«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2008-06-18 | #116, 2008-06-19 | #117, 2008-06-20


«ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԺԽՏԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայտարարում է պետքարտուղարի օգնական Ֆրիդը

Մինչ Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Հաչիկյանին հղած նամակով, որը հունիսի 18-ի համարում «հայանպաստ ահավոր ուղերձ» է բնութագրել «Հյուրիեթը», վերահաստատում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին իր դիրքորոշումը, նույն օրն առավոտյան, մասնակցելով «Կովկասի վերջին զարգացումները» թեմայով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումներին, ելույթ է ունենում պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, ապա եւ պատասխանում հարցերին:

Ելույթում Ֆրիդը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումը պայմանավորում է «նուրբ եւ ցավալի» հիմնախնդիրների հաղթահարմամբ եւ ասում. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի»:

Նշելով այդ մասին, «CNN-Turk»-ը կայքէջում գրում է, որ Ներկայացուցիչների պալատի հայամետ անդամներ Ադամ Շիֆն ու Դայան Վաթսոնը համառորեն հարցրել են. «Ինչո՞ւ ԱՄՆ-ը որպես ցեղասպանություն չի ճանաչում 1915-ի իրադարձությունները», իսկ Ֆրիդը պատասխանել է. «ԱՄՆ նախագահն այդ իրողությունը երբեւէ չի ժխտել: Պարզապես «ցեղասպանություն» հասկացությունը մենք քաղաքական նկատառումներով չենք օգտագործում, որովհետեւ դա ոչ կնպաստի հայ-թուրքական հարաբերություններին, ոչ էլ պատմության հետ Թուրքիայի առերեսմանը»:

Երեկ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում պետք է հարցերին պատասխաներ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հավանական թեկնածու Մերի Յովանովիչը: Ըստ ամենայնի սենատորները ճշտելու էին Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշումը: Ի դեպ, լսումների նախօրյակին Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոնը եւ Ջո Քնոլենբերգը Ներկայացուցիչների պալատ էին ներկայացրել «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը» վերնագրով օրինագիծը եւ պետքարտուղարությունից պահանջել, որ վերացման համար ճնշում գործադրի Անկարայի վրա:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4