«Փառատոնը արտակարգ էր: Չափազանց ոգեւորված էի եւ տպավորված ինչպես ֆիլմերի ընտրությունից, այնպես էլ կազմակերպչական մակարդակից», խոստովանել է «Հայկական դրամատիկական արվեստների դաշնության» (ՀԴԱԴ) տնօրենների խորհրդի անդամներից, մրցանակակիր դերասանուհի Կարինե Քոնդազյանը, արտահայտելով Բոստոնի գեղարվեստի թանգարանում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցած Հայկական ֆիլմերի առաջին փառատոնի մասին:
Փառատոնը տեղի է ունեցել Բոստոնի թանգարանի եւ ՀԴԱԴ-ի սերտ համագործակցությամբ, ի մասնավորի Բո Սմիթի (թանգարանի ֆիլմերի բաժնի տնօրենը) եւ Բիանկա Բահադուրյանի (ՀԴԱԴ-ի նախագահ) անդուլ ջանքերի շնորհիվ, արձանագրելով աննախադեպ հաջողություն: Բոլոր ֆիլմերի ներկայացումները, ըստ մամլո հաղորդագրության, անցել են լեփ լեցուն դահլիճում:
Ցուցադրվել են Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը», Գոռ Կիրակոսյանի «Փոքր քաղաքի մեծ պատմությունը», «Ժողովրդի փաստաբանը», Հրագ Եդալյանի «Չարլզ Գարիի կյանքն ու ժամանակները», Մարկ Տվեյնի կարճ պատմվածքի մոտիվներով Մայքլ Գյուրջյանի «Պատերազմի աղոթքը» եւ կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի 2ՙ «Օրացույց» եւ «Արշիլի դիմանկարը» ֆիլմերը: Վերջինս Ատոմի որդուՙ Արշիլի անվանակոչության մասին է:
Փառատոնի հաջողությանը նպաստել է Վարդանանց ասպետների կազմակերպությունը, որի ներկայացուցիչը նշել է, որ փառատոնը նաեւ համախմբել է Մասաչուսեթսի հայ համայնքի անդամներին: Նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա:
Հ. Ծ.