Կառավարության շենքի առջեւ երեկ արդեն ավանդական դարձած բողոքի գործողություններն էին անցկացնում մի քանի տասնյակ մարդիկՙ յուրաքանչյուրն իր խնդիրներով: Նրանցից մեկըՙ Դալմայի այգիներում վարձակալներից Սամվել Մանուկյանը որպես բողոքի նշան, ամբողջությամբ բենզինով թրջված, փորձում էր ինքնահրկիզվել: Սակայն կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանները կարողացան կանխել այդ ողբերգությունը: Երբ ոստիկանները ցանկանում էին մեկուսացնել Սամվել Մանուկյանինՙ ինքնահրկիզումը թույլ չտալու համար, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ՀՀՇ-ական շրջանակները ներկայացնող եւս մեկ-երկու ակտիվիստներ, որոնք սովորաբար միշտ պատրաստ են նման միջադեպերն իրենց քաղաքական շահերին ծառայեցնելու, գոչյուններով խոչընդոտում էին ոստիկաններին: Կարելի է պատկերացնել, որ եթե մարդը ինքնահրկիզվեր, դա ինչ ուրախություն կպատճառեր նրանց: Այդուհանդերձ, այս անգամ մարդու կյանքը փրկվեց եւ նոր ուրախության առիթ ՀՀՇ-ականների համար չեղավ:
Ա. Մ.