«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2008-06-20 | #118, 2008-06-21 | #119, 2008-06-24


«ՄԻԿԱՆ» ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մոլդովայի «Տիրասպոլի» հետ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին խաղում «Միկան» սեփական հարկի տակ զգալի առավելություն ունենալով մրցակցի նկատմամբ, չկարողացավ պահպանել հաղթական հաշիվըՙ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Հերթական անգամ եվրոգավաթներում զգալ տվեց մեր ֆուտբոլիստների հին հիվանդությունը: Հասնելով հաշվի մեջ առավելության, հայ ֆուտբոլիստները փոխանակ զարգացնելու հաջողությունը, սկսում են ավելի շատ մտածել պաշտպանության մասին, դադարեցնում են ակտիվ հարձակողական գործողությունները եւ որպես կանոն ձեռքից բաց են թողնում հաղթանակը: Բացառություն չկազմեց եւ «Միկայի» մրցավեճը «Տիրասպոլի» հետ:

Այդ խաղում ականատես եղանք երկու տարբեր խաղակեսերի: Առաջինում դաշտի տերերը բավական գրագետ էին գործումՙ շեշտը դնելով եզրային սուր գրոհների վրա: Հատկապես ակտիվ էր հարձակման ձախ եզրը, որտեղ Նարեկ Բեգլարյանին հաջողվում էր շրջանցել մրցակցի պաշտպանին ու վտանգավոր պահեր ստեղծել: Դրանցից մեկի ժամանակ Բեգլարյանի հարվածը դժվարությամբ հետ մղեց դարպասապահը: Հիշարժան էր նաեւ Դավիթ Գրիգորյանի հարվածը, որը եւս դժվարությամբ կասեցրեց հյուրերի դարպասապահը:

18-րդ րոպեին «Միկան» հաջող խաղարկեց տուգանայինը եւ Խորեն Վերանյանը հուժկու հարվածով բացեց հաշիվը: «Միկան» շարունակում էր գրոհելՙ փորձելով զարգացնել հաջողությունը: Եվ 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ստեփան Հակոբյանը 2-րդ անգամ գրավեց «Տիրասպոլի» դարպասը:

Թվում էր, թե երկրորդ խաղակեսում «Միկան» կշարունակեր ակտիվ գրոհներն ու խոշոր հաշվով հաղթանակ կտոներՙ լուրջ հայտ ներկայացնելով ուղեգրի նվաճման համար: Սակայն ինչպես վերը նշեցինք, դաշտի տերերը զգալիորեն թուլացրին ակտիվությունը: Օգտվելով դրանից, «Տիրասպոլի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի համարձակորեն գրոհելՙ օգտվելով մեր պաշտպանների զգոնության կորստից: 61-րդ րոպեին Սաֆարյանը սեփական տուգանայինում խախտեց կանոնները եւ Կիրիլ Սիդորենկոն 11 մ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Իսկ 79-րդ րոպեին Սերգեյ Նամաշկոն հեռվից գրավեց Ֆելիքս Հակոբյանի պաշտպանած դարպասը (2-2):

Այսպիսով, «Միկան» ձեռքից բաց թողեց հաղթանակը եւ այժմ հունիսի 28-ին կայանալիք պատասխան խաղում թիմին շատ դժվար կլինի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

Վլադիմիր Ռեւա («Տիրասպոլ»)- Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստների հուզմունքը, ոչ կայուն խաղը, ընդհանուր մարտավարությունից շեղումը հանգեցրին նրան, որ 2 գոլ բաց թողեցինք: Ընդմիջումից հետո հաջողվեց կարգավորել խաղը եւ գրոհների ժամանակ կարողացանք վերականգնել հավասարակշռությունը: Իհարկե, գավաթային նման հանդիպումներում շատ կարեւոր է մրցակցի դաշտում գոլեր խփելը: «Միկան» ավելի փորձառու կոլեկտիվ է, որին հաջողվեց դիմագրավել: Կարծում եմ, որ հաջորդ փուլի ուղեգրի բախտը կվճռվի պատասխան խաղում:

Արկադի Անդրեասյան («Միկա»)- Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները ոգեւորված էին խաղում եւ կարողացան 2 անգամ գրավել մրցակցի դարպասը: Հարկավոր էր նույն ձեւով շարունակել նաեւ ընդմիջումից հետո, սակայն երեւի չբավականացրեց միջազգային հանդիպումների փորձը, այլապես խաղը հաղթական ավարտի կհասցնեին: Կարծում եմ, մեր ֆուտբոլի թերություններն այս խաղում զգալ տվեցին: Պաշտպանությունում հիմնախնդիրներ ունեինք եւ առաջին անգամ մեկնարկային կազմում հանդես եկող Ռաֆայել Սաֆարյանը ճիշտ չգործեց ու թիմը պատժվեց 11 մ հարվածով: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն էլ չակտիվացրին խաղը: Մաքսիմ Ֆյոդորովը չգիտես ինչու գործում էր կենտրոնումՙ փոխանակ խաղալու առջեւի գծում: Նա չպայքարեց, կորցրեց գնդակը եւ «Միկան» 2-րդ գոլը բաց թողեց:

Գովելի է, որ «Միկան» գոնե մեկ խաղակես լավ ֆուտբոլ ցուցադրեց: Դա հուսադրում է, որ հետագայում թիմը կառաջադիմի: Մրցակիցը շատ հավասարակշռված խաղ էր ցուցադրում, ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կատարում էր իր առաջադրանքը: Նրանց հաջողվեց խաղն ավարտել իրենց ձեռնտու ոչ-ոքի արդյունքով, ինչի համար շնորհավորում եմ մրցակցին: Կարծում եմ, պատասխան խաղն ավելի հետաքրքրական կլինի: Մենք դեռ հնարավորություն ունենք հաջողության հասնելու եւ կձգտենք ուղեգիր նվաճել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4