտագործվեն այն դեպքերում, երբ G-CSF չի կարող օգտագործվել: Դրանք կկիրառվեն, որպես արյան քաղցկեղի դեմ գործոն, կօգտագործվեն որպես իմունային համակարգի խթանիչ (ներկա ադյուվանտների եւ GM-CSF դեղերի պես) եւ որպես պոտենցիալ օգտավետություն ունեցող նյութեր նեյրոիմունոլոգիական համակարգի բազմաթիվ, ներառյալ նաեւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում:
Վերը նշված տեղեկության հիման վրա փոքր է համարվում այն ռիսկը, որ ՊՀՊ-ները չեն ներկայացնի առնվազն օգտակար հիմքեր քաղցկեղի, ինֆեկցիաների, դեգեներատիվ հիվանդությունների եւ /կամ դիսպլազիաների թերապիայի ժամանակ:
Այս ծրագրի առանցքային հարցըՙ որոշել եւ արտոնագրել ածանցյալները, որոնք խանգարում են բնական մոլեկուլի գործունեությանը եւ, հավանաբար, առաջացնում են ֆարմակոլոգիական հատկություններ, այնպիսիք, ինչպիսիք ենՙ առավել կայունությունը, ազդեցության ակտիվությունը եւ /կամ յուրահատկությունը:
Բնական հորմոնները եւ արտազատվող նյութերը, նաեւ դրանց ածանցյալները, ունեն շատ ավելի մեծ հաջողություն, որպես կարգավորիչ նյութեր, քան այլ դեղամիջոցները: Ավելացնենք, որ այս տիպի դեղանյութերի, հատկապես CSF-ների, հաջողությունը հուշում է, որ ՊՀՊ-ները նույնպես շուկայում հաջողակ կլինեն : ՊՀՊ-ների փորձը լաբորատոր կենդանիների, ֆերմաների խոշոր կենդանիների եւ պրիմատների վրա տալիս է հավելյալ ցուցանիշներ, որ այս ծրագրի արդյունքում կստացվեն հաջող դեղանյութեր:
Life Time Pharamcutical ընկերության տնօրեն դոկտոր Ֆլոյդ Տաուբը, ուղեղի նոր ցիտոկինների կիրառման ոլորտների մասին, հատկապես հեմոտոպոեզի, քիմիոթերապիայի, բազմաթիվ ուռուցքային (հատկապես արյան), ինչպես նաեւ այդ հիվանդություններն ուղեկցող ինֆեկցիոն հիվանդությունների բուժման հարցերը ամբողջությամբ վերցված են մեր ստացած տվյալներից եւ հրատարակություններից: Այս մոտավոր հաշվարկը ԱՄՆ-ի խոշոր մասնագետի կողմից պետք է սթափեցնի մեր կառավարությանը եւ ստեղծի ֆինանսական բոլոր հնարավոր պայմանները պրեպերատների ներդրման համար անհրաժեշտ գիտական հետազոտությունները շարունակելու եւ միջազգային դեղաբանության պահանջները բավարարելու համար:
Այժմ մենք պատրաստել ենք ռեալ բիզնես պլան, որը կներկայացվի կառավարությանը: Ակնկալում ենք այդ բիզնես պլանով նախատեսված գումարները կընդգրկվեն 2009թ. բյուջեի մեջ: Հայաստանում այդ արժեքավոր նոր դեղանյութերի (բնական նյութերի) արտադրության կազմակերպումը ոչ միայն կնպաստի դարի ծանրագույն արյան եւ ուռուցքային հիվանդությունների բուժմանը, այլեւ իր ներդրումը կունենա Հայաստանի ազգային եկամուտում:
Գիտության զարգացման համար հանրապետությունում խոշոր նշանակություն ունի ինտելեկտուալ սեփականության, հեղինակային իրավունքի պահպանման արժեքավոր հարցը: Այդ պրոցեսը, դժբախտաբար, գտնվում է անմխիթար վիճակում: Խնդիրը վերաբերում է գիտական հայտնագործությունների արտոնագրմանը: 2005-2007թթ ընթացքում սիբիրյան խոցի բուժման մեթոդները լեյկոզների, արյան ուռուցքային բջիջների բուժման, ինչպես նաեւ ՊՀՊ-ների նոր ածանցյալների հայտնաբերման աշխատանքները հավաստագրվեցին գյուտերի մտավոր սեփականության գործակալությունում հետեւյալ հայտերովՙ P 20050010; P 20050011; P 20050012; P 20050113; AM20060142: Սակայն այս հավաստագրերը չեն կարող պաշտպանել կարեւորագույն հայտնագործությունները, եթե չլինեն խոշոր երկրների հավաստագրեր: Այդ հնարավորություններից մենք զրկված ենք, քանի որ չունենք ֆինանսավորում արտասահմանյան արտոնագրեր ստանալու համար, իսկ տեղական արտոնագրերի տեւողության ժամկետը 1 տարի է: Մենք ստիպված ենք հնարավորին չափ արագ հրատարակել այդ նյութերը արտասահմանում, կորցնելով մեծ գումարներ վաստակելու հնարավորությունը արտոնագրելու եւ կիրառելու դեպքում:
Ես դիմել եմ այս հարցով ինչպես նախկին վարչապետ Ա.Մարգարյանին, այնպես էլ նախկին նախագահ Ռ.Քոչարյանին դեռեւս 26.12.05թ., խնդրելով տրամադրել միջոցներ արտասահմանյան որոշ երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա) արտոնագրերի ստացման համար, սակայն պատասխան չի ստացվել: Այժմ, երբ կառավարությունը եւ Գիտությունների ազգային ակադեմիան պահանջում են պատրաստի ներդրման աշխատանքներ, պետք է նկատի ունենալ հիմնարար հետազոտությունների միջոցով ստացված արժեքավոր ձեռքբերումները եւ ռեալ հնարավորություն տալ այն ներդնելու համար: Դժբախտաբար, ոչ ակադեմիայում եւ ոչ էլ կառավարությունում չկա որեւէ կազմակերպություն, որն ի վիճակի լինի օգնելու կարեւոր հայտնագործությունների արդյունքները տեղափոխել ներդրման դաշտ:
Քանի դեռ Հայաստանում չի ստեղծվել կառավարական համակարգՙ արժեքավոր աշխատանքների արտոնագրման, կիրառական բնույթի աշխատանքների ներդրման հնարավորության համար Հայաստանը կշարունակի կորցնել գիտնականներիՙ տարիներ շարունակ ստեղծած արժեքավոր գործերը, գումարները, բաժին դարձնելով այն արտասահմանյան օլիգարխներին: Պետք է սթափվել, գնահատել նոր բնական դեղանյութերի հսկայական նշանակությունը եւ օգնել այն ներդնելու բժշկության մեջ, վաճառքի հանելու համաշխարհային շուկայում:
Ի պատասխան ՀՀ նախագահ մեծարգո պ-ն Ս.Սարգսյանիՙ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում արծածված դրույթների, Հայաստանում գիտության զարգացման համար ներկայացնում եմ ծրագիր, որը մեր կարծիքով ունի խոշոր ռազմավարական նշանակություն հանրապետության գիտության եւ տնտեսության զարգացման համար: