«Ամարաս» հրատարակչությունը լույս է ընծայել հայտնի գրող Նինա Մաքսիի «Բաքու-90 կամ ինչպես կերան Ժաննա Բաբայանին» գիրքը: Դա վավերագրական պատում է Խորհրդային Ադրբեջանում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների, հայ բնակչության եղեռնի մասին: Գիրքը շատ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ համաշխարհային ընկերակցությանը:
«Ինտերնացիոնալ» քաղաք Բաքուն իր գոյության ընթացքում երբեք չէր տեսել նման արյունալի, ահազդու օրեր: Սպանում էին միայն հայերին, այն էլ առանձնակի դաժանությամբ: Նման ոճիրների միջազգային անվանումը մեկն էՙ սովորական ֆաշիզմ, հայ ազգի ցեղասպանություն Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում:
Այո, հենց հայերի ցեղասպանություն ԽՍՀՄ-ում 20-րդ դարի վերջերին, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այլ քաղաքներում: Ցեղասպանությունն ահաբեկչության ծայրահեղ դրսեւորումն է:
Նինա Մաքսին իր գրքում մասնավորապես պատմում էր հայ բնակչության դեմ Ադրբեջանի խորհրդային ղեկավարության ծրագրած եւ իրականացրած արյունալի ահաբեկչության մասին: Բոլոր ահաբեկիչներն ունեին հայերի բնակարանների համարները, որոնց իրենք պետք է մորթեին, վառեին, բռնաբարեին, ուտեին ու պատառ-պատառ անեին, ընդսմին չմոռանալով կողոպտել եւ ջարդուփշուր անել հայերի օջախները, տանել գորգերը, կահույքը, բյուրեղապակեղենը, ոսկեղենը, արծաթեղենը, նկարները, ամեն ինչ:
Այս բոլոր ահաբեկչությունների նպատակն էր կանխել Ղարաբաղի խնդրի հնարավոր լուծումը, հայերին ահաբեկել նոր սադիստական սպանությունների հեռանկարով, որպեսզի հրաժարվեն Արցախի ազգային-ազատագրական շարժումից: Եվ այն էլ ԽՍՀՄ-ումՙ աշխարհի «լավագույն» երկրում:
Նինա Մաքսին տալիս է գլխավոր հարցը. «Այդ ինչպե՞ս պատահեց, որ Ադրբեջանում ամբողջ երկու տարի առանձնակի դաժանությամբ, անպատիժ սպանում էին հայերին»: Հեղինակը ընդգծում է. «Բաքվի քաղխորհրդի նախագահ Ռ. Էմինբեյլին լավ գիտեր, որ խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված ահաբեկչությունները միտված են նաեւ ԽՍՀՄ պետական կարգի խարխլմանը»:
Ադրբեջանի իշխանությունները չդատապարտեցին հակամարդկային ոճիրները եւ ցավակցություն չհայտնեցին զոհերի հարազատներին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ոճրագործներից շատերի նկատմամբ հարուցված գործերը կարճվեցին, նրանց մեծ մասն ազատ արձակվեց: «Անպատժելիությունը ծնում է էլ ավելի մեծ չարիք», նշում է հեղինակը:
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները պետք է դատապարտվեն: Ադրբեջանական կողմը պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ պատասխան տալ իր գործած ոճիրների համար: ԽՍՀՄ-ում Սումգայիթի դեպքերից առաջ մարդահամար էր անցկացվել: Հարկավոր է Ադր. ԽՍՀ-ում եղած հայ բնակչության թիվը համեմատել հետագա տվյալների հետ:
Ադր. ԽՍՀ բանտերում կային բազմաթիվ անմեղ հայեր, որոնց եւս սպանեցին, թաղելով բանտերի մոտ: Նրանց մասին առհասարակ մոռացել են: Ինչո՞ւ համաշխարհային հանրությունը չի հետաքրքրվում 1988-90 թթ. հայ բանտարկյալներով:
Ադր. ԽՍՀ-ում հայերի դեմ իրականացված ահաբեկչությունը եւ ցեղասպանությունը, հեղինակի խոսքերով, «խայտառակություն են ողջ մարդկության համար»: Այս գիրքը հարկավոր է մեծ տպաքանակներով հրատարակել աշխարհի բազմաթիվ լեզուներով: