«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2008-06-17 | #115, 2008-06-18 | #116, 2008-06-19


ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԸ «ՄՈԳԱԿԱՆ ՌԵԱԼԻԶՄԻ» ՀԻՄՆԱԴԻՐ

Արձակագիր, բանաստեղծ Վահագն Մուղնեցյանն ստեղծագործում է ավելի քան 35 տարի: Առաջինըՙ 1984-ին հրատարակված «Ճանապարհը շրջանակի մեջ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն էր, որտեղ երեւաց արվեստագետի նուրբ, ուրույն ձեռագիրը: Հետագայում Մուղնեցյանն ընթերցողների դատին ներկայացրեց «Ալիզ» եւ «Եկվորները» վեպերը, որոնք խոր ըմբռնումներով, կերպարների ու տեսարանների գեղեցկությամբ եւ առասպելական պատկերներով հարուստ ստեղծագործություններ են: «Տաբուն» վերոնշյալ վեպերի շարունակությունն է, որ ինքնատիպ լեզվական արտահայտչամիջոցներով արտացոլում է մեր կյանքըՙ 1930-ական թթ. մինչեւ նոր ժամանակները:

Երեկ Գրողների միության դահլիճում տեղի ունեցավ Վահագն Մուղնեցյանի «Տաբու» գրքի շնորհանդեսը:

«Վահագն Մուղնեցյանի յուրաքանչյուր հրապարակում եղել է երեւույթ: Տեղին է հիշատակել ակադեմիկոս Սերգեյ Իսրայելյանի խոսքերը, թե Վահագնը մեր արձակում հիմնեց նորՙ «մոգական ռեալիզմի» ոճը: Գիրքը ներկայացնում է Մուղնեցյանի ոճի ինքնատիպությունն ու յուրահատկությունը: Նրա ստեղծագործությունները դժվար ընթերցելի են, սակայն նոր խոսք ասելու ձգտում ունեն», բացման խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանըՙ գրական վաստակի համար արձակագրին շնորհելով ՀԳՄ-ի մեդալ:

«Հիացնում է գրքի լեզուն, ոճը: Հրաշալի են պատկերները, կերպարների ու տեսարանների նկարագրությունը: Արձակ ստեղծագործություններում էլ արտացոլվել է բանաստեղծի ոգին ու ներաշխարհը», նշեց չարենցագետ Դավիթ Գասպարյանը:

Գրական վաստակի ու ծննդյան 60-ամյակի առիթով Մուղնեցյանը պարգեւատրվեց մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4