Այս տարի Երեւանում ծրագրվում է բացել կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց: Թե ինչպիսին կլինի համագործակցությունը մոսկովյան նմանօրինակ դպրոցի հետ, «Ազգի» հետ զրույցում իր կարծիքն է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ժողովրդական տնտեսության ակադեմիայի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր տնտեսագետ ՍԵՐԳԵՅ ՔՈԼԵՆՋՅԱՆԸ:
- Ե՞րբ եւ ինչպե՞ս ծնվեց Երեւանում կորպորատիվ կառավարման դպրոց բացելու գաղափարը եւ որքանո՞վ է դա արդիական:
- Նման դպրոց Երեւանում ստեղծելու գաղափար դեռեւս 10-15 տարի առաջ ունեցել է ակադեմիկոս Աղանբեկյանը, սակայն մի շարք հանգամանքների պատճառով դա չի հաջողվել իրականացնել: Այդ նպատակի իրագործման այս նոր նախաձեռնությունը պատկանում է բիզնես կառավարման դոկտոր Ռադիկ Վանունցին: Վերջինս էլ հենց երեւանյան դպրոցի հիմնադիրն է, ով, ի դեպ, ժամանակին ուսանել է մոսկովյան մեր դպրոցում: Վերջերս երեւանյան դպրոցի գործունեությանն աջակցելու վերաբերյալ համապատասխան հուշագիր ստորագրվեց Երեւանում Ա. Աղանբեկյանի մասնակցությամբ:
Ինձ համար անակնկալ էր բիզնես կառավարման բարձրագույն ոլորտի կադրերի ուսուցման ծրագրերի բացակայությունը Հայաստանում: Հայկական բիզնես դպրոցը կներառի այս երկրի բոլոր առանձնահատկությունները եւ բաց կլինի համագործակցության համար: Բնականաբար, այն ավելի սերտ կապեր կունենա մոսկովյան դպրոցի հետ:
- Հայաստանում սեփականատերը միաժամանակ զբաղեցնում է տնօրենի, մենեջերի ու էլի մի քանի պաշտոններ: Սա խնդիր չէ՞:
- Երբ ժամանակին սկսում էինք գործունեությունը Մոսկվայի դպրոցում, մեր առաջին հաճախորդները եւս այդ կարգի էին: Տարիների հետ իրավիճակը փոխվեց, այժմ ավելի քիչ սեփականատերեր են ընդունվում, որոնք համատեղում են նաեւ գործադիր տնօրենի պաշտոնը: Իմ տպավորությամբ, Հայաստանի բիզնես կրթության վիճակը նման է 10-15 տարի առաջվա Ռուսաստանի վիճակին:
- Ինչպիսի՞ դիպլոմ կստանան դպրոցն ավարտողները եւ ընդունելի կլինի՞ հանրապետության ներսում եւ նրանից դուրս:
- Այս հարցը մի քանի փուլից է բաղկացած, որոնցից ամենաառաջինը հայաստանյան օրենսդրությանը համապատասխան դպրոցի ստեղծումն է, ապա նաեւ կապերի հաստատումը, բնականաբար, առաջին հերթին ռուսաստանյան դպրոցի հետ: Այլ երկրներում բարձր վարկանիշի դիպլոմի համբավ ձեւավորելու համար դպրոցը պետք է ունենա ներկայանալի պատմություն, կրթության բարձր որակ, բարձրորակ արեւմտյան կրթությամբ դասախոսական կազմ եւ այլն: Ամենայն հավանականությամբ, դպրոցն ավարտողները սկզբնական շրջանում կստանան ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի դիպլոմ` բիզնես կառավարման դոկտորի որակավորմամբ:
- ԱՊՀ որեւէ երկրում կա՞ այդօրինակ դպրոց: Եվ արդյոք Հայաստանում այդ դպրոցի ստեղծումը ավելի շատ պայմանավորված չէ՞ ձեր եւ Աղանբեկյանի հայ լինելով:
- Արդեն 4-րդ տարին Ղազախստանում մենք ունենք այդ փորձը` Ալմաթիում գործող մասնավոր դպրոցներից մեկում: Ես այլ օրինակներ չգիտեմ: Երեւանում նման դպրոց ունենալը մի քանի նախապայման ունի: Նախ, կարծում եմ, հայերը, որտեղ էլ լինեն, եթե կարող են` պետք է իրենց երախտիքն արտահայտեն պատմական հայրենիքի նկատմամբ: Բացի այդ, առկա է նաեւ ռուսաստանյան դպրոցի զգալի հաջողակ փորձը: Կարեւոր է կրթության նկատմամբ մասնագիտական մոտեցումը, եւ մեր նպատակն է, որ դպրոցի շրջանավարտները համապատասխանեն գործատուների պահանջներին: Ես բիզնես կրթության հետ կապված տարբեր ասոցիացիաներում եմ ներգրավված, միջազգային հանդիպումների ու կոնֆերանսների եմ մասնակցում, բայց գոնե մի տեղ հայ ներկայացուցչի չեմ հանդիպել: Մեր դպրոցն այնպիսի հաճախորդների համար է, որոնք արդեն իսկ բիզնես կառավարման որոշակի փորձ ունեն: Կրթությունը կլինի եռամյա, տարվա կտրվածքով միջինը քսան մարդ կարող է ընդունվել: Ընդ որում, բծախնդրորեն կընտրվեն ինչպես դիմորդները, այնպես էլ դասախոսական կազմը, որի մեծագույն մասը` մոտ 80 տոկոսը, կհրավիրվի արտերկրից:
- Որքանո՞վ է երաշխավորված, որ Երեւանում ռուսաստանյան դիպլոմ ստացողները չեն հայտնվի Ռուսաստանում` նկատի ունենալով առավել լայն հնարավորությունները:
- Մոսկովյան դպրոցում սկզբում դիմորդների գերակշիռ մասը այնպիսի մարդիկ էին, որոնք արդեն իսկ հաջողել էին իրենց բիզնեսում` Աստծո օգնությամբ, համառությամբ, սեփական որակների հիման վրա, հանգամանքների բերումով, կապերի միջոցով եւ այլն: Եվ ընթացքում գալիս է պահ, որ պետք է պահպանել այդ ձեռքբերումները: Դրա համար արդեն կոնկրետ հմտությունների ու գիտելիքների անհրաժեշտություն է առաջանում, որոնք անհրաժեշտ են մրցունակ տնտեսության համար, այլ ոչՙ «կապերի տնտեսության»: Իրենց իսկ շահերից ելնելով, մեզ մոտ ամենից առաջ կգան նրանք, ովքեր հասել են ինչ-որ հաջողության ու պետք է դառնան շուկայի նորմալ «խաղացողներ», այլ ոչ հարցերը քննարկեն ռեստորանային մակարդակով: Կարծում եմ, ոչ մեկն էլ ուրիշ տեղ չի գնա, այլ կշարունակի իր գործունեությունը` ավելացնելով իր երկրի մրցակցային առավելությունը:
- Նման կրթությունը չի կարող էժան լինել: Արդյոք մեր գործարարները պատրա՞ստ են նման ծախսեր կատարել, այն էլ կրթության համար:
- Դեռեւս հին հույներն էին ասում, որ սովորել ուզում են շատերը, բայց վճարել դրա համար` քչերը: Դա նաեւ հետսովետական հիվանդություն է: Բայց արդի տնտեսությունը ամենից առաջ գիտելիքի տնտեսություն է, ուստի պետք է կարեւորվի: Եթե նայենք, թե հայերն իրենց ինչպես են պահում ռեստորաններում, կազինոներում, ապա հսկայական գումարներ են ծախսվում, մինչդեռ կրթության համար վճարելը հետագա առաջընթացի գրավականն է: Որակյալ կրթությունը չի կարող էժան լինել, բայց այն արդարացնում է: Օրինակ, մոսկովյան դպրոցում, երբ ունկնդիրներին առաջարկվեց անվճար ուսուցում` պայմանով, որ կրթություն ստանալուց հետո հետագայում բիզնեսում առաջընթաց գրանցելուց որոշակի տոկոս վճարեն, ոչ մեկը դրան չհամաձայնեց:
- Արդյոք ռուսաստանյան դպրոցի մագիստրատուրայի (MBA) ծրագիրը հիմք կծառայի՞ երեւանյան դպրոցի համար:
- Մոսկվայում մեր դպրոցը պատրաստում է բիզնես կառավարման թե՛ մագիստրոսներ եւ թե՛ դոկտորներ: Մագիստրատուրայի ծրագրերը հավատարմագրվել են Բիզնես կրթության եվրոպական խորհրդում եւ այժմ անցնում ենք դոկտորի կոչման հավատարմագրմանը նույն ինստիտուտում: Մեր ծրագրերը համապատասխանում են բովանդակության եւ որակի եվրոպական պահանջներին, նույնըՙ նաեւ դասախոսական կազմի առնչությամբ: Զուգահեռաբար մենք անդամակցում ենք բիզնես դպրոցների եւ ծրագրերի ամերիկյան ասոցիացիային:
Հայաստանյան դպրոցում մեր գործունեությունը կսկսենք բիզնես կառավարման դոկտորի ծրագրից:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ