Տաբու. ահա այսպես էր անվանել իմ բարեկամ Վահագն Մուղնեցյանն իր նոր գիրքը, ինչը, այսինքն` տաղանդավոր գրողի նոր գիրքը, ինձ շատ ուրախացրեց, միանգամից հերքելով հասարակության մեջ ծամելու թեմա դարձած մի շարք նույնաբանություններ. որ ամեն ինչ թողած` քաղաքականությամբ ու հեղափոխությամբ ենք զբաղված ազգովին, որ լավ գիրք, բարձրորակ գործ չի ստեղծվում, որ... ընթերցող չկա: Ահա իմ բարեկամ Վահագն Մուղնեցյանն իր օրինակով մեկ-մեկ հերքում է այս բոլոր երեքն էլ` ցույց տալով, որ ավարա բաներով զբաղվելը, ավել-պակաս խոսելը թողած ամենքը եթե իրենց գործով զբաղվեն, էս երկիրը երկիր կդառնա, գիրք, էն էլ հիանալի, ստեղծված է, ես էլ` նրա ընթերցողը:
Դե լավ` այս հուսադրող թեմայից անցնենք անհույսին` քաղաքականությանը եւ տապակվենք ձեթը բազմաթիվ անգամ վառած մեր թավայում:
Ուրեմն` ԵԽԽՎ բանաձեւի կատարում, մոտեցող ԵԽԽՎ նստաշրջան. մերոնք եւ նրանք, նրանք եւ մերոնք... Հեղինակը ես չեմ այս բաժանման, այլ մեր քաղաքական դաշտը. նոր «պռիզնատ»-ի տեղ եւ օբյեկտ են գտել, ու մի կողմը եվրոպացիներին ուզում է ապացուցել, որ ինքը դասը լավ է սովորել ու «հինգի» չէ, գոնե «չորսի» արժանի է, մյուս կողմը ուզում է, որ երկիրն ու ապացուցողը «երկու» ստանան ու դրա համար ամեն ինչ անում է:
Լրջանանք` ընդհանուր տպավորությունը հեռու չէ վերը նկարագրվածից, ու նույնիսկ բանը հասնում է անհեթեթության: Ընդդիմությունը համազեկուցողների հետ հանդիպումից հետո գլուխ է գովում, թե` այս հակաժողովրդավար, հանցագործ եւ քաղաքական հետապնդումներ իրականացնող իշխանությունների լեշը փռեցինք, ինչ կար-չկար պատմել ենք, համազեկուցողներն էլ գլուխներն են տմբտմբացրել, ու մի տես, թե ոնց են, է, մեզ, այսինքն` Հայաստանին ձայնի իրավունքից զրկում: Մյուս կողմն ասում է` բացատրեցինք, որ բավական քայլեր ենք արել, հո մի գիշերում ժողովրդավար չե՞նք դառնա, ժամանակ տվեք, պապայի արեւ, քաղբանտարկյալներին ջոկել ենք քրեական հանցագործներից: Դեռ ավելացնում են, թե էս Կոլումբիեն էնքան էլ կարծես գոհ չէր ընդդիմության ղեկավարի անզիջում կեցվածքից, լավ ջոկել է` ով ով է:
Մի խոսքով` սովորական մարզական միջոցառում, համարյա ֆուտբոլ` գնդակը մի դաշտից տշում են մյուսը եւ հակառակը, բայց... գավառական մակարդակի ֆուտբոլ: Մեկն ասում է` բանաձեւի պահանջները կատարում եմ, բայց էդ բանաձեւը հո կոալիցիան է գրել, կոալիցիան անձամբ չէ` իր հուշագիրն ուղարկել է, եվրոպացիներն արտագրել են, մյուսն ասում է` իմիտացիա եք անում: Միտացիա-իմիտացիա, էլ եսիմ ինչ` մուտացիա չի՞ լինի...
Իրականում այս բոլորը կարող է ծիծաղելի դառնալ, երբ, ասենք, Հայաստանի հարցն այդպես էլ չմտնի մի քանի օր հետո բացվող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ, ու այդ իրողության պատուհանից այս վերջին օրերի փոխադարձ կուրծքծեծոցիները, ախր, շատ զվարճալի կարող են լինել: Որովհետեւՙ ապա փորձեք կողքից նայել ձեզ, հարգելի քաղաքականներ, քրտնմխած ու կարմրած այտերով որ ուզում եք երկիրը սեւերես անել կամ արդարանալ, գինը իշխանական աթոռը չէ՞, որը միայն ու միայն ձեզ է պետք եւ ոչ մեր ժողովրդին, որի պետությունն ու երկիրն է խայտառակ լինում, դուք` չէ...
Իսկ երկիրն, իսկապես, կարիք ունի փոփոխությունների: Եվ այդ փոփոխությունները պետք է արվեն ոչ ի հեճուկս հասարակության եւ ոչ էլ` «միայն մենք»-ով: Համբերատար, տեւական, հավակնազերծ աշխատանքով միայն: Խոսքը հավակնոտ ծրագրերի մասին չէ, որտեղ մարդ չի հասկանում` «հավակնոտ» բառը բացասական իմաստ ունի ավելի, թե՞ չէ. համենայն դեպս բառարաններում հավակնոտ բառի դիմաց բացասական երանգ ունեցող հոմանիշներ են գրված:
Հ.Գ.- Ապահովենք լրատվական մասը: Երեկ «Ժառանգություն» խմբակցությունը կալանված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին առաջարկել էր իր տեղերում ընդգրկել մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում: Վերջինս երեկ իր նիստում ընդունելի չի համարել այդ առաջարկը` պատճառ որպես նշելով, որ յուրաքանչյուր խմբակցություն իր անդամներին միայն կարող է առաջարկել հատկացված երկուական տեղերում: Հանձնաժողովը նամակով պետք է պատասխանի Ր. Հովհաննիսյանի առաջարկին` խնդրելով «Ժառանգությունից» պատգամավորներ գործուղել հանձնաժողով: Երեկ այս հանձնաժողովը իր կանոնակարգն էր որոշում, ապա եւ քննարկում էր, թե հատկապես ո՞ր արտախորհրդարանական ուժերին հրավիրի խորհրդակցական ձայնով մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Երեկվա նիստը ձգվեց ժամեր եւ չավարտվեց, այսօր դեռ շարունակություն է ունենալու` այդ բարդ խնդիրը լուծելու համար. չեն կարողանում վճռել, թե հատկապես ո՞ր ուժերին հրավիրեն` ասենք, խորհրդարանական ընտրություններում մինչեւ 5 տոկոս հավաքած կուսակցությունների մեջ հրավիրելու համար քանի՞ տոկոս քվե ունենալն է սահմանագիծը: Կամ` ո՞ր նախագահի թեկնածուների ներկայացուցիչներն են հրավիրվելու (բացի Տեր-Պետրոսյանից, որի անունն առանձին նշված է, որ հրավիրվելու է): Այսօր արդեն պետք է արտախորհրդարանական ուժերին հրավերներ ուղարկվեն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ