«Բիլայնը» ներդնում է 3G համակարգ
Հուլիսի սկզբից Հայաստանում «Բիլայնի» բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու երրորդ սերնդի ցանցից` 3G համակարգից, որի փորձնական գործարկման մասին երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:
Վերջինիս, ինչպես նաեւ ընկերության շարժական կապի զարգացման բիզնեսի գծով տնօրեն Գենադի Կալգաշինի ու գործառնությունների տնօրեն Ալեքսանդր Բիրմանի խոսքերով, 3G համակարգը երրորդ սերնդի շարժական տեխնոլոգիաներն են, որոնք թույլ են տալիս ստանալ «մուլտիմեդիա» բջջային ծառայություններ եւ ինտերնետին միանալու բարձր արագություն: 3G համակարգի միջոցով մատուցվող ծառայությունների ցանկում ներառվում են նաեւ տեսահեռախոսակապը տեսազանգը եւ շարժական հեռուստատեսությունը:
Երրորդ սերնդի տեխնոլոգիաների ներդրմամբ բջջային կապի բաժանորդները կստանան ծառայությունների ավելի լայն տեսականի, տեղեկատվության հսկայածավալ հոսքեր, ընդ որում, դրա համար կարիք չի լինի տարբեր գործառնություններ իրականացնելու կամ տարբեր ծառայությունների համար մի քանի ուղղությամբ աշխատելու: Այդ ամենը ամբողջական կարող է տրամադրել մեկ ընկերություն:
Ինչն ավելի հետաքրքրական է ու բաժանորդների շահերից բխող, ինչպես տեղեկացրին ընկերության ներկայացուցիչները, ի մասնավորի տեսահեռախոսազանգը ավելի թանկ չի լինի, քան սովորական հեռախոսազանգը, իսկ 3G համակարգի ընձեռած հնարավորությունները կներառեն անգամ տեսաասուլիսներ անցկացնելու ու դրանց մասնակցելու ծառայությունները:
Հարցին, թե ի՞նչ է անելու ընկերությունը Հայաստան երրորդ բջջային օպերատորի մուտքի դեպքում, «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովն ընդգծեց, որ ընկերությունը կաշխատի ավելի շատ ու բարձրորակ ծառայություններ մատուցել եւ ոչ թե միայն հենվել գնային քաղաքականության վրա:
Արդեն օրվա թեմայից դուրս ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին, որ մինչեւ տարեվերջ ծրագրված է, որ ֆիքսված կապի առնչությամբ գոնե Երեւանում ոչ թվային կմնա միայն երեք կայան, իսկ մարզերում աշխատանքները դեռ կշարունակվեն: Ամեն դեպքում, «Արմենտելը» հիմա աշխատում է հնարավորինս լրացնել ֆիքսված հեռախոսակապի համար հերթագրված բաժանորդների պահանջարկը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ