ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
« Ազգը » ճանաչողական շարք է սկսում աշխարհում հայտնի տոտալիտար աղանդների մասին, որոնք նաեւ երեւակվում են Հայաստանում: « Ազգի » պատվերով շարքը վարում է պատմական գիտությունների թեկնածու, երիտասարդ աստվածաբան ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ :
Մորմոն միսիոներները միշտ նույնանման տեսք ունեն` սեւ անդրավարտիք, սպիտակ վերնաշապիկ, համեստ փողկապ, կրծքին սեւ ցուցանակ, որի վրա, ասենք, գրված է «երեց Բոբ» կամ «երեց Սթիվեն»: Քայլում են միշտ սլացիկ` մեջքին սովորաբար կրելով սեւ պայուսակներ: Երեւանի փողոցներում հանդիպող արտասահմանցի միսիոներները երիտասարդ են` մոտ 19-20 տարեկան, կոկիկ հագնված, զինվորական սանրվածքով, միշտ բարեկիրթ ժպտում են եւ երթուղային տաքսիներում իրենց տեղերը զիջում (հազվադեպ երեւույթ մեր իրականություն մեջ): Երեւանյան խճանկարի մեջ ներսուզված երիտասարդ միսիոներներին երբեմն սխալմամբ համարում են բողոքական ինչ-որ դենոմինացիայի հետեւորդներ, ինչի համար իրենքՙ քարոզիչները, շատ ուրախ են, մինչդեռ մորմոնների հավատքային առանձնահատկությունները նույնիսկ հեռավոր աղերսներ չունեն քրիստոնական վարդապետության հետ: Եվ այսպեսՙ ո՞ւր են տանում պահպանողական տեսք ունեցող այդ երիտասարդների կրոնական արմատները, եւ ինչպիսի՞ գործելաոճ ունի տոտալիտար աղանդի համբավ ունեցող «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին»:
Մորմոնիզմը կամ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» ասպարեզ է իջել 19-րդ դարում ԱՄՆ-ում բարդ կրոնական իրավիճակում, երբ սունկի նման շատանում էին էկզոտիկ հետբողոքական կրոնական կազմակերպությունները:
«Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» վարդապետությունը հիմնված է նեոհեթանոսական օկկուլտ հավատալիքների եւ էզոթերիկ ծիսակարգի վրա: Մորմոնիզմի հիմնադիր, 1805 թ. ծնված Ջոզեֆ Սմիթի ինքնակենսագրականում կարդում ես, թե ինչպես էր 17-ամյա պատանին կանգնած ընտրության առջեւ. բազմաթիվ կրոնական ուղղությունների ընտրության մեջ Ջոզեֆը չէր կարողանում կողմնորոշվել, թե որտեղ է ճշմարտությունը, երբ նրան, իբր, հայտնվեց Մորոն անունով մարգարեն եւ ցույց տվեց գաղտնի գրառումներով ինչ-որ ոսկյա թիթեղներ` ասելով, որ բոլոր եկեղեցիները մոլորեցնում են մարդկանց: Չորս տարի անց Սմիթը հրապարակայնորեն հայտարարեց այդ մասին եւ ասաց, որ մարգարեն իրեն նաեւ օժտել է աստվածային ուժով թիթեղներում եղած գրվածքները թարգմանելու ունակությամբ: Ընդ որում, Սմիթը հրաժարվեց ցույց տալ ոսկյա թիթեղները` այդ քայլը հիմնավորելով այն համոզմամբ, թե ով տեսնի դրանք, կկնքի իր մահկանացուն: Ըստ Սմիթիՙ իրեն տրված թիթեղներում կորսված լեզվով գրված է, որ հրեաների հետնորդներ Մորմոնը եւ Մորոնին (վերջիններս, իբր, նեֆական նոր ցեղի հիմնադիներն են) մ. թ. ա. 600 թ., փրկվելով Երուսաղեմի կործանումից, վերաբնակվում են Ամերիկա մայրցամաքում: Այստեղ հետաքրքիր է մեկ այլ ֆանտասմագորիա, ըստ որի, իբր, Քրիստոսը մահից հետո հայտնվում է Ամերիկայում հաստատված նոր ժողովրդին` նեֆերին` Ամերիկա տեղափոխված իսրայելցիներին, եւ նույնիսկ 12 առաքյալներ է ընտրում: Ամերիկյան մայրցամաքում ապրող ժողովրդին սրբացնելու սմիթյան գաղափարները չէին կարող գայթակիղիչ չհնչել ընտրյալ լինելու ցանկություն ունեցող շատ հյուսիսաբնակ ամերիկացիների համար:
Երբ այցելեցինք «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» երեւանյան գրասենյակներից մեկը, մեզ դիմավորեցին լայնակի ժպիտներով եւ հրավիրեցին սպասել խիստ աշխատանքային ու գործնական ոճով կառուցված եւ հարդարված մի սենյակում: Գրասենյակում անսովոր իրարանցումը վկայում էր այն մասին, որ ոչ ոք պարապուրդի մեջ չէ: Մինչ նախասրահում սպասում էինք մեզ հասանելիք քարոզիչներին, մի տղամարդ մեզ առաջարկեց մասնակցել անգլերենի անվճար դասընթացների: Այնուհետեւ եկան երիտասարդ քարոզիչները եւ մեզ հրավիրելով փոքրիկ մի լսարան` ձեռքսեղմումով ծանոթացան: Երկու երիտասարդ օտարերկրյա երեցները մաքուր եւ գեղեցիկ հայերենով սկսեցին երեխաներին հասկանալի մատչելիությամբ բացատրել ու նկարագրել իրենց կազմակերպության հիմնադրի` Ջոզեֆ Սմիթի տիեզերական առաքելությունը եւ «Մորմոնի գրքում» ամրագրված «բացարձակ ճշմարտությունները»: Հիպնոսող հայացքով, ուսուցչի կերպարի մեջ մտած մորմոնական երեցը, առանց աչքերը թարթելու, սկսեց մեզ պատմել այն մասին, թե ինչպես հրեշտակը երեւաց Ջոզեֆ Սմիթին եւ պատվիրեց աշխարհին ավետել «իսկական ճշմարտության» մասին:
Եթե 1850 թ. այս կազմակերպության անդամների թվաքանակն ընդամենը 60.000 էր, ապա, ասենք, 1985 թ. մորմոնների թիվն աշխարհում հասնում էր 6 միլիոնի:
1994 թ. մորմոններն աշխարհը բաժանել են 22 քարոզչական տարածաշրջանների, որոնցից ութը տեղաբաշխվում են ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ 14-ը` աշխարհի մնացած հատվածներում:
Մորմոնական եկեղեցինՙ որպես կազմակերպչական կառույց, բավականին զուսպ եւ էֆեկտիվ համակարգ է` ընդգծված աստիճանակարգությամբ, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր տեղն ու անելիքը: Տեղական եկեղեցական կառավարիչներին ղեկավարում է, այսպես կոչված, «Յոթանասունի քվորումը» (երբեմն ասում են նաեւ «Յոթանասունի խորհուրդ»), որոնց մորմոնները համարում են Քրիստոսի կողմից ուղարկված յոթանասուն աշակերտների ժամանակակից տարբերակը: «Յոթանասունի խորհուրդը», իր հերթին, ղեկավարվում է «12 առաքյալների խորհրդի» կողմից: Յուրաքանչյուր «առաքյալ» կոորդինացնում է կազմակերպության գործունեության որոշակի ոլորտ` ֆինանսներ, միսիոներական գործունեություն, երիտասարդության խնդիրներ, շինարարություն, բարեգործություն եւ այլն, մի խոսքով` կազմակերպությունը նման է յուրահատուկ պետության, որտեղ բոլոր գործառույթները բաժանված ենՙ ըստ համապատասխան գերատեսչությունների: Սակայն այս բոլոր գործողությունները վերահսկվում են բուրգի վերեւում կանգնած «Առաջին նախագահի», ասպես կոչված, մարգարեի կողմից, ով իր կողքին ունի երկու օգնական: Նրանք երեքով կազմում են մորմոնական մոնոլիտ բրգաձեւ համակարգի «բարձրագույն նախագահությունը»: Երեք հոգուց բաղկացած նախագահությունը եւ «12-ի խորհուրդը» ամեն չորեքշաբթիՙ առավոտյանՙ հանդիպում են ԱՄՆ Սոլթ Լեյկ Սիթի քաղաքում գտնվող մորմոնական հսկա տաճարում ու վճռում են կազմակերպության ռազմավարական եւ մարտավարական օրախնդիրները:
Երբ հետեւում էինք, թե ինչպես էր երեց Բ-ն ջանում մեզ «դարձի» բերել, հասկանալի էր դառնում, որ Երեւանի կենտրոնում գտնվող մորմոնական գրասենյակում կիրառվող քարոզչական մեքենայությունները շատերի համար իսկապես կարող էին ճակատագրական դառնալ: Երեց Բ-ն. խոսելիս ամեն բառի մեջ կարծես իր ամբողջ ուժն ու զորությունն էր դնում, հիպնոսի էլեմենտներ պարունակող հռետորությունը կարծես ներթափանցում էր ենթագիտակցական շերտ, եւ հատուկ մտավոր գործողություններ էին հարկավորՙ քարոզչի կողմից արտաբերած տեքստի ստվերը մտքից դուրս մղելու համար:
Մորմոններն իրենց ֆինանսական միջոցները կուտակում են եկեղեցու անդամների եկամտի մեկ տասներորդի գանձման միջոցով. գումարած սրան` տեղական համայնքներում կամ ծխերում մորմոնները ամիսը երկու անգամ հրաժարվում են ճաշից, որից խնայված միջոցները եւս ուղղվում են եկեղեցու բյուջե:
Կազմելով Յուտա նահանգի բնակչության 70 տոկոսը` մորմոններն իրենց եկեղեցու ավանդույթները տրանսֆորմացնում են նաեւ հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում. Յուտայում նահանգապետեր են դառնում բացառապես մորմոններ, տեղական օրենսդիր մարմնում էլ են նրանք մեծամասնություն կազմում: Ամերիկյան ներքաղաքական կյանքում մորմոններն ունեն հիմնականում հանրապետական կողմնորոշում, որոնք հյուսիսային այս նահանգում միշտ քաղաքական առավելության են հասնում դեմոկրատների նկատմամբ: Ամերիկյան մյուս քաղաքներում մորմոնները եւս հանրաապետականներին են սատարում, եւ երբեմն այս եկեղեցու ներկայացուցիչները նահանգապետերի եւ քաղաքապետերի պաշտոններ են զբաղեցնում, կառավարությունում լուրջ դիրքեր ունենում: Օրինակ` Ջ. Բուշի թիմում մորմոնական եկեղեցու անդամ էր Բրենթ Սքոուկրոֆտը, ով ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական էր:
Մորմոնները հատկապես ակտիվացան 1990-ականների սկզբին, երբ աշխարհի 128 երկրներում նրանց միսիոներական ակտիվի թիվը հասավ 40 հազարի: Բացի ավանդական միսիոներական տարածաշրջաններիցՙ Արեւմտյան Եվրոպա եւ Լատիանական Ամերիկա, մորմոնական կառույցներն սկսել են աշխուժանալ նաեւ ասիական երկրներումՙ Ճապոնիայում, Թայվանում եւ այլ երկրներում (օրինակՙ Ճապոնիայում նրանց թիվն անցնում է 80 հազարից):
ԱՄՆ-ի սահմաններից դուրս մորմոնական լայնամասշտաբ էքսպանսիան ենթադրել է տալիս, որ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»-ն ձգտում է դառնալ համաշխարհային գերհսկա կրոնական կազմակերպություն` օգտագործելով իր ձեռքի տակ եղած քաղաքական, տնտեսական բոլոր գործիքները: Սրա հետ մեկտեղ, արագ ծավալմանը զուգահեռՙ կազմակերպությունը բախվում է բավականին լուրջ խնդիրների հետ. մասնավորապես` մորմոնական հակասական դոգմաները եւ էկլեկտիկ ծիսակարգը էթնիկ եւ ռասայական բազմազանության պայմաններում ադապտացիոն դժվարությունների են հանգեցնում, որոնք հատկապես սուր են դրսեւորվում քրիստոնեական ավանդույթներ չունեցող մի շարք երկրներում: Բացի դրանից, մորմոններն ունեն նաեւ ներհամայնքային լրջագույն դժվարություններ. որոշ մասնագետների գնահատմամբՙ ակնհայտ կոնֆլիկտ կա մորմոնական եկեղեցու ներսում գոյություն ունեցող ավտորիտար, խիստ սուբորդինացված ավանդույթի եւ նրանց համար սնվելու հիմնական միջավայրի` ամերիկյան դեմոկրատական ինստիտուտների ազատական բնույթի միջեւ:
Մորմոնական երեցներն ազատորեն կարող են քարոզել իրենց ըմբռնման ճշմարտությունը, քաղաքացիներին սովորեցնել իրենց բարոյականությունը: Այդպիսի հնարավորություն է ընձեռում ժամանակակից համայնավարության, բաց հասարակության կրոնական, քաղաքական համոզմունքներն ազատորեն արտահայտել թույլատրող աշխարհակարգը: Սակայն երբ մարդիկ լիովին ուղղորդելի եւ վերահսկելի են, կարող են դառնալ նոր հասարակություն կերտողներ, որտեղ կլինի մեկ ճշմարտություն, մեկ բարոյականություն, եւ այն մարդիկ, ովքեր ցանկանան այլ կերպ մտածել, կդառնան մերժված այլախոհներ, կամՙ միգուցե ավելի վատ` հասարակության անցանկալի էլեմենտներ:
Իսկ դա ազգային նպատակներ ունեցող հասարակությանը մտածելու տեղիք պետք է տա: