Կաշառք տվողը թույլ ուսանողն է, որից պետք է ազատվել
Երեւանի պետական համալսարանը եկող տարի կնշի հիմնադրման 90-ամյակը: Համալսարան հիմնելու որոշումը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդն ընդունեց 1919-ի մայիսի 16-ին: 1920-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլիՙ ներկայիս Գյումրու առեւտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց համալսարանի բացման արարողությունը: Առաջին դասը սկսվեց փետրվարի 1-ինՙ նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի դասախոսությամբ: Այն ժամանակ համալսարանն ուներ մեկ ֆակուլտետՙ պատմալեզվաբանական, 262 ուսանող եւ 32 դասախոս: Այժմ այնտեղ գործում է 22 ֆակուլտետՙ 13 հազար ուսանողով, 1200 դասախոսով:
Մայիսի 16-ից արդեն իսկ սկիզբ են առել հոբելյանական միջոցառումներըՙ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, ցերեկույթներ, որոնք կշարունակվեն ամբողջ տարին եւ վերջնակետին կհասնեն հաջորդ տարվա նույն օրը կայանալիք հոբելյանական հանդիսությամբ: Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի համար մայր բուհի հոբելյանը հրաշալի առիթ է նորովի արժեւորելու մեր ժողովրդի կյանքում նրա գիտակրթական ու մշակութային դերը, խոսելու ներկա խնդիրների մասին, մատնանշելու զարգացման ուղիները:
- Պրն Սիմոնյան, ի՞նչ դժվարություններ են ծառացած պետհամալսարանի առջեւ, ի՞նչ է արվում երկրի ներսում եւ երկրից դուրս նրա հեղինակությունն ու կշիռը բարձրացնելու համար:
- Վերջին տարիները համալսարանի համար եղել են ինչպես փնտրտուքի, այնպես էլ թերությունների ու բացթողումների տարի: Բոլոնիայի գործընթացով թելադրված փոփոխությունները բավականին դժվարություններ են ստեղծել. եռաստիճան համակարգը ոչ բոլորի համար է ընդունելի, դասախոսները թերահավատորեն են նայում նորամուտ կրեդիտային, եռաստիճան համակարգերին, կարծես ներքին վախ ունեն, թե այս գործընթացները խաթարում են կրթության հիմնարարությունը, կամ հիմնարար կրթության փոխարեն ասպարեզ են նետում կրթություն, որը կարող է սոսկ մակերեսային նշանակություն ունենալ կամ բավարարել շուկայի մակերեսային պահանջները: Իհարկե, այդպես չէ: Վերջին տարիների ընթացքում աշխատել ենք պահպանել այն հիմնարարը եւ արժեքավորը, որ, մեր գնահատմամբ, ունեցել է խորհրդային բուհական համակարգը: Չենք ջարդել հինը, առաջ ենք ընթացել բավականին զգուշորենՙ խորապես ընկալելով այն միտքը, որ Բոլոնիայի հռչակագրում ամփոփվածն օրապահանջ էՙ լայնորեն դրված միջազգային համալսարանական աշխարհում: Եվ եթե ձգտում ենք դառնալ այդ աշխարհի մի մասնիկը, ուրեմն պետք է խաղանք այդ կանոններով:
- Ո՞ւր են տանում այդ փոփոխությունները, ի՞նչ նշանակություն կունենան դրանք համալսարանականների կյանքում:
- Այդ ուղեգծով մոտ 25 տարվա ընթացքում մայր բուհը կդառնա գլոբալ գիտահետազոտական համալսարանՙ միջազգային բարձր հեղինակությամբ, գիտակրթական բարձրակարգ անձնակազմով, տնտեսության գիտական հետազոտություններով, ֆինանսական բազմազան աղբյուրներով: Դա կլուծի նաեւ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն դառնալու խնդիրը, որ այսօր երկրի իշխանությունները դրել են իրենց առջեւ: Դրա համար պետք է լարված աշխատել, ունենալ ոչ միայն գեղեցիկ ու հստակ գծված պլաններ, այլեւ գործել եռանդուն, նպատակասլաց: Իհարկե, մեր սոցիալ-տնտեսական կյանքի, մտածելակերպի պայմաններում մեծ դժվարություններ կլինեն, սակայն վճռական ենք դառնալու գլոբալ հետազոտական համալսարան: Կարծում եմ, դրա համար ունենք բավարար ներուժ եւ հնարավորություններ: Մեզ համար չափազանց կարեւոր է համալսարանում կատարվող գործընթացների մասին իրազեկել ուսանողությանը, ամրապնդել համալսարան-հասարակություն կապը, թույլատրելի դարձնել հասարակության լայն մասնակցությունը համալսարանական կյանքին:
- Խոչընդոտող ի՞նչ հանգամանքներ եք տեսնում, կա՞ն երեւույթներ, որ կարող են բացասաբար ազդել այդ զարգացումների վրա:
- Ցավալի եմ համարում, որ կատարվող փոփոխությունները որոշ լրատվամիջոցներում արտացոլվում են ծուռ հայելու մեջ, փոքր բացառությամբ. մեզանում ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է դրսեւորվում գիտության ու կրթության ոլորտի փոփոխությունների լուսաբանմանը: Հաճախ տարվելով զգայացունց լուրերով, աչառու մոտեցումներով, անստույգ տեղեկություն հրապարակելու մոլուցքով, չեն տեսնում այն ռացիոնալ հատիկը, թեկուզ թերին, բացթողումը, որ արժանի է մեկնաբանման: Կարոտ ենք լրատվամիջոցներում տեսնելու հրապարակումներ, որոնք կողմնորոշիչ լինեն մեզ համար կամ կատարվածը գնահատեն ըստ արժանվույն: Հրապարակումները հիմնականում մանր վրեժխնդրության կամ շատ հաճախ դեղին մամուլին հարիր ինչ-ինչ նպատակներ ունեն եւ որեւէ բանով չեն օգնում գործին, ընդհակառակըՙ դրանց ազդեցությունը հետզհետե բթանում է, որովհետեւ բանսարկություններ ենՙ նպատակամղված որոշակի հաշվեհարդար տեսնելու, պատվիրված կամ ինչ-որ քաղաքական իրադրությունից ելնող: Դրանք սկզբում ցավ են պատճառում, նյարդայնացնում, բայց հետո դառնում են սովորական եւ արհամարհելի: Անշուշտ, հասարակության ներսում այդ հրապարակումները նստվածք են տալիս, բայց, ընդհանուր առմամբ, հասկացող մարդիկ ընկալում են, որ դրանք ընդամենը մեկի միջոցով մյուսին սեւացնելու աչառու նպատակներ հետապնդող մանր-մունր կսմիթներ են: Նորից եմ ասում, այդ հրապարակումները կարող են միայն ցավ պատճառել, բայց ոչ խանգարել կամ օգնել գործին: Ի դեպ, դրանք շատանում են հատկապես այն ժամանակ, երբ քաղաքական ինչ-որ խմբավորման, հասարակության որեւէ շերտի ձեռք չի տալիս պետհամալսարանի այս կամ այն որոշումը կամ դիրքորոշումը: Այսինքն, երբ նյութ չեն ունենում գրելու, սկսում են փորփրել պետհամալսարանի ղեկավարների կամ դասախոսների անձնական կյանքին, գույքին, ընդունակություններին վերաբերող տվյալներՙ հանրությանը մատուցելով չափազանցված, խեղաթյուրված, ստի վերածած: Իհարկե, փորձում ենք մեր ուղեղը չզբաղեցնել դեղին մամուլով, ինչը մեզանում բավականին շատացել է: Ինչեւէ, լրատվամիջոցները մեզ շատ ավելի կօգնեին, եթե հանդես գային կանխարգելիչ ազդեցություն ունեցող քննադատությամբ ու խոր վերլուծություններով:
- Վերջին շրջանում շատ է խոսվում հատկապես պետհամալսարանում կոռուպցիոն ռիսկերի եւ կադրային ոչ ճիշտ քաղաքականության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ դժգոհությունները:
- Կարծում եմ, համալսարանում կազմակերպված կոռուպցիա չկա եւ երբեք չի եղել: Կան կաշառակերության առանձին դեպքեր, չեմ կարող ասել շա՞տ են, թե՞ քիչ, որովհետեւ հաճախ դրանք զուտ խոսակցական մակարդակի վրա են, բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում: Բոլորիս է հայտնի, որ մեր բուհական համակարգում, այդ թվումՙ պետհամալսարանում, այդ երեւույթը կա եւ վճռական ենք դրա դեմն առնելու: Վերջերս մեր դասախոսներից մեկը ձերբակալվեց հենց համալսարանում կաշառք վերցնելու պահին, հենց դա ապացույց է, որ ունենք մեծ բացթողումներ: Ի՞նչ ենք անելու: Նախ ասեմ, որ պետհամալսարանը չի կարող մենակ պայքարել այդ չարիքի դեմ, այդ պայքարը պետք է լինի համակցվածՙ հասարակության եւ լրատվամիջոցների հետ: Երկրորդՙ պետք է վերանայել մեր քննական համակարգը, հատկապես պետական քննությունների կարգը: Կաշառակերության սողանցքները խստագույնս սահմանափակելու համար արդեն իսկ պատրաստել ենք առաջարկներՙ ներկայացնելու կրթության եւ գիտության նախարարությանը: Երրորդՙ պետք է պախարակել ոչ միայն կաշառք վերցնողին, այլեւ տվողին: Ցավոք, մեզանում կաշառք տալը շատ տարածված երեւույթ է, որին թեթեւ են նայում: Դա սկսվում է փոքր բաներիցՙ հյուրասիրություն, նվեր, «մաղարիչ», որոնք անվնաս եւ անմեղ բաներ են թվում, սակայն աճելով դառնում են կաշառք ՙ իր բոլոր այլանդակ ձեւերով: Սրա դեմ պիտի պայքարենք ազգովին: Յուրաքանչյուր մարդ պիտի հասկանա, որ եթե ինքը կաշառք տալու փոքր քայլ է անում, ուրեմն մասնակից է դառնում այդ երեւույթին եւ ուրիշին մեղադրելու իր իրավունքներն այդտեղ նվազում են: Մյուս կողմիցՙ ցավ եմ ապրում, որ մեզ զրկել ենք մարդու համար ինչ-որ լավ բան անելու իրավունքից, երբ մեկին բարություն ես անում, նա իրեն պարտավորված է զգում փոխհատուցելու: Այդ երեւույթը ընդունել է այլանդակ ձեւեր: Այսինքնՙ ինքներս մեզ զրկել ենք աստվածահաճո այդ հաճույքից, ուրիշի համար մի լավ բան անելու ուրախությունից: Մեր հարաբերությունները կառուցում ենք «տալիս եմ, որ դու տաս» լատինական խոսքի վրա, դրանով իսկ խաթարելով հասարակության հիմքերը: Մարդիկ սկսում են անհարմար զգալ, որ իրենց համար բարի գործ են անում եւ ուղիներ են փնտրում կաշառք տալով այդ վիճակից դուրս գալու, մինչդեռ բարություն անողի համար դա մաքրագործող, եռանդ տվող ուժ ունի:
- Կաշառակերությունն, իրոք, նոր երեւույթ չէ բուհական համակարգում, եղել է նաեւ խորհրդային տարիներին, բայց այն ժամանակ ծանոթ, բարեկամի միջոցով կաշառք տվողներն ամենաթույլ ուսանողներն էին, որոնց թիվը բավականին քիչ էր: Բարձր ընդունակությունների տեր ուսանողի համար մեծագույն հաճույք էր փայլուն պատասխանի դիմաց գերազանց գնահատական վաստակելը: Վճարովի համակարգը, ցավոք, բուհական կրթությունը մատչելի դարձրեց հայոց այբուբենի տառերը հազիվ զանազանող, թույլ ընդունակություններ ունեցող, կոպիտ եւ ամբարտավան վարքագծով աչքի ընկնող երիտասարդների համար, որոնք արդեն իսկ սողոսկելով իշխանական բուրգՙ պատուհաս են դարձել ու դառնում մեր երկրի գլխին: Փոխվեց նաեւ դասախոսական կազմը, ավագ սերնդի բանիմաց, հմուտ մասնագետներից քչերն են մնացել, եկել են նորերըՙ միանգամայն այլ սկզբունքներով, պահանջներով եւ որակներով: Ի՞նչ է արվում վիճակը շտկելու համար:
- Համաձայն եմ, որ ունենք հսկայական քանակությամբ թույլ ուսանողներ: Դա հետեւանք է հանրակրթության վիճակի, ընդունելության քննությունների անկատար մեխանիզմի: Հուսով եմ, կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան հետզհետե ազատվելու թույլ ուսանողներից: Մեր անձնակազմի աշխատավարձն, իրոք, շատ ցածր է, մեր պրոֆեսորը ստանում է 120 հազարից մի փոքր ավելի աշխատավարձ: Ցավոք, մեր հնարավորությունները շատ չեն: Ի՞նչ միջոցներ եմ տեսնումՙ առաջին հերթին բազմազան դարձնել համալսարանի եկամուտները, հայթայթել ֆինանսական նոր աղբյուրներ: Մեր գիտնականները պետք է շատ գործուն լինեն, օգնեն մեզ միջազգային ծրագրերին մասնակից դառնալու: Մեր գործը պայմանագիր կնքելն է, աղբյուրներ գտնելը, բայց գիտական աշխատանքը պետք է կատարվի ամբիոններում: Գիտական ծրագրերի մեջ ընդգրկվելը մեզ թույլ կտա ֆինանսական միջոցների որոշ մասը մտցնել աշխատավարձի ֆոնդ: Երկրորդը գործատուների հետ կապեր հաստատելն է, ֆակուլտետներում այսպես կոչված կորպորատիվ համալսարաններ ստեղծելը, բուհում գիտակրթական վճարովի ծառայություններ բացելը եւ այլն: Եկող տարվանից կմտցնենք տարբերակված աշխատավարձի սխեման, խոսքն, անշուշտ, հավելավճարի մասին է: Երրորդը պետական ֆինանսավորումն է, որը քիչ հավանական է, հազիվ թե մեր պետությունը կարողանա ավելացնել մեր աշխատավարձը: Պետական հոգածությունն, ինչ խոսք, անհրաժեշտ է, եւ գլոբալ համալսարան դառնալու հիմնական պայմանը, կարծում եմ, աշխատանքային պայմանների լավացումն էՙ թվարկածս բոլոր կետերի հետ: Պարփակված ենք մի քանի շենքերում, օտար ուսանողների համար չունենք հանրակացարան, տեխնիկական պայմաններ, կարծում եմ, ժամանակն է քաղաքից դուրս կառուցելու համալսարանական նոր համալիրՙ ժամանակակից բոլոր պայմաններով: Դա առայժմ երազանք է, որն իրականություն դարձնելու համար պետք է աշխատել ամբողջ եռանդով:
Թերություններ ու բացթողումներ, իհարկե, դեռ շատ կանՙ կոռուպցիոն ռիսկեր, կրթության որակ, կադրային քաղաքականություն, մասնավորապես երիտասարդ կադրերով դասախոսական կազմի նորացում, հմտությունների փոխանցում: Հատկապես վերջինի առումով զգալի թերություններ ունենք: Եթե տեսական գիտելիքներ ինչ-որ տեղ կարողանում ենք ապահովել, ապա հմտությունների առումով դեռ կաղում ենք: Դա բացատրվում է օբյեկտիվ պատճառներով, քանի որ աշխատաշուկան դեռ լրիվ չի ձեւավորվել, դեռեւս չենք կարողանում աշխատանքով ապահովել մեր շրջանավարտների գոնե մի որոշ մասին: Ուսումնական ծրագրերն անընդհատ նորացնելով դեռեւս անելիքներ ունենք հատկապես կրթության որակի վերահսկման, ինչպես նաեւ գիտական հետազոտությունների արդյունավետության առումներով: Վերջին 2 տարիներին ընդլայնել ենք միջազգային կապերը, 40-ից ավելի պայմանագրեր ենք կնքել տարբեր կազմակերպությունների ու համալսարանների հետ:
Պետհամալսարանը հստակ ուղենիշ ունի ամեն միջոց օգտագործելով ռեալ, օգտավետ կապեր հաստատելու արտասահմանյան գիտակրթական կենտրոնների հետ եւ հնարավորության սահմաններում ճանաչելի դարձնելու իր գործունեությունը: Կարծում եմ, լավ աշխատանքի սկիզբը դրված է եւ պետք է շարունակել: Հաստատակամ ենք նաեւ համալսարանական ինքնավարության ամրապնդման հարցում, այստեղ անելիքներ շատ ունենք հատկապես կրթության եւ գիտության նախարարության եւ մյուս բուհերի հետ մեկտեղ:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ