Կփոխվի՞ իրավիճակը ամռանը
Այս տարվա մայիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13188 գործարքՙ 4,9 տոկոսով քիչ ապրիլին կատարված գործարքների համեմատ եւ 16,7 տոկոսով ավելի անցած տարվա մայիսի համեմատ: Այս մասին տեղեկացանք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալներից: Մայիսի գործարքների քանակի նվազումը նախորդ ամսվա համեմատ միակ ցուցանիշը չէ, որ ցույց է տալիս շուկայում անցած ամիս նկատվող որոշ պասսիվացումը, թեեւ մարտի համեմատ ակտիվության որոշակի աճը պահպանվում է:
Գործարքներից 4765-ըՙ նախորդ ամսվա 4841-ի փոխարեն օտարման գործարքներն են, որոնց մեջ առուվաճառքի գործարքները կազմել են 82,7 տոկոսը: Օտարման գործարքների գրեթե 31,3 տոկոսն արձանագրվել է Երեւանում: Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 60 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Այստեղ է արձանագրվել ամենամեծ պասսիվացումը, քանի որ այս ցուցանիշը նախորդ տարվա մայիսի ցուցանիշին զիջում է 21,2 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի ցուցանիշինՙ 2,8 տոկոսով:
Այդուհանդերձ, Երեւանում բնակարանների գներն ապրիլի համեմատ մայիսին աճել են 1,4 տոկոսով: Սա կարելի է ինչ-որ առումով մխիթարական համարել, քանի որ մարտին, հայտնի պատճառներով, Երեւանում բնակարանների գների անկում էր արձանագրվել: Այսպիսով, ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները մայիսին այսպիսին են եղել.
Միջին գները (դրամ)
Համայնքներ | մայիս 2007 թ. | մայիս 2008 թ. | ապրիլ 2008 թ. |
Կենտրոն | 453600 | 77400 | 471300 |
Արաբկիր | 362500 | 416300 | 409900 |
Քանաքեռ-Զեյթուն | 261200 | 307300 | 306800 |
Նոր Նորք | 225200 | 276200 | 270300 |
Ավան | 209400 | 268300 | 268100 |
Էրեբունի | 217600 | 274000 | 267000 |
Շենգավիթ | 234700 | 279300 | 274200 |
Դավթաշեն | 240100 | 290200 | 283200 |
Աջափնյակ | 230100 | 280300 | 280000 |
Մալաթիա-Սեբաստիա | 216900 | 266000 | 260300 |
Նուբարաշեն | 122000 | 151500 | 151500 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 252100 | 298800 | 294800 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, բնակարանների միջին գներն աճել են 2,3 տոկոսով: Երեւանից հետո ամենաթանկ բնակարաններն Աբովյանում են, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը մայիսին կազմել է ավելի քան 175 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 165 հազար դրամ, Ծաղկաձորումՙ 143 հազար դրամ: Ապա գալիս են Մասիսըՙ 1 քմ-ն, 130 հազար դրամ, Աշտարակըՙ 127 հազար դրամ, Ջերմուկըՙ 123 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 121 հազար դրամ:
Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքները, ի տարբերություն բնակարանների գործարքների, նախորդ տարվա մայիսի համեմատ կտրուկՙ 24,5 տոկոսով աճել են, բայց ապրիլի համեմատ կրկին նվազելՙ 7,7 տոկոսով: Առուվաճառքի գործարքների ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ այստեղ միջին գները մայիսին ապրիլի համեմատ աճել են 1,3 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գներն ըստ համայնքների, մայիսին Երեւանում կազմել են.
Միջին գները (դրամ)
Համայնքներ | մայիս 2007 թ. | մայիս 2008 թ. | ապրիլ 2008 թ. |
Կենտրոն | 462700 | 491300 | 489000 |
Արաբկիր | 365200 | 420700 | 414700 |
Քանաքեռ Զեյթուն | 264000 | 315000 | 312200 |
Նորք Մարաշ | 227700 | 283400 | 278400 |
Ավան | 211800 | 274500 | 272800 |
Էրեբունի | 222500 | 276600 | 268600 |
Շենգավիթ | 236900 | 282200 | 275600 |
Դավթաշեն | 244300 | 295400 | 290900 |
Աջափնյակ | 233900 | 286000 | 282800 |
Մալաթիա Սեբաստիա | 220100 | 273500 | 270900 |
Նուբարաշեն | 125600 | 158300 | 157100 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 255900 | 305200 | 301200 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գներն ավելացել են 2,5 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 227 հազար դրամ, որտեղ պահպանվում է գների ամենաարագ աճի տեմպը: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 179 հազար դրամ: Երրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 168 հազար դրամ, այնուհետեւՙ Մասիսըՙ 131 հազար դրամ, Աշտարակըՙ 129 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 125 հազար դրամ: Մարզերում գործարքների քանակը նվազել է ե՛ւ նախորդ տարվա մայիսի համեմատ (7 տոկոսով), ե՛ւ այս տարվա ապրիլի համեմատ (5,4 տոկոսով):
Ի՞նչ կարելի է ասել ամփոփելով անշարժ գույքի շուկայի մայիս ամսվա տվյալները: Ցավոք, բնակարանների եւ անհատական տների առուվաճառքի գործարքների ցուցանիշները, ինչպես այս տարվա ապրիլի համեմատ, այնպես էլ անցյալ տարվա մայիսի համեմատ հիմնականում նվազել են ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Սա խոսում է այն մասին, որ մարտյան իրադարձություններից անշարժ գույքի շուկան, հակառակ ակնկալիքների, դեռեւս ուշքի չի գալիս: Թեեւ ապրիլին հաղթահարվեց մարտին արձանագրված անկումը, բայց շուկայի զարգացման վերջին տարիների բնականոն ընթացքը կարծես թե խաթարվել է: Բնակարան կամ անհատական տուն վաճառելու ակնկալիք ունեցողները հավանաբար ավելի երկար կսպասեն, ինչի համար «պարտական» են նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «շարժման»ՙ մարտի 1-ին հրահրած անկարգություններին: Մնում է հուսալ, որ երկրի կայունությունը հերթական անգամ չի խաթարվի, եւ արդեն ամռան ամիսներին անշարժ գույքի շուկան կրկին կաշխուժանա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ