«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2008-06-13 | #113, 2008-06-14 | #114, 2008-06-17


ԵՎ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ ՁԳՎՈՒՄ Է ՎԱՍՏԱԿԸ ԱՅԹՄԱՏՈՎԻ

Հունիսի 10-ին Նյուրնբերգի հիվանդանոցում մահկանացուն է կնքել 79-ամյա ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովը: Բժիշկների ախտորոշմամբՙ մահվան պատճառը թոքերի ծանր բորբոքումն է եղել: «Ղրղըզստանի ձայնը» համարվող Այթմատովի հանդեպ շատ մեծ ուշադրություն գրանցեցին գերմանական լրատվամիջոցներըՙ ռադիոն, հեռուստատեսությունը, հատկապես էլեկտրոնային ու տպագիր մամուլը (նվազագույն արձագանք չենք հիշում տարիներ առաջ Հրանտ Մաթեւոսյանի, Սիլվա Կապուտիկյանի, Աղասի Այվազյանի մեծ կորստի պարագայում. քի՞չ են թարգմանվել, դրանի՞ց է): Ահա գերմանական ԶԼՄ-ից քաղած տեղեկություններով իրազեկ ենք դառնում, որ ԽՍՀՄ ամենաճանաչված գրողներից մեկը գերմանացի ընթերցողներին հայտնի է հատկապես «Ջամիլիա» ստեղծագործությամբ, որը սոցիալիստական Գերմանիայում ընթերցանության պարտադիր ցանկում է եղել: Ըստ գերմանական լրատվամիջոցների հենց այսՙ 1958-ին Մոսկվայի Գորկու անվ. գրական ինստիտուտի ավարտական աշխատանք հանդիսացող «Ջամիլիա» սիրային երկն է ղրղըզ գրողին միջազգային հռչակ բերել: Բացի գրականություն ստեղծելը Այթմատովը երկար տարիներ իր երկրի դիվանագիտական առաքելությունն է իրականացրել Բրյուսելումՙ լինելով դեսպան Բենիլյուքսի երկրներում:

Ըստ «Շպիգել օնլայնի», Այթմատովի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 150 լեզուներով, ավելի քան 20 վեպեր ու պատմվածքներ լույս են տեսել գերմաներեն: 1970-ականներին հեղինակը խզել է կապը պետական քարոզչությանը ծառայող սոցռեալիզմից, բազմազան թեմաներ արծարծող նրա գրականության մեջ առանձնահատուկ տեղ ունի 1981-ին հեղինակած «Եվ դարից երկար ձգվում է օրը» ստեղծագործությունը:

Կդառնա՞ր Այթմատովը այդքան ճանաչվածՙ առանց իր համար համաշխարհային գրականության դռները բաց անող երկրորդ մայրենիիՙ ռուսաց լեզվի, հարցնում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» ու պատասխանումՙ իհարկե ոչ: Առանց ռուսաց լեզվի խոր իմացության, առանց ուրիշներին հայտնաբերելու աշխարհը չէր իմանա ոմն Չինգիզ Այթմատովի մասին: Երբ Միխայիլ Գորբաչովը երեքշաբթի օրը լսել է մտերիմ ընկերոջ մահվան բոթը, ասել էՙ ողջ ռուսալեզու աշխարհի գրողն է Այթմատովըՙ ոչ միայն Արեւմուտքում, այլեւ Վլադիվոստոկից մինչեւ Մինսկ ճանաչում ու կարդում են նրան: «Մեզնից հեռացավ մի մարդ, ով մեզ ամենամոտն էր», ասել է ԽՍՀՄ նախագահը:

Ղրղըզստանում Այթմատովին ընկալում են որպես ազգային հերոս:

2008-ը Կենտրոնական Ասիայի հիշյալ հանրապետության համար Այթմատովի տարի է հռչակվածՙ ի պատիվ մեծ գրողի 80-ամյակի: Մշակույթի նախարարությունը Այթմատով ազգային մրցանակ է հիմնել, գրողի ծննդավայրում նորոգվում է նրա անվան թանգարանը:

Գրողի Գերմանիայում ունեցած ժողովրդականության մասին մի դրվագ է ներկայացնում «Շպիգել օնլայնը»: Անցյալ տարի Այթմատովը ԳԴՀ էր այցելել երկրի տարբեր քաղաքներում իր «Ձյունե ընձառյուծ» վեպը ներկայացնելու: Լայպցիգի գրքի տոնավաճառում գերմանացի երկրպագուները նրան ընդունել են որպես գերաստղի. այնքան շատ են եղել ինքնագիր ցանկացող ընթերցողները, որ Այթմատովը ստիպված է եղել խույս տալՙ կից սենյակ փախչելով:

Այթմատովը ֆիզիկապես թույլ է զգացել մայիսի կեսերին, երբ Վոլգայի շրջանում մասնակցել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Երեք շաբաթ առաջ Կազանի հիվանդանոցից Նյուրնբերգ է տեղափոխվել, թոքերի սուր բորբոքմանն ավելացել է երիկամային անբավարարությունը: Այթմատովի թոքերը դադարել են գործել, եւ սա ըստ նյուրնբերգցի բժիշկների, հանգեցրել է մահվան:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4