Սա ՀՀ արդյունաբերության զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի մեջբերումն է Հայաստան ժամանած զբոսաշրջիկի խոսքից: Բնավ չկասկածելով մեր երկրի բուսական հարստության թողած հաճելի տպավորությանը, շատ պիտի ցանկանայի նույն զբոսաշրջիկներից իմանալ, թե բուսական դրախտավայրն է՞լ ինչի են նմանեցնում, երբ տեսնում են հազար ու մի հավասարումներով ու նույնիսկ հայհոյանքներով պղծված մշակութային հուշարձաններ եւ Երեւանում, եւ մարզերում: Կամ` ի՞նչ է զգում Հայաստան ժամանած եվրոպացի կամ ամերիկացի տուրիստը, որ սովոր է իր երկրում փոշեկուլով հավաքվող եւ ջրի շիթով մաքրվող փողոցներ տեսնել, երբ քայլում է մայրաքաղաքի, ասենք, Վերնիսաժի ավերված այգով կամ Տիգրան Մեծի պողոտայով (մինչեւ «Տաշիր» հանրախանութ ընկած պողոտայի ձախ մայթը Հանրապետության հրապարակից գնալիս), ուր փողոցային առեւտրի ամենատարբեր կույտերի շարքերում շնչում է արդեն փափկած ձկան հոտն ու քիչ այն կողմ սարքվող եւ տեղում վաճառվող օղաբլիթի «ձիթաբույրը», էլ չասենք պանիր վաճառողների ու հենց մայթի կենտրոնում ամրացած հացի կրպակի մասին: Ի՞նչ է զգում տուրիստը, երբ զուգարան է փնտրում, իսկ նրան ասում են, որ դրա համար ընդամենը մի քանի օր պետք է սպասի, քանի որ նոր էկո-զուգարանները դեռ տեղադրված չեն: Իհարկե, նույնիսկ ընդդիմադիր դաշտի ամենաոխերիմ լրագրողը գուցե թե մի պահ վարանի Հայաստան ժամանած հյուրին վերոհիշյալ հարցերը տալ, սակայն փաստ է, որ մինչ պաշտոնյան կխոսեր այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան եկած 83 000 տուրիստների եւ տուրիզմի ոլորտում «ոչ թանկ» եւ օրեցօր լավացող հյուրանոցային սպասարկման որակի մասին, եւ մինչ դուք կավարտեք այս հրապարակման ընթերցանությունը, մի քանի տուրիստ այսպես թե այնպես կբախվեն մեր մատնանշած խնդիրներին ու դժվար թե իրենց կարծիքը համերկրացիներին փոխանցելիս չհիշատակեն խնդիրներից ամենակենսականները` Երեւանի էկոլոգիական ու սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակը, շատ դեպքերում որակյալ գիդերի պակասն ու էլի խնդիրներ, որ միայն տուրիստի աչքին են ցայտուն. տեղացիներս սովոր ենք դրանց:
Այնուամենայնիվ, «Ուրբաթ» ակումբի երեկվա բանախոսը հիշատակեց, որ 2006-ին զբոսաշրջության ոլորտում ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 299 մլն դոլար, 2007-ին` շուրջ 400 մլն դոլար: Վարչության պետի խոսքից ենթադրվում է, որ ընթացիկ տարին նախորդներից չի տարբերվելու: Կնշանակիՙ առավել շատ տուրիստներ են այցելելու Հայաստան եւ մեր հայտնի Գառնի-Գեղարդի, Սեւանի ու Ծաղկաձորի լեփ լեցուն հանգստյան տների կողքին, այնուամենայնիվ, տեսնելու եւ զգալու են այն անհարմարությունները, որոնցից քաջատեղյակ են զբոսաշրջության ոլորտի բանախոսները արդեն 10-15 տարի:
Բայց թող տպավորություն չստեղծվի, թե մեր պաշտոնյաները ձեռքերը ծալած նստած են: Նրանք ոգեւորվում են մասնավոր տուրօպերատորական ոլորտի զարգացմամբ (Հայաստանում գործում է զբոսաշրջային 150-ից ավելի ընկերություն) եւ պատվիրում են ֆիլմեր, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես ամառ-ձմեռ զբոսաշրջության համար հետաքրքրական երկիր: Ֆիլմերը ցուցադրվում են CNN եւ Euronews հեռուստաընկերություններով: «Խնդիր ունենք նաեւ ճանապարհները ինֆորմացիոն վահանակներով կահավորելու հետ կապված: Երեւան քաղաքում արդեն անցյալ տարվանից այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց մարզերում այդ խնդիրն, իհարկե, ունենք»: Մ. Ապրեսյանը հավաստիացրեց, որ մարզերում աշխատանքներ տարվում են, բայց կոնկերտ չնշեց, թե որտե՞ղ են տեղադրում ինֆորմացիոն վահանակներ այս օրերին:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ