Չի կարելի բացառել Ղարաբաղի խնդրի լուծման ուժային տարբերակը: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Նոյյան տապանը»: «Չի կարելի դա բացառել: Առավել եւս, որ ադրբեջանական ղեկավարությունը խոսում է ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու հնարավորության մասին: Կարծում եմ, որ երկրում նվազագույնը երկու մարդ` գերագույն գլխավոր հրամանատարը եւ պաշտպանության նախարարը պետք է համարեն, որ թեկուզ վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: Նշանակում է` բանակը պետք է մարտունակ լինի: «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը բոլոր 14 տարիներին մեծապես պահվում է այն բանի շնորհիվ, որ առկա է ուժերի հավասարակշռություն, եւ դրա խախտման դեպքում չի կարելի բացառել մարտական գործողությունների վերսկսումը: Եթե նրանք (Ադրբեջանը) գոնե հինգ րոպե վստահ լինեն, որ կհասնեն հաղթանակի, կարող են դիմել ուժային տարբերակի: Սակայն ես կարծում եմ, որ դա խնդրի լուծման ուղի չէ: Նորից կրկնեմ` ես չեմ տեսնում ռազմական լուծում: Ճանապարհը խաղաղությունն է: Կարմիր գիծ կա ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի համար: Հարկավոր է եզրեր գտնել, որ կարող են մեզ մերձեցնել, որպեսզի մենք չանցնենք այդ սահմանը», ավելացրել է Հայաստանի նախագահը: