Հունիսի 17-ին` մեծ բանաստեղծ Պարույր Սեւակի եղերական մահվան օրը, նրա հայրենի գյուղում` Զանգակատանը, բանաստեղծի ձեռքերով աճեցրած այգու հովանու ներքո, իր շիրիմի առաջ տեղի ունեցավ «Պոեզիայի օր» միջոցառումը, որը քնարերգության տոն լինելուց բացի համաժողովրդական հարգանքի տուրք էր մեծ բանաստեղծի հիշատակին:
Ներկա էին ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, բանաստեղծներ Երվանդ Պետրոսյանը, Գագիկ Դավթյանը, Վարուժան Խաստուրը, Վարուժան Խոյենցը, Մանասեն, Սոնա Վանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը եւ հանրապետության տարբեր վայրերից ժամանած սեւակյան պոեզիայի երկրպագուներ, ուսանողներ, դպրոցականներ:
Ստվերախիտ այգով մեկ տարածվում էին Պ. Սեւակի ձայնագրությունները մոցարտյան ռեքվիեմի հնչյունների ներքո: Հնչեցին նաեւ Պ. Սեւակի խոսքով գրված երգեր «Շարական» համույթի մեներգիչ Գ. Համբարյանի սքանչելի կատարմամբ:
Այս տարի Գրողների միությունը Մանասեին հանձնվեց «Գարուն» ամսագրի մրցանակը, իսկ միջոցառումը եզրափակվեց Արարատի մարզպետի սահմանած «Պ. Սեւակի անվան գրական մրցանակ»-ը բանաստեղծ Հուսիկ Արային հանձնումով:
ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թանգարանի տնօրեն
Սեւակյան ավանդ
1971-ի հունիսի 17-ին ավտովթարի հետեւանքով կյանքից հեռացավ մեծն Պարույր Սեւակը: Բայց ավտովթարը նյութական աշխարհի դրսեւորումն էր: Հոգեւոր վթարը` խորը հիասթափությունն ու ծայրաստիճան լարվածությունը դարձել էին նրա կյանքի ուղեկիցը: Եվ այդ վիճակին նրան հասցրել էր այն մթնոլորտը, որը տիրում էր ամենուր եւ որի հոգեւոր հայրը ինքըՙ Կարմիր հրեշն էր եւ այդ անաստվածության հրեշի, այդ «խավարի» մտածողության դեմ էր ուղղված նրա ամբողջ պոեզիան:
Այսօր մենք ապրում ենք ազատ, անկախ Հայաստանում: Ունենք փոքր ազգի համար ամենակարեւորը` պետականություն: Աշխարհի 1/6 մասին տիրած Կարմիր հրեշը այլեւս չկա, իսկ փոքրիկ Հայաստանը կա, որովհետեւ հայորդիները մեր տիրոջՙ Հիսուս Քրիստոսի խաչին ապավինելով էին գնում մարտի` Հայրենիքը պաշտպանելու, իսկ տուն վերադառնալով առաջին հերթին ձեռնամուխ էին լինում վերականգնելու մեր խոնարհված եկեղեցիները:
Մեր ազգը այսօր զարթոնք է ապրում: Եվ խավարի քնից մեզ բոլորիս արթնացրեց Պարույր Սեւակը իր «Անլռելի զանգակատնով», «Եռաձայն Պատարագ»-ի զանգերի ղողանջներով: Նա` Պարույրը.
«...զարթնած արդեն,
Հեղուկով մի կուց,
Որ պարգեւում է ձնհալն անխուսափ», զովացրեց`
«Մա՞րդ լինի, երկի՞ր, թե՞ հավատ,- մե՜կ է,
Ամենքի դեմքը`
Իր ամենաբուժ մատների հետքը
Անջինջ թողնելով սրա ու նրա
Դեռ գոց կոպերի,
Դեռ փակ շուրթերի,
Տակավին քնկոտ երեսի վրա», եւ այս ամենը նրա համար,
«Որ մենք չապրենք` ինչպես ձուկը
Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ»:
Բայց այսօր մեզ ավելի քան պետք է զգոն լինել: Ավարայրի կամ Սարդարապատի ճակատամարտերում մենք զորեղ էինք, որովհետեւ համախմբված էինք, իսկ թշնամին կոնկրետ երեւում էր եւ մարտի դաշտում էր մեզ հետ ուժերը չափում: Այսօր մեր թշնամին` ի տարբերություն մեզ, հետեւություններ է արել պատմության դասերից, եւ ինչին չկարողացավ տիրել հրով եւ սրով, փորձում է հասնել խորամանկ եւ հմուտ քաղաքականությամբ, այն էՙ պառակտում գցել մեր մեջ եւ հենց ներսից քանդել մեր երկիրը:
Մի՞թե դա էին երազում մեր մեծերը: Ո՛չ եւ հազար անգամ ո՛չ:
Հիշենք եւ կյանքի կարգախոս դարձնենք մեր Եղիշե Չարենցի պատգամը սերունդներին. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է»: Լսենք մեր հանճարներին եւ լինենք միասնական եւ բոլոր ներկաներս, որ այցի ենք եկել Զանգակատուն. խոնարհվելու Պարույր Սեւակի հանճարին, նրա շիրիմի առջեւ աղոթենք Աստծուն իր իսկ տողերով.
«Թողություն տուր, Տե՜ր, ծանր Խավարին,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Թող ծառե՜րն անգամ (առանց եւ քամու),
Հարգանքով Նրա առջեւ կեռանան,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Մեզ վայել չէ եւ պարզապես ամոթ է մեր ներքին խնդիրները դարձնել ողջ Եվրոպայի քննարկման առարկա: Մենք ի վիճակի ենք մեր ներքին վեճերը լուծել առանց հարեւաններին դիմելու:
Ինքնամաքրվենք, ինչպես կանխատեսել է մեծն Պարույրը.
«Եվ փա՜ռք Աստըծու,
Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպե՜ս,
Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում»:
Հաջորդող տողերում հանճարը մարգարեանում է.
«Եվ փա՜ռք Աստըծու,
Որ աղմուկների հասունացումից
Թագադրվում է ո՜չ թե գիշերը,
Այլ օ՜րն է ծնվում»:
Եվ Պարույրի այս մարգարեավանդ խոսքն է ինձ հույս տալիս, որ ցույցերի աղմուկներից միեւնույն է, նորից չի թագադրվի Գիշեր-Խավարը:
Հողմաբերուկ մարտի 1-ի տերեւաթափը ( ինչպիսի՜ զարհուրելի հակասություն` տերեւաթա՜փ-գարնա՜նը) չի կրկնվի: Դա են հաստատում մեր մեծ բանաստեղծի շարունակվող տողերը.
«Եվ փա՜ռք Աստըծու,
Որ մեր հոգու մեջ
Եթե կա ամիս տերեւաթափի,
Ապա կան օրեր եւ աստղաթափի՜,
Եվ աստղաթափի՜...»
Եվ ես հավատում եմ, որ իմ փոքրիկ հայրենիքը, իմ Հայաստանը, որը Աստուծո նախախնամությամբ արարվել է երջանիկ աստղի տակ դեռ կունենա պայծառ օրեր աստղաթափի:
«Հազա՜ր բերան փառք»:
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ