«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2008-06-26 | #122, 2008-06-27 | #123, 2008-06-28


ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԱՔՆՆՎՈՂ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Ըստ այդմ, ԵԽԽՎ-ն շատ մեղմ է վարվել Հայաստանի հետ

Թերեւս մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում առաջին անգամ էր Հայաստանում, որ նման քանակի միաժամանակյա ձերբակալություններ ու կալանավորումներ եղան` քաղաքական դիրքորոշումները ներկայացնելու կամ ակցիաներին մասնակցելու համար: Քաղաքացիական հասարակության մոտեցումները ներկայացնելիս երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի կատարման առնչությամբ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված քննարկմանը նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ներկայացնելով բանտարկյալների ու դատավարությունների մասին իրենց մոտեցումները` Սաքունցը ընդգծեց, որ գլխավոր դատախազության տվյալներով, 21 անձի նկատմամբ է միայն դադարեցվել հետապնդումը, բայց հարց է, թե ի՞նչ հիմքերով: Ինչ վերաբերում է դատական գործընթացներին, ապա, Սաքունցի մեկնաբանմամբ, գործերի մեծ մասում վկաները կամ բացակայում են, կամ էլ ոստիկանության աշխատակիցներն են, ինչի առնչությամբ ԵԽԽՎ բանաձեւում նշվում է, որ այդօրինակ գործերը պետք է կարճվեն, իսկ ոստիկանների վկայությունների հիման վրա արդեն իսկ ընդունված դատավճիռները ԵԽԽՎ-ն անընդունելի է համարել:

Մարտի 1-2-ի դեպքերի անկախ հետաքննությանը, հասարակական վստահության ձեւավորմանը դատական համակարգի նկատմամբ անդրադարձավ Հայկական զարգացման ինստիտուտը ներկայացնող Հրայր Ղուկասյանը: Ըստ նրա, ներկա վիճակը դատական համակարգի համար բավականին հաջող է` լրացնելու հասարակական վստահության պակասը: Ամեն դեպքում մարտյան իրադարձություններից հետո այդ առնչությամբ ձերբակալվածների վերաբերյալ դատական գործընթացները, Ղուկասյանի մատուցմամբ, փոխանակ առաջնորդվելու ծայրահեղ դեպքում ազատազրկման գնալու տարբերակով, ավելի շուտ եւ հաճախ կայացնելով հակառակ որոշումներ:

Մեկ այլ առանձնահատկություն էլ, ըստ Ղուկասյանի, այն է, որ մեզանում քրեական գործերի ճակատագրերը փաստացի լուծված են հենց նախաքննական փուլում, մինչդեռ վերջին խոսքը պետք է դատարանինը լինի: Իսկ մարտյան իրադարձությունների անկախ ու թափանցիկ հետաքննության առնչությամբ էլ Հրայր Ղուկասյանը գտնում է, որ շատ թերություններ արդեն իսկ կան, օրինակ, որ չկան տուժողներ, ինչն իր հերթին հարցականի տակ է դնում այդ գործընթացի գոնե թափանցիկությունը:

Ժողովների, ցույցերի, հանրահավաքների եւ երթերի ազատությունները ներկայացնող Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանի կարծիքով էլ իրազեկումը պետք է արվի հենց իրազեկման համար, որպեսզի իշխանությունները կարողանան ապահովել նույն վայրում երկու միջոցառում չլինելու պարագան: Ընդհանուր առմամբ, Այվազյանն այն կարծիքին էր, որ հանրահավաքների օրենքի մարտյան փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովի տված գնահատականները բնավ էլ բավարար չեն, իսկ ԵԽԽՎ բանաձեւի կատարումն էլ գրեթե կատարելապես թերի է հենց այս թեմայի առնչությամբ:

Լրատվամիջոցներին առնչվող իրավիճակին, գրաքննությանը, արտակարգ իրավիճակի պայմաններում ԶԼՄ սահմանափակումներին, Հանրային հեռուստառադիոընկերությանն ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին անդրադարձավ Երեւանի մամուլի ակումբը ներկայացնող Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա, ԵԽԽՎ նոր բանաձեւից ակնկալիքները մի քանիսն են: Մասնավորապես, անդրադարձ պետք է կատարվի ԶԼՄ-ների գործունեության մեջ խախտումներին ընտրությունների, արտակարգ իրավիճակի ժամանակ, ընդ որում` ինչպես չաշխատած ԶԼՄ-ների նկատմամբ ապօրինի գրաքննության, այնպես էլ աշխատածների կատարած խախտումների կտրվածքով:

Նավասարդյանի խոսքերով, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները պետք է հրաժարական ներկայացնեն, ինչը բնավ էլ նրանց նկատմամբ պատիժ չէ, այլ «ներդրում բարեփոխումներում»: Ինչ վերաբերում է Ա1+ հեռուստաընկերության առնչությամբ ԵԽԽՎ պահանջին, ապա այն, ըստ Նավասարդյանի, իրագործելի է նախ փորձագիտական քննարկմամբ այն հարցին պատասխան տալով, թե ինչպես ապահովել ազատ հաճախականություն:

Նավասարդյանը ԵԽԽՎ այս նստաշրջանում Հայաստանի հանդեպ մեղմ վարվելու իր բացատրությունը առաջարկեց, մասնավորապես, որ մեզ վերաբերվում են նույն խստությամբ, ինչ Ադրբեջանին, իսկ վերջինս նախագահական ընտրությունների է պատրաստվում հոկտեմբերին: Ըստ Նավասարդյանի, ձմեռային նստաշրջանում Հայաստանի հետ ինչպես վարվելը կարող է միանգամայն այլ դրսեւորումներ ունենալ, ինչը կապված է այդ ժամանակահատվածում արդեն հարեւան երկրում նախագահական ընտրությունների ավարտի հետ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4