ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան Բաքվից: Նախատեսված էր նրանց հանդիպումները արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունիսի 28-ին` նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախարար Է. Նալբանդյանն ասուլիսում նշել է, որ համանախագահները Երեւանից կմեկնեն Ստեփանակերտ` բանակցություններ վարելու ԼՂ ղեկավարության հետ: Ըստ նրա` բանակցությունները շարունակվում են Մադրիդում համանախագահող երկրների առաջարկների հիման վրա: «Խոսքը նոր առաջարկների մասին չէ: Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարի հետ մենք հայտարարեցինք, որ բանակցությունները շարունակվում են Մինսկի խմբի համանախագահների 2007-ի նոյեմբերին ներկայացրած առաջարկների հիման վրա», նշել է ԱԳ նախարարը: