ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց պաշտպանության նախարարության նորակառույց շենք` շինարարական աշխատանքներին ծանոթանալու: Գերագույն գլխավոր հրամանատարի այցը շինություն առաջինն էր իր պաշտոնավարման ընթացքում: Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակարանավորման վարչության պետը տեղեկացրեց, որ շենքում արդեն իրականացվել է աշխատանքների 95 տոկոսը: Պաշտպանության նախարարը իր հերթին զեկուցեց նախագահին, որ մինչեւ այս տարվա սեպտեմբերի 21-ը կավարտվեն շինարարական աշխատանքները եւ անձնակազմը ամբողջությամբ կտեղաբաշխվի տվյալ ղեկավարման կետում: Երկրի ղեկավարը պաշտպանության նախարարի հետ շրջեց շինության ներսում, որից հետո փակ խորհրդակցության հրավիրեց զինուժի բարձրաստիճան սպայակազմի անդամներին: Սեյրան Օհանյանը երկրի ղեկավարին է ներկայացրել 2008-ի ՀՀ զինուժի առջեւ ծառացած խնդիրները, կատարման ընթացքը եւ մասնավորապես առկա ժամանակահատվածում իրականացվող խնդիրները: Հանրապետության նախագահը ցուցումներ է տվել զինուժի ներկայացուցիչներին: Մասնավորապես ուշադրություն պետք է դարձվի մարտական հերթապահությանը, սահմանների պաշտպանությանը, պաշտպանական բարեփոխումներին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ բոլոր միջոցառումներն անցկացվում են զինված ուժերի պատրաստությունը նոր պաշտպանական բարեփոխումների հասցնելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը նաեւ պատասխանել է սպաների հարցերին:
Անդրադառնալով նախօրեին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լեւոն Պետրոսյանի զոհվելուն, նախարարը նշեց, որ տեղի դիրքերի իրադրության պայմանները այնպիսին են, որ բնակավայրը միշտ ենթակա է գնդակոծության: Հանրապետության նախագահը խնդիր է դրել, որ այդպիսի դեպքերում միջոցառումներ իրականացվեն: «Հրամանատարներին ցուցում է տրվել, որ նման դեպքերում համապատասխան պատժամիջոցներ կիրառեն: Այն կրակակետերը, որտեղից կրակ է բացվում, մեր կողմից պետք է համապատասխան ճնշման ենթարկվեն»:
Ինչ վերաբերում է Նախիջեւանի սահմանն անցած 4 քաղաքացիների ճակատագրին, նախարարն ասաց, որ նոր տեղեկություններ չկան եւ համապատասխան միջազգային կառույցների հետ աշխատանքները շարունակվում են. «Չեմ կարող ասել` երբ հետ կվերադարձվեն, բայց կարծում եմՙ հետ կվերադարձվեն: Մենք որոշակի տեղեկություններ ունենք` նորմալ վիճակում են»: