Հայ արդի կերպարվեստում վաղուց ճանաչված, իր տեղը գտած, ոճն ու ձեռագիրը մշակած նկարիչ Փարավոն Միրզոյանն իր անհատական ցուցահանդեսը մեկ ամիս շարունակ ներկայացրեց արվեստների քաղաք Գյումրիում: Ասլամազյան քույրերի պատկերասրահը բազմամարդ էրՙ նկարչի ստեղծագործությունները հետաքրքրել էին ոչ միայն գործընկերներին, այլեւ մտավորականներին, պաշտոնատար այրերին: Փ. Միրզոյանի ստեղծագործական ուղին սկիզբ է առել 1975-ին, Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում: Ուսման ընթացքում մասնագիտական հիմնարար կրթություն ստանալուց հետո վերադառնում է Հայաստան, պահպանելով աշխարհից, առօրյա կյանքից քաղած տպավորությունների անձնական ընկալումների թարմությունը:
Պատկերասրահի երեք սրահներում ներկայացված չորս տասնյակ նկարները գեղանկարչի վերջին 10 տարիների աշխատանքներն են, որոնք բաժանված են երեք ուղղություններիՙ բնապատկեր, նատյուրմորտ ու դիմանկար: Իսկ կնոջ կերպարը կենարար աղբյուր է նկարչի համար, ու նա կարողացել է որսալ գեղեցիկ պահերը, ներշնչանքի ու հիացմունքի վայրկյաններն ու դրանք դարձրել արվեստի գործ: Հայկական բնաշխարհը պատկերող կտավներում վառ գունային գամմաներով է վրձնած ամեն մի թուփ, ամեն մի սար ու ծառ, ստեղծելով լույս ու ստվերի նրբերանգ մի խաղ, որոնցից պայծառություն է ճառագում: Իսկ մութ ու սեւ ֆոնի վրա հանկարծ նկատում ես լույսՙ կնոջ մերկ մարմնի մի մաս ու կարծես ի չիք է դառնում մութը, սեւը եւ առաջին պլան է գալիս գեղեցիկը, պլաստիկան եւ որսած անկրկնելի պահը... Փարավոն Միրզոյանի ստեղծագործությունների խորությունն ու գաղտնիքն է «Իմ այգին», «Խոհեր», «Կինն ինտերյերում», «Հասունություն», «Հապ», «Դիմանկար», «Գգվանք» եւ այլ կտավներում: Նկարչի անհատականությունը, նրա բնավորության դինամիզմը եւ խառնվածքն առկա են յուրաքանչյուր գործումՙ լինի դիմանկար, բնապատկեր, թե նատյուրմորտ:
«Ազգը» ցուցահանդեսի բացումից հետո զրուցեց գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի հետ, որը բազմաթիվ պարգեւներից հետո արժանացել է նաեւ պետական մրցանակի ու որոշել է իր ցուցահանդեսները բացել ոչ թե արտերկրում, այլ հանրապետության մարզերումՙ ներկայացնելով հայկական բնաշխարհը, իր երազների ու մուսաների այտացոլումը կտավներում:
«Հպարտ եմ, որ մշակույթների կենտրոն Գյումրիում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսը: Ամեն մի նկարչի համար մեծ պատիվ է իր աշխատանքները ներկայացնել խստապահանջ գյումրեցիներին ու արժանանալ նրանց գովեստի խոսքերին: Վանաձորից հետո, որը անցած ամիս էր, մեկ ամիս էլ Գյումրիում իմ ստեղծագործություններին ու իմ ներքնաշխարհին ծանոթացան արվեստասերները: Ուզում եմ ոչ միայն մայրաքաղաքում զարգանա մշակութային կյանքը: Մարզերում էլ հարկավոր է խթանել մշակույթի զարգացումը: Ձեր հարցին, թե որն է իմ ներշնչանքի աղբյուրը, ասեմՙ կինը, կինը, նորից ու նորից նա, իմ մուսան ու հայրենի բնությունը, մեր երկրի ամեն մի թուփն ու քարը... Այն, ինչ ստանում եմ մեր բնաշխարհից, վերադարձնում եմ իմ ժողովրդին, մեր սերունդներին, որ միշտ բարձր պահեն ու գնահատեն ազգային արժեքներն ու սիրեն...», ասաց Փարավոն Միրզոյանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Գյումրի-Երեւան