«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2008-06-18 | #116, 2008-06-19 | #117, 2008-06-20


ՎԱՐՉԱՊԵՏԻ 4 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ստեղծվում է եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ

Լրագրողների հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորս հայտարարություն արեց: Մինչ այդ նա հիշեցրեց 20 օր առաջ հանրապետության նախագահի հրավիրածՙ խոշոր, միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունը, որտեղ քննարկել են հարկային եւ մաքսային վարչարարության հիմնախնդիրները, իսկ նախագահը հայտարարել էր, որ պետության եւ մասնավոր հատվածի շահերը բիզնեսի ոլորտում համընկնում են եւ պետք է արագ զարգացման հնարավորություն ապահովել բիզնեսի համար: Այս ընթացքում մշակվել եւ հանրությանն է ներկայացվել հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման համալիր ծրագիր:

«Առաջին հայտարարությունը, որ ուզում եմ անել, հետեւյալն է. ծրագրով նախատեսված էր, որ հանրապետության վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ, որը ստեղծված է: Խորհրդի խնդիրն է` համակարգել հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումները, վերահսկել այդ գործընթացը եւ մշտական կապի մեջ լինել հանրության ու բիզնեսի ոլորտի տարբեր կազմակերպությունների հետ», նշեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի երկրորդ հայտարարությունն այն էր, որ բարձրագույն խորհրդին կից ստեղծվում է մոնիտորինգի խումբ, որը ղեկավարելու է Արամ Ղարիբյանը: Քաղաքացիները կարող են այն հեռախոսահամարով, որն իրենց ներկայացվելու է, եւ այն էլեկտրոնային հասցեով, որը ներկայացվելու է հանրությանը, իրենց բոլոր դիտողությունները, առաջարկությունները հայտնել, որոնք դառնալու են բարձրագույն խորհրդի քննարկման առարկա:

Երրորդ հայտարարությունը վերաբերում է կարեւորագույն առաջնահերթություններից մեկինՙ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելուն: «Այդ նպատակով մենք հայտարարում ենք, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման տարածքային կենտրոնները, որոնք բոլոր մարզերում գործում են, աջակցելու են փոքր ու միջին բիզնեսին` նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության ծրագրերը ներդնելու գործում: Սա նշանակում է, որ էլեկտրոնային կամ հեռախոսային այն հասցեներով, որ մենք տրամադրելու ենք փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, նրանք կարող են օգտվել այդ կենտրոնների ծառայություններից եւ այսուհետեւ այդ կենտրոնները նաեւ խորհրդատվություն ու տեղեկատվություն են տրամադրելու նրանց` մեր բարեփոխումների տրամաբանության մասին, ինչպես նաեւ օժանդակելու են փոքր եւ միջին բիզնեսին: Մասնավորապես, հիմնական սկզբունքները հետեւյալն են` վարչարարությունը փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում մենք հասցնելու ենք նվազագույնի: Օժանդակությունը, այդ թվում` նաեւ հասանելի վարկերի ձեւով, հասցնելու ենք առավելագույնի: Եվ երրորդը` ստեղծելու ենք այնպիսի միջավայր, որ հարկային մարմինների հետ փոքր եւ միջին բիզնեսի շփումներն իրականացնեն մասնագիտացված կառույցները, որոնց ծառայությունների գների նվազման ուղղությամբ կառավարությունը ձեռնարկելու է լրացուցիչ լուրջ միջոցառումներ»:

Վարչապետի չորրորդ հայտարարությունը, որը նա ամենակարեւորն է համարել, այն է, որ նա խնդրել է զանգվածային լրատվական միջոցների եւ հանրության աջակցությունը, որպեսզի այդ բարեփոխումներն իրականություն դառնան:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4