Գյուլը հրավիրվելու է Երեւանՙ Հայաստան-Թուրքիա խաղը դիտելու
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ խոսվել է Ռուսաստանի հայ համայնքի մասին` որպես աշխարհի ամենամեծ եւ, միաժամանակ, վատ կազմակերպված համայնքի մասին: Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես, ասելով. «Պատրաստ եմ Հայաստանի շահից ելնելով բանակցել եւ աշխատել ցանկացած քաղաքական ուժի հետ: Լուրջ քայլեր են ձեռնարկվել հետընտրական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»: Հայ - թուրքական հարաբերությունների առնչությամբ Հայաստանի նախագահը նշել է, որ մտադիր է առաջիկայում նոր քայլեր ձեռնարկել դրանք խթանելու ուղղությամբ: «Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը», - ասել է Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին պաշտոնական Անկարայի առաջարկին, Հայաստանի նախագահը նշել է, որ դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո: Իսկ Կրեմլում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպմանը հաջորդել են հայ-ռուսական ընդլայնված կազմով բանակցությունները, հաղորդում է Արմենպրեսը: Բանակցությունների ժամանակ քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի զարգացող հարաբերությունները, խոսվել է քաղաքական հարցերի մասին, այդ թվում` անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին ՌԴ նախագահը ասել է, որ. «Այս առումով առաջընթացը բավական լավ է. ապրանքաշրջանառության աճն էական է, գործնականում վերջին շրջանում 2/3-ով առաջընթաց է արձանագրվել: Այդ թիվն արդեն մոտենում է միլիարդ դոլարի: Աճում է նաեւ փոխադարձ ներդրումների ծավալը: Մասնավորապես` ռուսաստանյան ներդրումները գերազանցել են 1,2 մլրդ դոլարի սահմանը»: Նախագահ Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, վստահություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան վերընթաց: Ռուսաստանյան ներդրումները զգալի մակարդակի են Հայաստանում, երկկողմ առեւտրատնտեսական շրջանառությունն աճում է, «բայց մեր նպատակներն այնպիսին են, որ 1 կամ 1,5 տարի անց այդ ցուցանիշները ոչ թե միլիոնով, հարյուր միլիոնով չափենք, այլ միլիարդով»: Ս. Սարգսյանը նշել է, որ շատ կարեւորում են նաեւ համագործակցության զարգացումը հումանիտար ոլորտում. «Պետք է ապագա սերունդներին փոխանցենք լավագույնը, ինչ ունենք»: