Աբրահամը կատարեց խոստումըՙ ԱՄՆ-ում մնաց անպարտելի
«Ավելի հիմար արքա, քան Աբրահամը չեմ տեսել. եթե իր տանը 2 անգամ կոտրեցի ծնոտը, ինչ կլինի, եթե իմ տանը մրցեմ», ասել էր «Պանտերա» Միրանդան մրցելույթից առաջ:
«Մենք մեծ բերան չունենք, մեծ բռունցքներ ունենք. կոտրած ծնոտով իմ հաղթանակից հետո ավելի ճիշտ կաներ շենքի պարետ աշխատեր, ոչ թե բռնցքամարտը շարունակեր», հակադարձել էր Աբրահամը:
Այս ամենը 4 ռաունդ տեւած մրցելույթից առաջ էր: Մրցելույթից հետո արձանագրվեց փաստըՙ կոլումբիացի Էդիսոն Միրանդան պրոֆեսիոնալ ռինգում 30 հաղթանակ է տոնել, որից 26-ըՙ նոկաուտով, ունեցած 3 պարտությունից 2-ը կրել է հայազգի Արթուր Աբրահամից. մեկըՙ 2006-ի սեպտեմբերի 26-ին վեցլարյան ռինգում ծնոտի կրկնակի կոտրվածքով, մյուսը 21 ամիս անցՙ 2008-ի հունիսի 21-ին Ֆլորիդայումՙ կոտրված կողոսկրով: Երկրպագուները Աբրահամի հետ տոնեցին նրա 27-րդ հաղթանակը, ականատես լինելով 22-րդ գեղեցիկ նոկաուտին:
Հունիսի 21-ին Ֆլորիդայում կայացած Միրանդա- Աբրահամ մրցելույթը IBF վարկածով աշխարհի չեմպիոնի համար ոչ թե վարկանիշի, այլ պատվի հարց էր: Այս դեպքում «հայկական մենթալիտետը» շատ հասկանալի եղավ նաեւ գերմանացիների համար. գերմանական ARD -ն, որ ուղիղ հեռարձակմամբ խաղը ցուցադրում էր լույս 22-ի ժամը 3-ից սկսած, մեծ ըմբռնումով սկսեցՙ «նրանք սեպտեմբերի 26-ի վեցլարյան ռինգը չեն մոռացել, մենք էլ...»: ARD-ի մեկնաբանը հաղորդեց, որ Աբրահամին մարզիչ Ուլլի Վեգներն արգելել է կանգնած մնալ, վտանգավոր է, շատ պիտի շարժվի: Դահլիճն ակտիվ «Ար-թուր» էր վանկարկում, իսկ նա խաղաղ էր, ինչպես միշտՙ սկզբում: Հետո սուր հարված գոտկատեղից ներքեւ, որ մեկնաբանի կարծիքով, Միրանդայից պիտի 3 միավոր խլեր, բայց, զարմանալիՙ ռինգի Շտուտգարդում կրթություն ստացած հույն դատավորը կամ «չնկատեց» կամ էլ... ու մեկնաբանը հիշեցրեց Աբրահամի խոսքերը Վեցլարից հետոՙ Միրանդան ամենակեղտոտ ձեւով է խաղում: Այդուհանդերձ երկրորդ ռաունդն էլ, ըստ ամենայնի, վճռվեց հօգուտ Միրանդայի: «Ես Աբրահամին վիրավոր խոզի նման պիտի հետապնդեմ եւ հետո մորթեմ: Նա, ինչպես այն ժամանակ, պիտի նույն ցավերն զգա», բարձրաձայն խոստացել էր հարավամերիկացի Միրանդանՙ բնավ չհաշվարկելով, որ երկրորդ ռաունդում գոտկատեղից ներքեւ իր դիտավորյալ հարվածը բումերանգի նման կարող էր լինել. սկզբումՙ աջի, այնուհետեւ ձախի 2 ծանր հարվածից հետո Միրանդան չորրորդ ռաունդի 29-րդ վայրկյանին տապալվեց գետնին, նույնը կրկնվեց 56-րդ վայրկյանին...Եվ 1:13 րոպեինՙ նորից ու էլ չկարողացավ բարձրանալ: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» շատ պարզ նկարատակ էր ձեւակերպելՙ «Աբրահամը հաղթական բարձունքում, Միրանդանՙ գետնին»:
Մրցելույթից առաջ շատերն էին հարցնումՙ ինչու՞ է ռիսկի դիմում: «Բայց նա բռնցքամարտի Մեքքա ԱՄՆ-ի դուռն այս արդյունքով շատ լայն բացեց եւ լայն հանրությանն ապացուցեց, որ մեծ մարզիկ է», գրել էր «Շպիգելը»ՙ հոդվածը վերնագրելովՙ «Աբրահամը մեծաբերան Միրանդային ստիպեց լռել»:
«Ես դռան բանալին արդեն ունեմ», ասել էր Աբրահամը կողոսկրի կոտրվածքով ռինգ մտնելուց առաջ: Ուրբաթ օրը մարզումների ժամանակ ստացած նրա կոտրվածքի մասին գիտեին միայն երեքըՙ Արթուրը, նրա բժիշկը եւ մարզիչը: Սա հույժ գաղտնի էր պահվումՙ հակառակորդների հնարավոր շահարկումից խուսափելու համար: «Խոր շունչ քաշել չէի կարողանում, փորի վրա քնելՙ նույնպես: Չինական քսուքներն էլ չօգնեցին, որ ցավը մեղմանա, առաջին ռաունդում հենց այդտեղ մի հարված ստացա, բայց ի հեճուկս դրա ապացուցեցի, որ ավելի խելացի եմ, քան Միրանդան: Ռինգում չի հաղթում նա, ով լավ կոփած մկանուտ մարմին ունի», ասաց Աբրահամը գերմանական առաջին ալիքի ուղիղ հեռուստաեթերում: «Մե՞ծ է Ձեր հիասթափությունը» անգլերեն հարցին Միրանդան նախ չկարողացավ պատասխանել: Մինչ թարգմանիչը նրան իսպաներեն ուղղեց հարցը, Միրանդան քրտինքը սրբելու հետ երեւի արդեն «թունազրկել» էր խառնիխուռն մտքերը: «Նա շատ լավ էր պատրաստված: Ես էլ սկզբում ինձ շատ լավ էի զգում, բայց չգիտեմ ռինգում ինձ հետ ինչ կատարվեց: Նա ավելի ուժեղ էր, Աբրահամը հոյակապ չեմպիոն է», ասաց Միրանդան:
ARD-ի մեկնաբան Հենրի Մասքեն ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ Աբրահամն առաջին անգամ է արտասահմանում, շեշտեց Արթուրի կարեւորագույն հատկանիշներից մեկըՙ ներքին խաղաղությունը: Նույնիսկ, երբ Միրանդան ակտիվ էր, Արթուրը ժպիտը դեմքին նրան նորից էր հրավիրում: Իսկ 4-րդ ռաունդում տեսանք Աբրահամի աճը. ծնոտի կոտրվածքը նրան ավելի ուժեղ է դարձրել, ասաց Մասքեն: «Ծնոտի կոտրվածքը դժբախտ պատահար է, ոչ թե հարվածի ազդեցության հետեւանք», ասաց Աբրահամըՙ հունիսի 22-ի եթերում:
Այն, որ Աբրահամը տեխնիկապես եւ տակտիկապես մաքուր մրցելույթ է ցույց տալիս, կրթության, գիտելիքների, էության ու խելքի արդյունք է: Առավոտյան նախաճաշին մարզիչ Վեգները մենեջեր Զաուերլանդին ասել էրՙ այսօր շատ ես ուրախանալու, բայց նա էլ չէր կանխատեսել, որ մրցապայքարն այդքան շուտ կվերջանա: Նախքան մրցելույթը հեռախոսով հաջողություն էր մաղթել ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոախիմ Լյովը:
«Աբրահամն ուզում էր ԱՄՆ-ում իրեն ներկայացնել եւ WBC, WBO աշխարհի կրկնակի չեմպիոն Քելլի Պավլիկի հետ առաջիկայում հնարավոր մրցամարտի մասին պայմանավորվել: Դա նրան հաջողվեց. առաջին զրույցն արդեն կայացել է», գրում է գերմանական «Ֆոկուսը»: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» հավելում էՙ Աբրահամը նորից է ԱՄՆ վերադառնալուՙ առայժմ միայն եկամտաբեր մրցելույթների համար: Սակայն մինչ ամերիկյան ռինգը, նա իր IBF վարկանիշը պիտի պաշտպանի Գերմանիայումՙ աշնանը ամերիկացի Ռաուլ Մարկեսի դեմ մրցամարտում, հետո նոր միայն 2009-ի սկզբին ռինգում ուժերը չափի Պավլիկի դեմ: Թերթը նշում է, թե Աբրահամը մի ցանկություն էլ ունիՙ մի անգամ հնարավորություն ունենալ Օսկար դե լա Հոյայի դեմ մրցել:
«Այս հաղթանակն ինձ էր նվիրված: Հիմա կարող եմ գիշերները հանգիստ քնել: Վեցլարում 4-րդ ռաունդում Միրանդան կոտրեց ծնոտս, որոշել էի հենց 4-րդ ռաունդում նրան նոկաուտ անել: Խոստումս կատարեցի», փոխանցեց կիրակիՙ հունիսի 22-ին կայացած մեր հեռախոսազրույցում, որը մի քիչ շեղեց նրան Ֆլորիդայում ճոխ հայկական սեղանի կերուխումից: Մեր հարցին, թե ռինգից հետո նորից հանդիպե՞լ է Միրանդային, աշխարհի անպարտելի չեմպիոնն ասաց. «Մամուլի ասուլիսին նա չէր եկել, ուղարկել էր իր ներկայացուցչին: Բայց ես ասացի, թե մինչեւ չսովորի մարդկանց հարգել, գնահատել, դժվար թե լավ մարզիկ դառնա, իսկ հիմա գնահատելով իր bodybuilding-ը (զարգացրած մկանները), ուշ չէ, կարող է փոխել մասնագիտությունը», ասաց Արթուրը: «Ինչպե՞ս կգնահատեք ամերիկացիների ընդունելությունը» «Ազգի» հարցին ի պատասխան Արթուրն ասաց. «Իհարկե ոչ այնքան ջերմ, ինչպես Գերմանիայում: Նորմալ»: Շնորհակալություն հայտնելով իր Հայաստանում բնակվող երկրպագուներինՙ Արթուրը տեղեկացրեց, որ երեքշաբթիՙ հունիսի 24-ին կլինի Բեռլինում, որից հետո ամսվա վերջինՙ Հայաստանում: «Իմ սիրտը Հայաստանում է»: Սա մեր զրույցի եզրափակիչ ակորդն էր:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հ.Գ.- Առավել քան զարմանալի է, որ իր միլիոնավոր ակնդիրներին այս հաղթանակի առթիվ ոչինչ չուներ ասելու «Հայլուրը»: Ո՛չ հունիսի 22-ի կիրակնօրյա «360 աստիճան» հաղորդումը, ո՛չ հունիսի 23-ի առավոտյան եւ ցերեկային եթերը այս լուրը չհաղորդեցին: Տեղյա՞կ չեն, թե՞ չկարեւորեցին: