Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին 1609 բանաձեւի կատարման ընթացքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում քննարկման առարկա կդառնա հունիսի 25-ին: Օրակարգային հարցերի շարքում նաեւ հարեւան հարավկովկասյան երկրներն են, մասնավորապես, Վրաստանում մայիսի 21-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ու իրավիճակը Ադրբեջանում: Բնականաբար, ԵԽԽՎ-ն այս անգամ էլ անտարբեր չի մնա Կոսովոյի հարցի նկատմամբ, չնայած առանձնակի փոփոխված վերաբերմունք նախորդ քննարկման համեմատությամբ դժվար թե կարելի է ակնկալել:
Հետաքրքրական է, որ Հայաստանում մարտյան դեպքերին առնչվող ԵԽԽՎ պահանջների կատարման ընթացքը կարելի է համարել ոչ բավարար նույն Եվրոպայի խորհրդի կողմից, քանի որ 1609 բանաձեւի կատարման առնչությամբ կլինեն քննարկումներ եւ կատարման գնահատման քվեարկություն: Այսինքն` հարցն օրակարգ մտցնելն արդեն իսկ, ինչը տեղի ունեցավ երեկ, ոչ դրական արձագանք է նույն բանաձեւի պահանջների կատարման առնչությամբ:
Հիշեցնենք, որ ըստ բանաձեւի, Հայաստանը պետք է կատարեր մի շարք պահանջներ, որոնցից որպես հիմնական նշվող նախապայմաններից է մարտի մեկի իրադարձությունների պատճառով ձերբակալված կամ կալանված այն անձանց ազատ արձակումը, որոնք բռնություն չէին գործադրել կամ որոնց կալանումն քաղաքական պատճառներ ունի: Եվս մեկ պահանջ է ներկայացնում մարտի մեկի իրադարձությունների անկախ հետաքննությունը, ընդ որում` ԵԽԽՎ հորդորով նաեւ միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Թերեւս պահանջներից կարեւորագույնը ընդդիմության հետ երկխոսություն սկսելու ձեւակերպումն է: 1609 բանաձեւն ընդգծում է Հայաստանի հասարակության քաղաքական ուժերի միջեւ կառուցողական երկխոսության նախաձեռնության անհրաժեշտությունը, երկխոսություն սկսելու այն նախապայմանների մատնանշմամբ, որոնք ներկայացվում են նաեւ որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին ձայնի իրավունքից զրկվելու հիմք, եթե չկատարվեն, այն էլ «նշանակալի առաջընթաց» որակմամբ:
«Քանի դեռ այս պայմանները չեն բավարարվել եւ բարեփոխումների մասին բաց երկխոսություն չի սկսվել Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ, Հայաստանի հանդեպ վստահությունը որպես Եվրոպայի խորհրդի անդամի կասկածի տակ է: Ուստի, հանձնաժողովի կարծիքով, վեհաժողովը կարող է ամառային նստաշրջանում քննարկել վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքի ժամանակավոր դադարեցման հարցը, եթե մինչ այդ նշված պահանջների առնչությամբ չլինի նշանակալի առաջընթաց Հայաստանում», նշվում է բանաձեւում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ