Համաստեղը «Կարոտի գրականության» ամենանշանավոր դեմքերից է: Երազեց, բայց այդպես էլ հայրենիքը չտեսավ: Իր ստեղծագործություններով հայ սերունդներին լսելի էր դարձնում հեռուներից եկող ազգային արմատների կանչը: Երկու ամիս առաջ Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը ԵՊՀ-ի հետ համատեղ կազմակերպել էին սփյուռքահայ նշանավոր արձակագիր Համաստեղին նվիրված գիտաժողովՙ ներկայացնելով Համաստեղ ստեղծագործողին, հայրենասերին, առանձնացնելով գրական ուղղություններն ու ոճի առանձնահատկությունները: Երեկ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Համաստեղին նվիրված գրքի շնորհանդեսը: Ժողովածուում ընդգրկված գրականագիտական ուսումնասիրություններում նորովի վերլուծություններով գնահատվում է գրողի գրական ժառանգությունն ու արդիական նշանակությունը:
«Համաստեղի ստեղծագործական արժեքները Հայաստանում նոր են ձեւավորվում: Ունենք ճանաչված նշանավոր գրականագետներ, որոնց համար Համաստեղը դարձել է ուղենիշ: Գրքի լույս ընծայումը պատիվ է բերում Համաստեղ ծնած ժողովրդին: Գրքում ընդգրկված է Համաստեղի գրական ուղղության շուրջ ծավալված բանավեճըՙ Համաստեղին ճանաչել ոչ թե իրապաշտ հեղինակ, ինչպես կարծում էին նախկինում, այլ նրան դիտել ռոմանտիկ սիմվոլիզմի շաղախով», ասում է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը :
«Հակոբ Կարապենց» կրթաթոշակ շնորհալի ուսանողներին
Ութ տարի անընդմեջ Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակի է արժանացնում ստեղծագործող ուսանողներինՙ հույսով, որ գրականությունը կդառնա նրանց կենսաձեւը:
«Կարապենցը թողել է հարուստ գրական ժառանգություն: Մահից առաջ փոքրիկ գումար էր հատկացրել իր անվան հիմնադրամինՙ երիտասարդ գրողներին աջակցելու, խրախուսելու նպատակով», ասաց միության նախագահ Լիլիթ Գալստյանը : Հ. Կարապենցի անվան կրթաթոշակին արժանացան 20 երիտասարդներ հանրապետության տարբեր բուհերից: Լիլիթ Գալստյանը հավելեց, որ Համազգայինի 80-ամյակի կապակցությամբ կհրատարակվի ժողովածու, որտեղ կներկայացվեն նաեւ Կարապենցի կրթաթոշակին արժանացած երիտասարդների ստեղծագործությունները:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ