«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2008-06-20 | #118, 2008-06-21 | #119, 2008-06-24


ԱՐԻՍՅԱՆԸ ԱՐԱԲ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Նորա Արիսյանը առաջին հայն է, որ դարձել է Դամասկոսի (Սիրիա) արաբ գրողների միության անդամ, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 7-ի համարը:

Նորան արդի հայ պատմության մասնագետ է: Հեղինակել է երկու գիրք: Առաջինը` «Սիրիական մտածողությունը հայկական կոտորածների վերաբերյալ» հրատարակվել է 2002-ին, իսկ երկրորդը` «Հայկական ցեղասպանության արձագանքները սիրիական մամուլում: 1877-1930 թթ.» վերնագրով` 2005-ին: Երկուսն էլ Լիբանանում են լույս ընծայվել արաբերեն լեզվով:

Մի քանի ամիս Սիրիայի գրախանութներում հայտնվելուց հետո առաջին գրքի վաճառքը արգելվել է, իսկ երկրորդը ընդհանրապես չի հայտնվել Սիրիայում: Ըստ հաղորդագրության, գրքերի դեմ «արշավանքը» համընկել է Թուրքիայի հետ Սիրիայի որդեգրած առավել սերտ դիվանագիտական հարաբերությունների հետ:

Արիսյանն ավարտել է Դամասկոսի համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում: Տասնչորս տարի աշխատել է Դամասկոսի հայկական դեսպանատանը, իսկ 2004-ից դասավանդում է Դամասկոսի համալսարանում: Մասնակցել է արաբ գրականության հարցերին նվիրված բազմաթիվ սեմինարներին եւ դասախոսություններով շրջագայել Մերձավոր Արեւելքում: Արաբերեն է թարգմանել մի շարք հայերեն գրական եւ պատմական ստեղծագործություններ եւ ներկայիս տնօրենն է արաբերեն լեզվով «www.azad-hye.org» կայքի: Հայ գրականության վերաբերյալ հոդվածներով մասնակցել է «Սիրիական արաբական հանրագիտարանի» ստեղծմանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4