«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2008-06-18 | #116, 2008-06-19 | #117, 2008-06-20


ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ. Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ

Քաղաքական-մշակութային աղանդավորություն

Հավատքը յուրաքանչյուր ժողովրդի գոյության հիմքն է: Բացի իր հիմնական դավանաբանական եւ բարոյական իմաստներից, հավատքն ունի շատ կարեւոր հոգեբանական եւ մշակութային շերտեր: Հավատքը մեզ պետք է ոչ միայն երկնքի հանդեպ ճշմարիտ կեցվածքի համար, այլեւ երկրավորՙ մարդկային եւ հասարակական փոխհարաբերությունների համար: Մենք պետք է հավատանք իրար կամ վստահենք, տարրական վստահություն ունենանք ապագայի նկատմամբ եւն: Ընդհակառակըՙ եթե մեր մարդկային եւ հասարակական փոխհարաբերությունների մեջ գերիշխող է դառնում անվստահությունը, ապա մենք կարող ենք կորցնել միասնական ճանապարհով ընթանալու ունակությունը: Հավատքի կորուստը ամենածանր բանն է, որ կարող է պատահել մարդու կամ ժողովրդի հետ:

Հոգեւոր տեսանկյունից ոչինչ դատարկ չի մնում, եւ գոյություն չունեն այսպես կոչված միջին վիճակներ: Հավատքի դատարկությունը փոխարինվում է սնահավատությամբ, ինքնամերժմամբ, մթագնմամբ եւ վերջապեսՙ ինքնաոչնչացմամբ: Հասարակական կյանքում սա վերածվում է մտածելակերպային, մշակութային, հոգեբանական աղանդավորության, ինչը բնորոշ է այսօրվա մեր քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքին: Խորքային վերլուծության անկարողություն, ամբողջական պատկերի կորուստ, լսելու ունակության բացակայություն, անհամբերություն, ակնթարթային լուծումների փնտրում եւն:

Որոմներ

Եթե որակելու լինենք արցախյան գոյամարտին հաջորդած արտաքուստ խաղաղ, բայց ներքին պատերազմի տարիները, ապա միանշանակ կարող ենք ասել, որ մենք շարժվում ենք ծանրագույն կորուստների ճանապարհով: Եվ այսօր հնձում ենք այն, ինչ սերմանել ենք: Իսկ ի՞նչ ենք սերմանելՙ ցինիզմ կամ արհամարհանք մարդու նկատմամբ, օրինազանցություն, դրամաշորթություն, անբարոյականություն, ցածրորակ մշակույթ եւն: Ունենք բարոյապես կաթվածահար իշխանական եւ քաղաքական համակարգ: Այս ամենի մեջ մեր նախորդ առաջին դեմքերը մեծ ավանդ ունենՙ իշխանական ուղղահայացով իջնող ստերեոտիպային ազդեցությամբ: Թեպետ նրանք մեծ ներդրում են ունեցել մեր պետության կայացման գործում, եւ որոշ պահերի նրանց դերակատարությունը առանցքային է եղել, սակայն աններելի բացթողումներ են ունեցել ազգային կամ հոգեւոր խնդիրներում: Խանդավառությունների եւ ոգեւորությունների ալիքներից հետո սկսում են աշխատել ավելի նուրբ հոգեկան շերտեր, եւ որոշակի զգացողություններ բյուրեղանում են մարդկային գիտակցության մեջ: Բացասական երանգների խտացումը հանգեցրել է նրան, որ այդ առաջնորդները դարձել են չսիրված, եւ ազգը նրանց հրաժեշտ է տվել այլեւս նրանց չհանդիպելու ակնկալիքով: Այս սիրել-չսիրելը այդքան էլ անէական խնդիր չէ քաղաքականության ոլորտում, որովհետեւ բոլորն էլ իրենց հոգում փայփայում են մարդկանց կողմից սիրված լինելը: Բայց որպես կանոնՙ եթե չես սիրում, չես էլ սիրվում: Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են մեր սեփական հայրենիքում ապրելու ջերմությունը, ազգային միասնականության գորովը եւ հայրենաշինության նախանձախնդրությունը սառեցվել իշխանական անտարբերության սառցարաններում, կամ ինչպես է իշխանական կեղծիքով պաճուճված «հայրենասիրությունը» նսեմացել մարդկային գիտակցության մեջ: Եթե ներկայիս իշխանությունները չեն սարսափում այս ժառանգությունից, ապա իրենք էլ կարող են հայտնվել նույն վիճակում, որովհետեւ իշխանությունը կարող է շատ արագ կապանքվել եսամոլության ծուղակներում եւ տառապել կուրությամբ:

Սերնդափոխություն

Քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը կարծես ոչ ոք չի վիճարկում: Դա կյանքի օրենք է: Բայց երբ բանը հասնում է գործի, խնդիրը մղվում է հետին պլան եւ ի վերջո խեղդվում կրավորականության ճահճում: Այս անկախության տարիներին մենք չենք մտածել քաղաքական առաջնորդների սերունդ ձեւավորելու մասին: Սա նշանակում էՙ երկրի ապագան չի մտահոգել երկրի առաջնորդներին, իրենցից դեն բան չեն տեսել եւ զբաղվել են միայն սեփական իշխանությունն ամեն գնով պահելով: Սրանով բարոյազրկվում եւ փչանում է երիտասարդությունըՙ չտեսնելով իրագործման հնարավորություն եւ սերունդների փոխվստահություն: Իսկ կաշառակերության մեջ խեղդված եւ համաշխարհային զարգացումներից անմխիթար կերպով հետ մնացած կրթական համակարգը դարձել է ազգային ներուժի ոչնչացման մի ահավոր մեքենա: Այն սերունդը, որը տեսնում է, որ ամեն ինչ չափվում եւ գնահատվում է փողով, ինչպե՞ս է հարգելու սեփական երկիրը:

Եթե մեր ազգային ներուժն արագորեն չհամախմբվի եւ չստեղծվեն համաշխարհային չափանիշներին համապատասխան առաջնորդության եւ կառավարման համակարգեր, ապա ես դժվարանում եմ ասել, թե մենք ինչպես ենք տեղավորվելու համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումների գործընթացներում: Այս ամենն արագորեն պետք է նախաձեռնի պետությունըՙ համայն հայության շահի եւ յուրաքանչյուր հայի ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվության զգացումով:

Արժեքներ եւ առաքինություններ

Մենք սիրում ենք խոսել արժեքներից, բայց ոչՙ առաքինություններից: Որովհետեւ արժեքը ոչ մի բարոյական պարտականություն մեր առջեւ չի դնում: Արժեքները կախում ենք պատից, եւ երբ հարցնում են. «Դու ո՞վ ես», ասում ենք. «Գնա կարդա՛, պատից կախված է»: Ամենամեծ քարոզչությունը իրական գործերն են եւ ոչՙ գործի պատրանքները: Իսկ քանի որ մեղավոր մարդիկ ենք, ամեն ինչ գալիս է նախ մեղքի ինքնագիտակցումից եւ առանց կեղծիքի «մեղա Աստուծո» ասելուց: Բայց եթե սրան չհետեւեն որոշակի գործեր, ապա ավելի լավ է «մեղան» չասել:

Մենք փոքր ժողովուրդ ենքՙ ենթարկված պատմական ծանրագույն փորձությունների: Սա նշանակում է, որ մեր դիմադրության աստիճանն ունի բնական սահմանափակվածություն, եւ մեր ինքնապաշտպանական կարողությունները բավականին վնասված են: Եթե արատների դեմ տարրական պաշտպանվածություն չունենանք, ապա իրավիճակը կարող է հունից դուրս գալ: Այսօր զարմանում ենք, թե ինչպես այս օրն ընկանք եւ ինչու ենք խեղդվում կեղտի մեջ: Ա՛յս հնամենի ածուն, ա՛յս մշակույթի տերը: Բայց մեր ներկան ոչ մի կապ չունի հնության կամ մշակույթի հետ: Մենք կարծես գողացված լինենք պատմությունից կամ պատմությունըՙ մեզանից:

Վերջին տարիների ընթացքում հետեւողականորեն արժեզրկվեց խոսքըՙ մարդուն վերափոխելու մեծագույն գործիքը: Մեկը մյուսի հետեւից բազմացան ասելիք չունեցող լրատվական գաճաճություններ եւ ջանադրաբար լծվեցին անիմաստ ջուրծեծոցին, մարդկային ճղճիմ կրքերի ցուցադրմանը, կեղծ իդեալների քարոզչությանը, հայհոյությանը եւն: Եվ այս ամենի մեջ չգիտես, թե ճշմարիտ խոսքը ուր տեղավորես, որ չսայթաքի եւ չարհամարհվի վնասված մարդկային գիտակցության մեջ:

Կանգ առնելու արվեստը

Քաղաքական մշակույթի բացակայության դրսեւորումներից մեկն էլ այն է, որ կանգ առնել բնավ չգիտենք: Վերջերս աշխարհը հետեւում էր ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուներ Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի չափազանց սուր պայքարին: Բայց երբ հասավ կանգնելու պահը, Քլինթոնը հավաքեց իր յուրայիններին եւ ասաց, որ խաղն ավարտված է, եւ այդ պահից սկսած իրենք բոլորը պետք է ամբողջ ուժով սատարեն սենատոր Օբամային: Սա շատ ծանր էր լսել այդտեղ կանգնածներից շատերի համար, որոնք եղել են Քլինթոնի ջերմ եւ նույնիսկ մոլեռանդ պաշտպանները: Բայց այդ պահը հաղթահարվեցՙ քաղաքական գործչի իմաստնությամբ եւ քաղաքական մշակույթի հզորությամբ:

Ոչ վաղ անցյալին են պատկանում ԱՄՆ-ի 2000-ի նախագահական ընտրությունները: Ուշագրավ են Ալ Գորի եզրափակիչ խոսքերը Գերագույն դատարանի կայացրած վճռից հետո. «Միացյալ Նահանգների Գերագույն դատարանն արդեն կայացրել է իր վճիռը: Թեպետ ես բնավ համաձայն չեմ դատարանի վճռին, սակայն ընդունում եմ այն... Եվ այս երեկո, հանուն մեր միաբանությանՙ իբրեւ ժողովուրդ եւ ի շահ մեր ժողովրդավարության հզորության, ես հրաժարվում եմ իմ թեկնածությունից»:

Կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչները պետք է լուրջ հետեւություններ անեն եւ հասկանան, որ իրենցից վեր շատ ավելի մեծ շահ կա: Դա ազգային ոգու միասնությունն է: Եթե գերհզոր ԱՄՆ-ը չի կարող իրեն այդպիսի ճոխություն թույլ տալ, ապա առավել եւս մենքՙ այնպիսի մի տարածաշրջանում, երբ մորթվելու վտանգը դռան հետեւում է:

«Նույն գետը երկու անգամ չես կարող մտնել» ասացվածքը մեզ զգուշացնում է անցյալի տխուր վերարտադրություններից եւ հանգեցնում ժամանակի փիլիսոփայության շատ հետաքրքրական խորհրդածության: Ամեն պահ եզակի է, ուստի եւՙ անկրկնելի: Առավել եւսՙ աստեղային պահերը: Դրանք տրվում են մեկ անգամ, երբ մարդն իր երազներով վերցնում է պահը եւ չի դառնում պահի ու իր ես-ի գերին: Պետք է զգուշանալ իրենց պահը ստացած եւ վատնած մարդկանցից. նրանք չեն կարող առաջնորդել ժողովրդին:

Իսկ նրանք, ովքեր երազներ ունեն եւ կամենում են իրական առաջնորդներ լինել, միշտ պետք է հիշեն Չարենցի խոսքերը.

- Ես ուզեցի երգել գովքը Աստծու,

Երգել փառքը պայծառ սիրո եւ հացի,

Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու,-

Գորշ օրերի տաղտկությունը երգեցի:

Որ՞ն է ելքը

Ես ուրիշ ճանապարհ չգիտեմ, բացի իմ Տիրոջիցՙ Հիսուս Քրիստոսից, ով ասում է. «Ես եմ ճանապարհը»: Պետական-քաղաքական ոլորտում այս կապակցությամբ պահանջվում է լրջություն: Անցյալի տխուր երեւույթները պետք է մի կողմ թողնել, երբ միայն մեծ տոներին էին եկեղեցի մտնում, այն էլՙ այնպես, կարծես թե Աստծուն լավություն էին անում: Քրիստոնեությունը քաղաքավարական վերաբերմունք չէ կամ բարի կամքի դրսեւորում դեպի եկեղեցին, այլ իրական ներքին փոփոխություն եւ Աստծո ճշմարտության մեջ քայլելը: Մենք պետք է հասկանանքՙ քրիստոնեությունը հենց այն է, ինչ մեզ պետք է որպես ազգի եւ կարող է հոգեպես ու բարոյապես ամրացնել մեզ ներսից: Որովհետեւ բարոյապես փչացած ազգերը դատապարտված են կործանման: Քրիստոնեությունը հոգեւոր ճանաչողության, կյանքի փիլիսոփայության եւ մարդկային կենցաղավարության մի համապարփակ ուսմունք է, որը պատասխանում է կյանքի բոլոր հարցադրումներին, համահունչ է մարդու ներքին հիմնարար փնտրումներին եւ կատարյալ ազատագրման հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու: Լինելով համամարդկայինՙ քրիստոնեությունը յուրաքանչյուր ազգի մեջ կայացել է յուրովի: Մեզ համար դարձել է ինքնություն եւ էություն, որից ամուր պետք է կառչենք:

Վերադառնանք մեր ներկա իրավիճակին: Ո՞րն է ելքը: Մեր պետության առաջնորդները, նախ անսալով Աստծուն, պետք է դուրս գան այս քաղաքական Ժառանգության Սոդոմից: Եվ հետ չնայեն: Պողոս առաքյալն ասում է. «Հետեւում մնացածները մոռացածՙ ընթանում եմ առաջ» (Փիլ. Գ 13): Սա ազատագրված մարդու ճանապարհն է, որ ձերբազատվել է անցյալի կապանքներից եւ ընթանում է առաջ: Մի կողմ թողնել կիսակատար լուծումները եւ մինչեւ վերջ շարժվել հիմնավոր բարեփոխումների երբեմն ցավոտ ճանապարհով: Անկեղծ լինել սեփական ժողովրդի առաջ, ժողովուրդն անպայման դա կգնահատի: Անհույս եւ անելանելի վիճակներ չկան, եթե մենք գիտակցում ենք, որ մեր հույսն Աստված է:

Եվ վերջում, որպեսզի վերամբարձ դասեր տալու մեջ չհանդիմանվեմ, «մեղա Աստուծո»:

ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԱՐԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4