Հայկուհին եւ Արփին շրջանավարտներ են: Աղջիկներն այս օրերին ավարտական եւ ընդունելության կենտրոնացված քննությունների են մասնակցում եւ արդեն իսկ առաջին քննության արդյունքների հրապարակումից հետո ընկել են ընկճվածության մեջ: Ստացած գնահատականները հայոց լեզվի միասնական քննությունիցՙ անհամեմատ ցածր էին, քան նրանք սպասում էին: «Ամեն ինչ, անգամ մայրիկիս անմեղ ժպիտը նյարդայնացնում էր ինձ այն աստիճանի, որ ես կարող էի գոռալ նրա վրա, բարձրաձայն լաց լինել եւ շրխկացնելով դուռը փակվել իմ սենյակում», անկեղծանում է Հայկուհին: Արփին էլ է նույնանման վարքով արտակարգ իրավիճակ ստեղծել իրենց տանը` դրսեւորելով առավել ագրեսիվություն: Հոգեբանների հետ նրանց հանդիպմանը մասնակցեց նաեւ «Ազգը» այն պարզ պատճառաբանությամբ, որ հայկուհիների ու արփիների այս օրերին կարող ենք հանդիպել գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, ուր շրջանավարտ կա:
Հոգեբան Հասմիկ Սիմոնյանի կարծիքով` «Քննության կարեւորության աստիճանը պետք է նվազեցնել այն աստիճանի, որ երեխան հասկանա չընդունվելն էլ է տարբերակ եւ պետք չէ որպես ճակատագրական մահացու ողբերգություն ընկալել: Իհարկե, սա գալիս է ծնողներից, որովհետեւ նրանց վերաբերմունքն է ձեւավորում երեխայի վերաբերմունքը քննության եւ նրա արդյունքների հանդեպ»:
Թե ի՞նչ վերաբերմունք ունեն ծնողներն իրենց երեխաների քննության մասին, բացահայտվում է հայկական հայտնի ասացվածքի օրինակով. «Հիվանդը չէ հիվանդ, այլ հիվանդատերը»: Ի դեպ, «հիվանդության» մասին: Զավեշտական է, բայց փաստ, որ. «Շատ ծնողներ երեխայի սոցիալական դիրքն առավել են կարեւորում, քան նրա երջանկությունը: «Ի վերջո երեխան կարող է դարբին լինել ու այսօրվա մասնավոր շուկայական հարաբերությունների պայմաններում ե՛ւ ֆինանսապես ապահովված լինել, ե՛ւ երջանիկ: Մինչդեռ, եթե հայկական հին իներցիան չփոխվի ու սոցիալական ձեւական դիրքը տեղը չզիջի ֆինանսական ապահովությանն ու ինքնարտահայտմանը աշխատանքի մեջ, դժվար կլինի հոգեբանական հարցերին պատասխանել: Ի վերջո այդ կրթությունը պետք է հետագայում աշխատանք ու եկամուտ դառնա: Եթե դա չկա, կրթություն ստանալը մի տեսակ ինքնանպատակ է դառնում», համոզված է Հ. Սիմոնյանը:
Հոգեբան Մարինե Անտոնյանն էլ մեկ այլ տեսանկյունից է լուսաբանում հարցը: «Մամայի-պապայի սպասումներն ամենակարեւոր բաներն են շրջանավարտի կամ դիմորդի համար: Եթե երեխան գիտի, որ ինքն ամեն դեպքում ընդունված է ու սիրված նույն մամայի-պապայի կողմից, բնականաբար կյանքի բոլոր շրջադարձերն առավել հանգիստ է տանում. ինչ էլ լինի` նա ընդունելի է իր ծնողների համար: Իսկ ընդհանրապես, եթե մարդն ունի հոգեկան ամրություն, ինքնաճանաչման եւ ինքնագնահատման ճիշտ դրվածք, ի վերջո հոգեկան առողջ վիճակ, բոլոր քննություններից էլ հաղթանակած դուրս կգա, ինչ բալ էլ հավաքած լինի»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս անել, որ քննությունը հոգեկան մեծ տառապանքի չվերածվի քննություն տվողի եւ ծնողների համար, հոգեվերլուծող, հոգեբույժ Արա Չալիկյանը պատասխանում է. «Պետք է գնալ հոգեբանական թրեյնինգների, որի կուլտուրան մեզ մոտ չկա: Դա ժամանակ եւ աշխատանք պահանջող պրոցես է եւ պետք է սկսվի այն ժամանակ, երբ դիմորդն արդեն սկսում է քննության համար դասախոսների մոտ պարապել: Դիմորդը պետք է հոգեբանորեն նախապատրաստվի, ինչպես մայրը ծննդաբերության պատրաստվելու կարիք ունի: Քննությունը, ինչպես ծննդաբերությունը, ինչպես աշխատանքի ընդունվելը, հոգեբանական փորձություն է, որտեղ իրեն ստուգում են: Հոգեվերլուծական տեսակետից դա նման է «ամորձատման», երբ դիմորդը կարող է մտածել, որ չընդունվելու դեպքում ինքը կզրկվի իր նախընտրած հասարակության մեջ առաջ գնալուց: Ուշագրավ է, որ շատերը ձգտում են բուհ ընդունվել վտանգից խուսափելու, ոչ թե գիտելիքներ ձեռք բերելու համար: Օրինակ, բանակից տարկետում ստանալ կամ ամուսնության համար օժիտ` դիպլոմ ունենալ, ծնողների մանկության չկատարված ցանկությունները իրականացնել` տրանսֆերի ձեւով եւ այլն»: Ա. Չալիկյանի կարծիքով. «Քննությունների ժամանակ սթրեսի են ենթարկված ե՛ւ երեխաները, ե՛ւ ծնողները, ե՛ւ հատկապես այն դասախոսները, ովքեր քննություններից առաջ արդեն գիտեն, որ տվյալ երեխան ընդունվել է, քանի որ ծնողը գումարը տվել է, հիմա ինքն այնպես պիտի անի, որ երեխան քննությունն անցնի»: Հոգեվերլուծողն ընդգծում է, որ ծնողների մեջ պետք է հիմնարար լինի հետեւյալ գաղափարը. «Երկուս կստանաս` լավ, հինգ կստանաս` շատ լավ, բայց կարեւորը դու ես, ոչ թե գնահատականը: Շատերը շփոթում են լավ գնահատականը իրենց նպատակի եւ իրենց հետ»:
Թե ինչո՞ւ են այդքան ցավոտ եւ հաճախ հոգեկան առողջության ու հետագա կյանքի համար որոշիչ քննությունն ու ընդունելությունն ընդհանրապես, հոգեբանները մեկնաբանում են հետեւյալ կերպ: «Մի հոգեբան ասել է, որ յուրաքանչյուր փոփոխություն սթրես է, ասում է Մարինե Անտոնյանը: Քննություն տվողի վիճակն ավելի վատթար է, քանի որ նա ինքն իրեն մինչ քննությունն արդեն տվել է որոշակի գնահատական, որը քննության ժամանակ ինչ-որ մեկի կողմից հնարավոր է փոփոխվի»:
«Ինքնագնահատականը, որ կարեւոր է բոլորի համար, կարող է փոփոխության ենթարկվել, հնարավոր ցածր գնահատականի դեպքում շատ ցավոտ հոգեբանական վնասվածք պատճառել, հավելում է Արա Չալիկյանը: Դիմորդը ցավ է ապրում, որ իր երեւակայած կյանքը չի ունենա, որ հնարավորություն չի ունենա երկրորդ անգամ այդ բուհի դիմորդ լինելու ու իր նախընտրած մասնագիտությունը ձեռք չի բերի եւ ուրիշ կյանք կապրի: Նաեւ` ծնողները դժգոհ կմնան իրենից, քանի որ ինքը չի արդարացրել նրանց սպասումները, անլիարժեքության բարդույթ կունենա եւ ինքնագնահատականի իջեցում: Ընդհանրապես հոգեկան ծանր խնդիրներ որպես կանոն առաջանում են այն մարդկանց մեջ, ովքեր մինչեւ սթրեսն ունեցել են նման խնդիրներ: Քննությունն ընդամենը առիթ է, իսկ պատճառները կամ պատճառահետեւանքային արմատները պետք է փնտրել մանկության մեջ», կարծում է հոգեբանը:
«Իսկ ինչպե՞ս թուլացնել լարվածությունը» հարցին զրուցակիցս գտնում է մասնագիտական այսպիսի մոտեցման անհրաժեշտություն. «Կան նեյրոլինգվիստական ծրագրավորումներ, որոնցով կարելի է մարդու հուզմունքը հանել, որ նա գնա, հանգիստ քննություն հանձնելու, բայց իր անձը չի փոխվի դրանից: Սա նշանակում է, որ մեկ ուրիշ խնդրի դեպքում մարդը նորից կընկնի սթրեսի մեջ: Հարկավոր են ավելի պլանային աշխատանքներ, քան «շտապ օգնությունը», որ ուղղակի հարցի մակերեսային, ժամանակավոր հղկում կարող է լինել: Վերջին քննությունների իմ հետազոտությունները ցույց տվեցին, որ քննական համակարգը բարելավվել է, գիտելիքները դրսեւորած երեխաներին ցածր գնահատական դնելը գրեթե անհնար է դարձել, որովհետեւ իրենք բացի գրելուց մի հատ էլ պատճենահանում են տեղում եւ ինտերնետով ստուգում: Սրանք տեխնիկական բարելավումներ են, իսկ սոցիալ-հոգեբանական տեսակետից Հայաստանը մի 10 տարով հետ է ընկել առաջվա վիճակից, որովհետեւ առաջ երեխան ընտանիքից դուրս էր գալիս եւ գիտեր, որ ծնողների սերն ու հարգանքը ուղեկից են իրեն, իսկ հիմա երեխան մի նյարդային հայր ունի, որը մտածում է, թե ոնց պիտի փող աշխատի, եւ մայր, որ մշտապես դժգոհ է հայրիկից»:
Անհաջող հանձնած քննությունն անգամ մխիթարական կողմ կարող է ունենալ ուժեղ անձանց համար. «Շատ երեխաներ սթրեսից կարող են ամրանալ եւ առավել նպատակային դառնալ, եւ հաղթանակը գրեթե կանխատեսելի է», գտնում են հոգեբանները: Պակաս կարեւոր չէ, թե ինչի՞ հետեւանքով է երեխան դուրս մնացել` քիչ գիտելիքի՞, պատահականությա՞ն, թե՞ անարդարության պատճառով: Բոլոր դեպքերում հոգեբանական ամրությունը գերադասելի արդյունք է:
Հոգեբանների կարծիքով` քննության ժամանակ ամեն մանրուք կարեւոր է: «Դասախոսի բարյացակամությունը շատ մեծ նշանակություն ունի: Ես կարող եմ հարցն այնպես ձեւակերպել, որ անգամ իմացող երեխան չհասկանա, թե ինչի մասին եմ ես իրեն հարցնում եւ չպատասխանի: Կան շատ երեխաներ, որոնց հուզականությունը խանգարում է իրենց ունեցած գիտելիքները ցուցադրել, քանի որ դրա համար պետք է չենթարկվի քննողի շահարկմանը», ասում է Հասմիկ Սիմոնյանը: «Բուհական համակարգում կարծես հատուկ միտում կա, որ հարցն այնպես խճճեն, որ դիմորդը շփոթվի ու դիմի այլ միջոցների գնահատական ստանալու համար: Այդ ասպարեզում քննչական գործեր չեն կատարվում: Եթե գիտելիք ունենաս, ի՞նչ քննություն, դու կքննես այդ դասախոսին», գործընկերուհուն լրացնում է Արա Չալիկյանը: Նա նաեւ ուշադրություն է հրավիրում հետեւյալ հանգամանքի վրա. «Հոգեբանների Բայարդ ընտանիքը նշել է երեխայի դաստիարակության համար կարեւոր երկու պայման: Առաջին` ծնողներն իրենք պետք է երջանիկ լինեն: Երկրորդ` երեխան պետք է հնարավորինս ինքնուրույն լինի: Մինչդեռ հայերս հիմնականում հակառակն ենք անում: Եվ ունենում ենք երկչոտ, ոչ ինքնուրույն, խայտառակ հուզականությամբ երեխաներ»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ