«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2008-06-13 | #113, 2008-06-14 | #114, 2008-06-17


ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎՈՒՄ ԵՆ

Իսկ կցակառույցների շինարարությունը Երեւանի քաղաքապետի որոշմամբ կասեցվել է

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրեց, որ քաղաքապետարանը ուժեղացրել է վարչարարությունը ինքնակամ շինություններ կառուցողների նկատմամբ: Նա վկայակոչեց այս տարվա անցած ժամանակահատվածում այդ ուղղությամբ քաղաքապետարանի ձեռնարկած քայլերը: Մասնավորապես, Կամո Արեյանը տեղեկացրեց, որ այս տարի Երեւանի քաղաքապետարանի հայտնաբերած ինքնակամ կառույցների 67 դեպքերի առնչությամբ կիրառվել են վարչական տուգանքներ, պետական բյուջե է փոխանցվել մոտ 12 մլն դրամ: Միաժամանակ, օրինազանցություն թույլ տված այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն վճարում վարչական տուգանքները, դատական հայցեր են ներկայացվում դրանք բռնագանձելու համար: 45 այդպիսի գործերով դատավճիռներ են եղել եւ պետական բյուջե մուտք է գործել 10 մլն դրամից ավելի գումար: Եվս 59 գործեր գտնվում են դատարաններում, որոնց բավարարման դեպքում պահանջվող 21 մլն դրամը կգանձվի հօգուտ պետբյուջեի:

Համեմատելով վերոնշյալ թվերը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, Կամո Արեյանը նշեց, որ 2007-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին տուգանքի բռնագանձման 27 գործ եւ 5 մլն դրամ բռնագանձված գումար: Համադրելով այդ ցուցանիշները, փոխքաղաքապետը ցանկացավ լրագրողներին հավաստիացնել, որ Երեւանի քաղաքապետարանը ակտիվ պայքար է տանում ինքնակամ շինություններ կառուցողների դեմ:

Մայրաքաղաքի համար մեկ այլ օրախնդիր եւ ցավոտ հարցիՙ կցակառույցների եւ այլ շինությունների առնչությամբ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի որոշմամբ հրահանգվել է կասեցնել բոլոր այդպիսի կառույցների շինարարությունը, որոնք կառուցվում են շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում: Դրանց շինարարության համար, ըստ փոխքաղաքապետի, անհրաժեշտ են սեյսմիկ ծառայության լիարժեք հետազոտության արդյունքները եւ շենքի բաժնային սեփականության բաժնետերերի ձայների առնվազն երկու երրորդի համաձայնությունը: Մինչդեռ Երեւանում չկա նման որոշման եւ ոչ մի դեպք: Կամո Արեյանը դժհոգեց այն փաստից, որ համատիրությունները չեն կատարում օրենքով իրենց վերապահված լիազորությունները: Նա նաեւ ավելացրեց, որ շինարարության հետ կապված լիազորությունները բաժանվում են տեխնիկական հսկողություն իրականացնողների, հեղինակային հսկողություն իրականացնողների, քաղաքաշինության պետական տեսչության, համայնքների ղեկավարների միջեւ: Փոխքաղաքապետը նկատեց, որ Երեւանի քաղաքապետարանից բացի, այդ բոլոր կառույցները նույնպես պետք է զբաղվեն օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրականացնելով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4