«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2008-06-17 | #115, 2008-06-18 | #116, 2008-06-19


ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՎԻՐԱՏՎԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՐՔՈՒՄ

Միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական հարցերով զբաղվող մասնագետներին, ինչպես նաեւ եկեղեցու եւ իրավունքի պատմաբաններին է հասցեագրված Լեւոն Սարգսյանի «Հայաստանի նվիրատվական արձանագրությունները, 9-16-րդ դդ.» գիրքը, որտեղ մատենագիտական եւ վիմագրական սկզբնաղբյուրների լայն հենքի վրա, բազմաթիվ փաստերի վկայակոչմամբ առաջին անգամ քննարկվում եւ դասդասվում են նվիրատվության եղանակներն ու ձեւերը, անշարժ ու շարժական կայքի ու գույքի, գրքերի, սրբազան մասունքների նվիրատվության եւ ապահարկության հիմնահարցերը: Սակայն գիրքը գրավիչ է նաեւ սովորական ընթերցողի համար:

Հայերեն վիմական արձանագրությունները հարուստ նյութեր են պարունակում Հայաստանի եւ հարեւան երկրների հասարակական-քաղաքական եւ տնտեսական կյանքի ուսումնասիրման տեսակետից: Սակայն այդ կարեւոր աղբյուրները դեռեւս բավարար չափով ուսումնասիրված չեն: Հայկական վիմագրերը առեւտրական գործարքների, պատմական իրադարձությունների եւ իրավական բնույթի հիշատակումների վկայություններ են եւ որոշակի պատկերացում կարող են տալ այս կամ այն ժամանակաշրջանին բնորոշ իրողությունների մասին: Հիշատակագրային, շինարարական, նվիրատվական, իրավականոնական, կրոնաբարոյախոսական եւ խառն արձանագրություններից պատմագիտական առումով առավել մեծ արժեք ունեն նվիրատվական արձանագրությունները, որոնք պարունակում են անուններ եւ տեղանուններ, ունեցվածքի եւ նվիրատվությունների հիշատակություններ, հայոց իշխանների եւ հոգեւոր դասի` նվիրատուների եւ նվիրատվություններն ընդունողների մասին մեծարժեք տեղեկություններՙ որպես երկրի, նրա տնտեսական, հոգեւոր-մշակութային կյանքի մասին ակամա տարեգրություններ:

Վիմական արձանագրությունները նույն արժեքն ունեն, ինչ մատենագրական սկզբնաղբյուրները, միայն թե վերջիններս գրվել են մագաղաթի կամ թղթի վրա, իսկ քարակերտ մատենագրությունը` ժայռերի եւ հարթեցրած ժայռաբեկորների: Նվիրատվական արձանագրությունների բացառիկ արժեքավոր նմուշներ պահպանվել են Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն տանն Սիսական» աշխատության էջերում, որոնցից շատերն այսօր չկան` եղծվել կամ անհետացել են:

Գրքի «Նվիրատվական հոդվածները կանոնական որոշումներում եւ դատաստանագրքերում», «Անշարժ ու շարժական կայքերի ու գույքերի նվիրատվություն», «Դրամական նվիրատվությունները եւ պատարագների արարողության օրերը» գլուխներում կարելի է գտնել տեղեկություններ միջնադարյան Հայաստանի կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ, նվիրատվությունների մասին արձանագրությունների օրինակներ, նրանցից քաղված տեղեկությունների պատմահամեմատական վերլուծությամբ:

Լեւոն Սարգսյանի գրքում Հայաստանի զարգացած ավատատիրության դարաշրջանի նվիրատվական արձանագրություններն իբրեւ առանձին ուսումնասիրության առարկա առաջին անգամ ամփոփ կերպով գիտական շրջանառության մեջ են դրվում: Ուսումնասիրության ամփոփումը բավական հետաքրքրական դրույթներ ունի: Ահա այդ 14 դրույթներից մեկն ուսումնասիրության հեղինակին բերել է այն եզրակացության, որ միջնադարյան Հայաստանում բարոյական առումով նվիրատվությունները եղել են կամավոր եւ հարկադրական. վերջինս պայմանավորված է եղել օտար ներխուժողների տիրապետության ժամանակ սեփական գույքը ապահարկված եկեղեցու հովանու ներքո պահպանելու եւ բարվոք իրադրության պայմաններում դարձյալ սեփականելու նկատառումով:

Մյուս եզրակացությունները նույնքան հետաքրքրական են:

Իսկ ահա նվիրատվական արձանագրությունների մի շարք ինքնատիպ, դրանով իսկ կառուցվածքով եւ թեմաներով հատկանշական օրինակներ փնտրեք գրքում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4