Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակից կանայք Հյուսիսային պողոտայում սկսել են անժամկետ հացադուլ: Ինչպես հայտնել են «Նոյյան տապանին», իրենց պահանջներն են` դադարեցնել հետապնդումները գործարար Խաչատուր Սուքիասյանի, «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի եւ մյուս ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ազատ արձակել մարտի 1-ի գործով բոլոր կալանավորվածներին, պատժել իրական ոճրագործներին, կատարել ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւի կետերը եւ «ազատել» Ազատության հրապարակը: Հացադուլավորներին միացել է նաեւ վերջին չորս տարում Հայաստանում բնակվող, ազգությամբ բելգիացի Լյուք Վանդեւալեն: ՀՀՇ գրասենյակում էլ շարունակվում է հերթափոխով հացադուլը: Հունիսի 16-ի դրությամբ գրասենյակում կային երեք հացադուլավորներ` ՀՀՇ անդամ Արշավիր Մհերյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Արայիկ Խաչատրյանը եւ անկուսակցական Գեւորգ Հովհաննիսյանը: Ըստ Ա. Խաչատրյանի, իրենք ակցիան կդադարեցնեն հունիսի 18-ին, որպեսզի մինչեւ հունիսի 20-ը` նախատեսվող հանրահավաքի օրը, հասցնեն կազդուրվել: