Կանադայի Վերմոնտ նահանգի Ուեյթսֆիլդ գյուղաքաղաքի հին մի ագարակի վայրում այսօր վեր է խոյացել մշակութային մի կենտրոնՙ Green Mountain Cultural Center անունով, որտեղ պարբերաբար ցուցահանդեսներ եւ համերգներ են տեղի ունենում: Միջոցառումներից վերջինը հունիսի 1-ին սկսված եւ մինչեւ 22-ը տեւող օպերային արվեստի փառատոնն է, որին իր մասնակցությունն է բերելու համաշխարհային հռչակ վայելող կանադահայ սոպրանո Ալին Գութանը:
Ըստ կանադահայ համայնքի, «Ապագայ» մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի հունիսի 2-ի լրատվության, սիրված երգչուհին հատկապես հրավիրված է հունիսի 20-ին եւ 22-ին ստանձնելու Վիոլետայի դերը Վերդիի «Տրավիատա» օպերայում, որն ինչպես հայտնի է, հիմնված է Ալեքսանդր Դյումա կրտսերի «Քամելիազարդ տիկինը» վեպի վրա:
Այդ դերը տարիների ընթացքում կատարել են Մարիա Կալլասը եւ Ջոան Սադերլենդըՙ Պավարոտիի եւ Դոմինգոյի կողքին: Այս առթիվ Ալինը եվրոպական քաղաքների իր համերգային շրջագայություններից Կանադա է վերադառնալու փառատոնին մասնակցելու համար:
Մոնրեալի «Գազետ» օրաթերթը մանրամասնություններ է տպագրել մշակութային կենտրոնի վերածված նախկին գյուղաքաղաքի մասին, որը գտնվում է Վերմոնտի դալարալանջ լեռների գեղատեսիլ հովանու ներքո:
Հ. Ծ.