Երեկ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր նիստում վերջնականապես հստակեցրեց աշխատելու իր սկզբունքները: Ըստ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանիՙ արտախորհրդարանական ուժերից խորհրդակցական ձայնի իրավունքով որոշվել է հրավիրել 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 3 տոկոսը հաղթահարած քաղաքական ուժերի մեկական ներկայացուցչի: Երեք տոկոսից ավելի քվե հավաքած, բայց խորհրդարան մտնելու 5 տոկոս արգելանքը չհաղթահարած կուսակցություններն են «Ազգային միաբանությունը», ՄԱԿ-ը, «Նոր ժամանակները», նրանց արդեն նամակ-հրավերներ ուղարկված են: Ինչո՞ւ է 3 տոկոսից ավելին հիմք ընդունվել, որովհետեւ, ըստ Նիկոյանի, մնացած բոլոր տոկոսների վրա հիմնվելը կամայական որոշում կլիներ` սա այն տոկոսն է, որով կուսակցությունների մասին օրենքով պետությունը ֆինանսապես օժանդակում է այդ ուժերին, այդպիսով գտնելով, որ հասարակության մեջ դրանք որոշակի ազդեցություն ունեն: Հրավիրվելու են նաեւ փետրվարի 19-ին նախագահական ընտրություններին մասնակցած այն թեկնածուները, ովքեր ներկայացնում են քաղաքական ուժ եւ ԱԺ որոշմամբ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն: Արդեն նամակներ են ուղարկվել Տիգրան Կարապետյանին, Վազգեն Մանուկյանին, Արամ Հարությունյանին: Մնացած թեկնածուները ներկայացված են խորհրդարանում ընդգրկված խմբակցությունների միջոցով: Լ. Տեր-Պետրոսյանն ընդգրկվել էր արդեն ԱԺ որոշմամբ:
Հանձնաժողովը դիմելու է նախագահին կից Հանրային խորհրդին, որ վերջինս իր կողմից մեկ թեկնածու գործուղի հանձնաժողովի նիստերին մասնակցելու, սա փորձ է քաղաքացիական հասարակության մասնակցության խնդիրը լուծելու, թեեւ նա հրավիրյալի կարգավիճակով է մասնակցելու, այսինքնՙ քվեարկելու իրավունք չի ունենալու, մինչդեռ մյուս հրավիրյալները խորհրդակցական ձայնի իրավունք ունեն: Միջազգային փորձագետներին հանձնաժողովն անհատական հրավերներ է հղելու Եվրոխորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջովաննի Բուքիքիոյին եւ Հայաստանում Եվրոպայի միության պատվիրակության ղեկավար Ռաուլ Լյուցենբերգերին: Նախորդ օրն արդեն ԱԺ նախագահը դիմել էր Եվրոխորհրդին եւ ԵԱՀԿ-ին: Եթե հարկ լինի, ավելի ուշ հանձնաժողովը կքննարկի նաեւ ուրիշ միջազգային փորձագետների հրավիրելու խնդիրը:
Արդյոք հանձնաժողովը սահմանված ժամկետում կհասցնի՞ ավարտել իր գործը. Ս. Նիկոյանը հուսով է, թե հասնելու են, դա կախված է, թե որքանո՞վ արտախորհրդարանական քաղաքական ուժերն արագ կարձագանքեն նամակներին եւ արագ կընդգրկվեն հանձնաժողովի կազմում` նոր թափ հաղորդելով աշխատանքին: Կաշխատեն հոկտեմբերի վերջին ավարտել աշխատանքներն, ինչպես ԱԺ որոշման մեջ է նշված: Եթե ավելի շուտ վերջացնեն, ավելի շուտ հաղորդումով հանդես կգան. եթե հանկարծ հանձնաժողովը գտնի, որ իրեն ժամանակ է պետք, էլի հարցեր ունի քննարկելու, կդիմի Ազգային ժողովին եւ կխնդրի երկարացնել ժամկետը:
Հանձնաժողովը կունենա ինչպես հաստիքային ժամանակավոր աշխատողներ, այնպես էլ հասարակական կարգով տեղական փորձագետներ` թիվն ու ուղղությունները հանձնաժողովը կորոշի:
«Ժառանգությանն» ուղղված նամակը երեկ Ս. Նիկոյանն ուղարկել է Ր. Հովհաննիսյանին` շատ կարեւորելով խմբակցության ներկայացուցիչների աշխատանքը ժամանակավոր հանձնաժողովում եւ խնդրանքով, որ խմբակցության անդամներին ուղարկի հանձնաժողովում աշխատելու: «Ժառանգությունից» տեղեկացանք, որ այդ նամակին իրենք կարձագանքեն արդեն խմբակցության ղեկավարի` ԵԽԽՎ-ի նստաշրջանից վերադառնալուց հետո:
Հանձնաժողովը նիստեր կգումարի ամեն երեքշաբթի, լրագրողները ԱԺ կանոնակարգով այդ նիստերին մասնակցելու իրավունք չունեն: Իրազեկման հարցը կլուծվի ճեպազրույցներով:
Արտախորհրդարանական մի շարք ուժեր հասարակական հանձնաժողով են ստեղծել, բայց նրանց գրավոր դիմումներին պետական մարմինները սահմանված ժամկետում պարտավոր չեն պատասխանել կամ տրամադրել փաստաթղթերը, ինչպես որ ԱԺ հանձնաժողովի պահանջով անելու են: Կամ ԱԺ հանձնաժողովը կարող է բոլոր պաշտոնյաներին հրավիրել` պատասխանելու ծագող հարցերին, ինչի լիազորությունն այլ հանձնաժողով ունենալ չի կարող: Ըստ Ս. Նիկոյանի` որքան արտախորհրդարանական ուժերն ակտիվ մասնակցեն հանձնաժողովի աշխատանքին, այնքան հանձնաժողովն ավելի ծավալուն կարող է աշխատել. «Դրա համար անկեղծ դիմում ենք նրանց` ակտիվորեն աշխատել: Կա երկու մոտեցում` գործ չանել եւ խոսել: Մենք ուզում ենք գործ անել, որովհետեւ շատ հստակ է, որ եթե այս հանձնաժողովի որոշումը հասարակության մեծամասնության դրական գնահատականը չստանա, կարծում եմ, դա լավ չի լինի: Ես ցավում եմ, որ հանձնաժողովը դեռ չստեղծված` նրա նկատմամբ անվստահության քարոզ է իրականացվում: Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում դրան կգումարվեն քննադատությունը, վարկաբեկումները»: Ս. Նիկոյանը հանձնաժողովի ստեղծման իսկ պահից մտածել է, որ այդպիսի հանձնաժողովը, որքան էլ օբյեկտիվ լինի, էլի վատ բան ասողներ կգտնվեն երկու կողմից էլ:
Մեր կողմից ավելացնենք, որ հիմա, երբ հանձնաժողովն արդեն ստեղծված է, եւ արտախորհրդարանական մի շարք ուժեր էլ մարտի 1-ի իրադարձությունները քննող հասարակական հանձնաժողով են ստեղծել, ավելի շատ հավանականություն կա, որ երկու հանձնաժողովներն էլ առավել քաղաքական խնդիրներ են լուծելու. երկուսն էլ քաղաքական ուժեր են ներկայացնում, իսկ ինֆորմացիան Հայաստանում ընդունված է օգտագործել ըստ քաղաքական նպատակահարմարության` այն որպես մահակ մեր երկրի քաղաքական ուժերը ճոճում են միմյանց վրա: Այնպես որ, անկախ այդ հանձնաժողովներում ընդգրկված առանձին անձանց որակներից, հազիվ թե այս կարգի հանձնաժողովները ծառայեն ճշմարտության բացահայտմանը, ինչը որեւէ երկրում առանց կասկածների տեղիք տալու ի պաշտոնե անում են դատական մարմիններն ու դատախազությունը: Ինչ-որ հանձնաժողովներ չեն կարող իրավական ատյանների լիազորություններով օժտվել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ