ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման հարցը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նախագահի հավանական դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման վերահաստատել է իր որոշումը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանին ուղղված նամակում սենատոր Օբաման գրել է. «Ես կիսում եմ Ձեր տեսակետը, համաձայն որի Միացյալ Նահանգները պետք է ճանաչի 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում կատարված իրադարձությունները: Մենք պետք է ճանաչենք այս ողբերգական իրականությունը: Բուշի վարչակազմի մերժումը այս հարցում աններելի է, եւ ես կշարունակեմ անկեղծորեն արտահայտվել` փորձելով համոզել վարչակազմին փոխել իր դիրքորոշումը»: Սենատոր Օբաման արտահայտել է նաեւ իր մտահոգությունները 2006 թ. Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսին Հայոց ցեղասպանության մասին անկեղծորեն խոսելու համար պաշտոնից ազատելու կապակցությամբ: