Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ քննարկեց ինտերնետ ծառայություններ մատակարարող «Վեբ», «Արմինկո» եւ «Քրոսսնեթ» ընկերությունների բողոքն ընդդեմ «Արմենտել» ընկերության: Ինտերնետ մատուցող ընկերությունները հանձնաժողովին էին դիմել երեք հիմնական հարցերի առնչությամբ: Առաջինը, որ ունենալով մենաշնորհային դիրք հանրային համակցված հեռախոսացանցի համար վարձակալած գծի ծառայությունների շուկայում, «Արմենտել»-ն այդ ցանցի միջոցով վերջնական սպառողներին մատուցում է բարձր արագությամբ եւ ցածր գներով ինտերնետ հասանելիության ծառայություն («Հայ Լայն»), հանրային համակցված հեռախոսացանցը վարձակալության չտրամադրելով այլ լիցենզավորված ընկերություններին եւ հնարավորություն չտալով, որ նրանք եւս նման ծառայություններ մատուցեն:
Պրովայդերների բարձրացրած երկրորդ հարցն այն էր, որ տվյալների փոխանցման համար վարձակալած գծերի ծառայությունների շուկայում ունենալով մենաշնորհային դիրք, «Արմենտելը» մերժում է հատկացված գծերի վարձակալության տրամադրումը պրովայդերներին: Ինտերնետ մատակարարներին հուզող երրորդ հարցն էր, որ անհրաժեշտ է Հայաստանում իրականացնել օպտիկամանրաթելային կապով արտաքին կապուղիների մատակարարման շուկայի ուսումնասիրություն եւ որոշել գերիշխող դիրքի առկայությունը, ինչն էական ազդեցություն է թողնում ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայի եւ այնտեղ ձեւավորվող գների վրա:
Հանձնաժողովը հարուցել էր վարույթ: Այդ ընթացքում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ինտերնետ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչները պնդել են, որ «Արմենտել»-ը տեխնիկապես հնարավորություն ունի հեռախոսային գծերը վարձակալությամբ տրամադրելու պրովայդերներին, եւ որ պահից ընկերությունը համաձայնի եւ առաջարկի իր հեռախոսագծերի վարձակալության սակագինը, այդ պահից իրենք պատրաստ կլինեն մատուցել վերոնշյալ ծառայությունները: «Արմենտելը» դրան պատասխանել էր, որ պատրաստ է իր գծերը վարձակալությամբ տրամադրել հստակ տեխնիկական, կազմակերպչական եւ այլ պայմանների առկայության դեպքում: Ինչ վերաբերում է հատկացված գծերի տրամադրման մերժմանը կամ հետաձգմանը, ապա, ըստ «Արմենտել»-ի պատճառաբանության, ներկայումս դրանք արդիականացվում են` պղնձալարերը փոխարինվում են օպտիկամանրաթելային մալուխներով, միաժամանակ լուծելով նաեւ տեխնիկական, անվտանգության եւ արդյունավետության հարցերը:
Հաշվի առնելով խնդրի տեխնիկական առանձնահատկությունները, հանձնաժողովը կողմերին առաջարկել էր համաձայնության գալ: «Արմենտելի» եւ 7 պրովայդերների («Վեբ», «Նեթսիս», «Արմինկո», «Սոֆթ Լինք», «Քրոսսնեթ», «Կոռնետ» եւ «Յուկոմ») միջեւ ստորագրվել էր հուշագիր, որտեղ ամրագրվել էին մի շարք դրույթներ, փոխգործակցության կանոններ ծառայությունների փոխադարձ տրամադրման, տրաֆիկի փոխանակման վերաբերյալ` նպատակ ունենալով բարձրացնելու ինտերնետ ծառայությունների տրամադրման որակը, պաշտպանելու վերջնական օգտագործողի շահերը:
Սակայն, ինչպես նիստի ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, «Արմենտել»-ը չի կատարել այդ հուշագրի դրույթները: «Կա ծառայություն, որն ուզում են օգտագործել պրովայդերները, սակայն դուք մերժում եք: Հետեւաբար, արձանագրվում է, որ գերիշխող դիրքն է ստեղծում այդ մերժման հնարավորությունը»: Ապա հանձնաժողովի նախագահն ավելացրեց, որ եթե ընկերությունը պրովայդերներին այդ ծառայությունը մատուցելու հնարավորություն չտրամադրի, ապա պետք է տեխնիկապես հիմնավորի իր արարքը եւ ինքն էլ դադարի տրամադրել այդ ծառայությունները:
«Արմենտելի» ներկայացուցիչները հարցի վերջնական լուծման համար հանձնաժողովին խնդրեցին 15 օր տրամադրել: Հանձնաժողովը քվեարկությամբ համաձայնեց «Արմենտելին» տրամադրել այդ ժամանակըՙ պրովայդերների հետ նշված հարցում հարաբերությունները պարզելու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ