Հայաստանի փրկարար ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները միջին ամսական շուրջ 60 տոկոսով բարձրացնելու որոշում երեկ ընդունեց Հայաստանի կառավարությունը: Անդրադառնալով այս հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ժամանակին այն բարձրացվել էր նաեւ ոլորտի աշխատակիցների հետ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում, եւ ընդգծեց, որ ներկայացված նախագիծը, ըստ էության, այդ հարցի լուծումն է: Այս որոշման ընդունումը պայմանավորված էր նրանով, որ հունվարին կենսաթոշակների ընդհանուր բարձրացումից փրկարարները դուրս էին մնացել: Որոշմամբ կենսաթոշակառուներին 2008-ի հուլիսին կենսաթոշակների վճարման հետ կտրվի նաեւ միանվագ վճար` մինչեւ 2008-ի մարտի 1-ը կենսաթոշակի անցած կենսաթոշակառուներին որոշմամբ վերահաշվարկված ամսական կենսաթոշակի տարբերության քառապատիկի չափով, 2008-ի մարտի 1-ից 2008-ի հունիսի 30-ը ներառյալ կենսաթոշակի անցած կենսաթոշակառուներին` իրենց կենսաթոշակի անցած ամիսների թվից ելնելով, յուրաքանչյուր ամսվա վերահաշվարկված ամսական կենսաթոշակի տարբերության չափով:
Կառավարությունը 2008-ի պահուստային ֆոնդից 137 մլն 70 հազար դրամ հատկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` որոշմամբ վերահաշվարկված կենսաթոշակների եւ նախատեսված միանվագ վճարի վճարումներն ապահովելու նպատակով: Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2008-ի հուլիսի 1-ից:
Հուլիսի 1-ից կբարձրանան նաեւ մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը` 20 տոկոսով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ