Հունիսի 4-ըՙ սահմանագիծ
Առճակատման սահմանագիծ կարող է լինել հունիսի 4-ը, որը ներկայացնում է ընդդիմությունն իշխանությանը: Մինչեւ հունիսի 4-ը ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ հունիսի 4-ին կայանալիք հանրահավաքում ունկնդրել Լեւոն Տեր-Պետրոսյանի երկխոսության ծրագիրը: Սա էր երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի բանախոս, Համաժողովրդական շարժման կենտրոնի (ՀՇԿ) ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի ասելիքի առանցքը: «Լուրջ հնարավորություն է Հայաստանում առկա խոր ճգնաժամը հաղթահարելու, որից օգտվելու կոչ ենք անում իշխանություններին», ընդդիմության այս կոչն ընդունելու հավանականությունը Զուրաբյանը գնահատելու փորձ չարեց, միայն փաստեց, որ արդեն իսկ Երեւանի քաղաքապետարանը մերժել է հանրահավաք անցկացնելու հայտը եւ այլընտրանքային տարածք առաջարկելՙ հանրապետական մարզադաշտին հարակից:
Վերջինը, Լեւոն Զուրաբյանի գնահատականով, արվել է առանց օրինական հիմքերի, քանի որ հանրահավաքի անցկացման համար այլընտրանքային տարածք առաջարկելու օրենքով սահմանված որեւէ հիմք տվյալ պարագայում առկա չէ: Կայանալիք հանրահավաքն էլ, բանախոսի բացատրությամբ, չի կարող դիտվել ապօրինի, քանի որ մերժումը օրենքով սահմանված 72 ժամից ուշ է տրվել: Ինչը Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարության համաձայն, այլ բացատրություն ունի. «Միջոցառման կազմակերպիչների լիազորած անձանց կողմից առաջարկվել է քննարկման արդյունքում որոշման ընդունումը հետաձգել (դա բխում է օրենքի պահանջից) արված առաջարկը (այլընտրանքային տարածքի առնչությամբ- խմբ.) քննարկելու եւ իրենց մոտեցումները ներկայացնելու պատճառաբանությամբ»: Խոստացված մոտեցումները չեն ներկայացվել եւ քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը հրապարակել է ընդունված որոշումն ու այդ մասին գրավոր իրազեկել հանրահավաքի կազմակերպչի լիազոր ներկայացուցչին:
Ըստ Լեոն Զուրաբյանի, ընդդիմության հանրահավաքները մարզերում լինելու են համաձայն հասունացման, իսկ այսօրվա հանրահավաքը Գյումրիում է, քանի որ այնտեղ են նախաձեռնությունն ու թույլտվությունը եղել: Ի դեպ, հանրահավաքին մասնակից է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
1620 բանաձեւն ու համազեկուցողների խիղճը
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ այդ կառույցի ընդունած 1620 բանաձեւըՙ 1609 բանաձեւի դրույթների իրականացման մասին, արժանի է թե՛ դրական, թե՛ բացասական գնահատականի: Այս կարծիքին է Լեւոն Զուրաբյանը, որը ներկայացրեց ՀՇԿ կարծիքը. «Տապալվել է 1609 բանաձեւը կատարված ներկայացնելու նպատակով Հայաստանի իշխանությունների աճպարարական փորձը: Բանաձեւի կատարումը անբավարար համարվեց, ինչն էլ թույլ տվեց հարցն ընդգրկել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ: Իսկ շնորհիվ 1620 բանաձեւի Հայաստանի իշխանությունների գործունեությունը կշարունակի մնալ ԵԽԽՎ վերահսկողության ներքո եւ համապատասխան պատժամիջոցների գործադրման պայմաններում»: ՀՇԿ-ն դրական է համարում նաեւ Ա1+ - ի համար բաց, արդար ու հրապարակային մրցույթ իրականացնելու պահանջի ընդգրկումը 1620 բանաձեւում: Քաղբանտարկյալներին ազատ արձակելու ավելի հստակ ու համապարփակ պահանջներն էլ դրականի շարքում են: Սեպտեմբերին մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող մարմնի եւ քաղբանտարկյալների ազատման հետ կապված ԵԽ մարդու իրավունքների հանձնաժողովի հանձնակատարին զեկույց ներկայացնելու հանձնարարականը նույնպես ողջունելի է:
ՀՇԿ ներկայացուցչի տեղեկացմամբ, բացասականն իրենց գնահատականով նշված ժամկետներում 1609 բանաձեւի պահանջները ՀՀ իշխանություններին ի կատար ածելու պարտադրանք ներկայացնելու ԵԽ անկարողությունն է, որը հետեւանք է այդ հարցում կառույցի անվճռականության եւ անսկզբունքայնության. «Աշխարհաքաղաքական եւ շահադիտական նկատառումները գերակայեցին ժողովրդավարական սկզբունքներին նվիրվածությանը: Նման զարգացման անմիջական պատասխանատվությունը կրում են համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն. քաղբանտարկյալների ամեն նոր օրը բանտում նրանց խղճին է», վստահություն հայտնեց Լեւոն Զուրաբյանը:
ՀՇԿ բացասական գնահատականին են արժանացել նաեւ նշյալ բանաձեւում առկա գնահատականը հանրահավաքների ազատության վերականգնման առնչությամբ եւ մարտի 1-ի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմանը ԵԽԽՎ մոտեցումը, որ լոյալ է այն դեպքում, որ հանձնաժողովն իշխանական է: Համարժեք է վերաբերմունքը նաեւ 1620 բանաձեւում ԵԱՀԿ/ԺՄԻԳ ամփոփիչ զեկույցի, ՀՀ նախագահական ընտրություններում տեղի ունեցած խախտումների ծավալը, ընտրության գործընթացը արժեզրկելու մասին դրույթը չներառելուն:
Վերջում ի պատասխան համապատասխան հարցի, Լեւոն Զուրաբյանը կարծիք հայտնեց. «ԱՄՆ ավելի հստակ դիրքորոշում է արտահայտում Հայաստանում առկա իրավիճակի մասին, քան ԵԽԽՎ-ն: Այնուամենայնիվ, թերեւս պետության համար ավելի հեշտ է հստակ գնահատական տալ գործընթացներին, քան մի քանի պետություններ ներառող կազմակերպության համար»: Բանախոսի տեսանկյունից ԱՄՆ շատ ավելի սկզբունքային է ժողովրդավարության արտաքին քաղաքականություն վարելիս, քան Եվրոպան, ինչը, սակայն ամենեւին չի նշանակում, թե Եվրոպան պակաս ժողովրդավար է:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ