«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2008-06-26 | #122, 2008-06-27 | #123, 2008-06-28


ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հանրահավաքներ անող ընդդիմությունից այժմ մեծ երեւակայություն է պահանջվում` ամեն անգամ մի որեւէ խոստումով տաք պահել հանրահավաք գնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին, որպեսզի գոնե հանրահավաքային մի ստվար ու կայուն զանգված, այնուամենայնիվ, չլքի «հեղափոխականների» հավաքները, բայց բոլոր դեպքերում ԵԽԽՎ-ն, փաստորեն, առայժմ «չարդարացրեց» իրեն եւ խառնեց մեր գունավորների սպասելիքները: Հիմա թիվ մեկ խնդիրը մինչեւ հունվար, մինչեւ Հայաստանին ձայնից զրկելու մի նոր հնարավորություն, հանրահավաք թեժացնելն է, ինչը գործնականում անհնար է, քանի որ անգամ մեր ժողովրդի` արմատականների կողմնակից հատվածը չի սիրում «նիսյան», եթե հեռանկարը չի երեւում: Ապացույցը ժամանակին ընդդիմադիրների նախկին հետընտրական հանրահավաքներն են, որոնք սովորաբար մարել են, երբ անհասկանալի է դարձել նրանց կազմակերպիչների վարքագիծը: Այս մի անգամ` հուլիսի 4-ին ընդդիմության ղեկավարը հանրահավաքը կանչելու մի շատ լուրջ փաստարկ գտավՙ այդ օրը Տեր-Պետրոսյանը երկխոսության առաջարկ է անելու քաղաքական «շատ խոր ճգնաժամը» հաղթահարելու ուղղությամբ: Տեսնես ի՞նչ է եղել` արդյոք ինչ-որ ստվերային պայմանավորվածություններով ինչ-որ բա՞ն է փոխվել, թե՞ Տեր-Պետրոսյանն ինքն էլ հասկանում է, որ երկար ձգելն իր օգտին չէ, եւ ինչ-որ հանգրվան է առաջարկում: Ամեն դեպքում այդպիսի «տրյուկը» մեկ-երկու անգամից ավելի հազիվ թե աշխատի, այնպես որ մեր արմատականները կա՛մ պետք է խրամատավորվեն ավելի երկարատեւ պայքարի համար, կա՛մ քաղաքական դոնը պահելու այլ «էքսքլյուզիվներ» մտմտան:

Մեր իշխանությունն էլ հետաքրքրական է, ի՞նչ է կպել ստադիոններից, եթե մեկ է, անցած անգամվա պես Մատենադարանի մոտ է լինելու հանրահավաքը, անում են` թող անեն, իրենց համար ինչքան ուզում են` թող գոլորշի բաց թողնեն:

Մինչդեռ հենց իշխանությունը, չնայած ԵԽԽՎ-ի համեմատաբար նպաստավոր նոր` 1620 բանաձեւի դրույթներին, մի շարք նոր գլխացավանքներ վաստակեց: Օրինակ` ԵԽԽՎ-ն պետք է ցուցում տա՞, որ հասկանանք, թե մարդկանց առանց դատավճռի կամ մեղադրանքի առաջադրման երկար ժամանակ նախնական կալանքի տակ պահել չի կարելի, դա չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Կամ` որ մերոնք անընդհատ ասում էին, թե մարտի 1-ի զոհերի հարազատները որպես իրավահաջորդ չեն ճանաչվել, դա օրինական չէ, հնարավոր չէ՞ր նրանց ականջալուր լինել ու առժամանակ առաջ նրանց իրավահաջորդ ճանաչել, այլ ոչ թե եվրոպացիների ցուցումներից հետո. մեր իրավապահ համակարգին եւ դատախազությանը միշտ մի ապսպրանք ուղարկող է պետք, չի կարող իրենց գործը ժամանակին եւ արդյունավետ անել:

Գլխացավանք թիվ 1

Քաղբանտարկյալների խնդիրը, այդ թվում` ձերբակալված պատգամավորների մասով, որոնց հանդեպ դեռեւս քրեական գործեր չեն հարուցվել, եւ ինչպես Արմեն Հարությունյանն է ասում` «չորս ամիս նրանց նկատմամբ քննչական գործողություն չի իրականացվել (ձերբակալված պատգամավորների-Մ.Խ.), գործը դատարան չի գնում, այդ դեպքում ինչի՞ հիման վրա միջնորդեց գլխավոր դատախազը նրանց անձեռնմխելիությունից զրկելու»: Մի խոսքով` բանտարկյալների, իսկ ընդդիմության եւ Հայաստան եկող զանազան էմիսարների լեզվով` քաղբանտարկյալների հարցը շտապ լուծում է պահանջում, լինի իրավական, թե համաներման ճանապարհով, եւ սրա համար շատ ժամանակ չկա. մինչ մեր քաղաքական շրջանակները զբաղված են զանազան ինտրիգներով, ամռանն էլ մի լավ կհանգստանան, կգա սեպտեմբերը եւ Եվրոխորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը քաղբանտարկյալների մասին զեկույց կներկայացնի ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին` Հայաստանի վրա էլի մատ թափ տալու պատճառներ ունենալով:

Գլխացավանք թիվ 2

Աժ հանձնաժողովի ձեւաչափն, ըստ եվրոպացիների, չի կարող ըստ էության ապահովել անկողմնակալություն եւ անկախություն, վայելել հասարակության վստահությունը, այսինքն` եվրոպացիք հենց սկզբից կասկածի տակ են դնում այս հանձնաժողովի գործունեությունը, եւ որքան էլ, Արմեն Ռուստամյանի ասած` անաչառությունն ու անկախությունն աշխատանքով փորձեն մեր հանձնաժողովականներն ապացուցել, հենց սկզբից կասկածը խփել են հանձնաժողովի ճակատին, «կլեյմոն» դրել են: Մի բան գիտեր Դավիթ Հարությունյանը, որ կողմ էր մարդու իրավունքների պաշտպանին կից մարտի 1-2-ի իրադարձությունները քննող հանձնաժողով ստեղծելուն: Բայց դե ուրիշ է մեր քաղաքական մեծամասնության շահը, ուրիշՙ ընդդիմության ցանկությունը. մեկը մյուսին պիտի, չէ՞, մի լավ ցեխաջրեն այդ հանձնաժողովով եւ դրա շուրջը: Իսկ հանձնաժողովից մեծ հաշվով կախված է լինելու Հայաստանի հանդեպ եվրոպական վերաբերմունքը հունվարին:

Գլխացավանք թիվ 3

Մինչեւ 1609 բանաձեւի քննարկումը ԵԽԽՎ-ն քննարկել է «Եվրոպայում ժողովրդավարական հաստատությունների վիճակի մասին» բանաձեւը, որտեղ նշվել է, թե Ադրբեջանում եւ Մոլդովայում ժողովրդավարական վիճակը չի կայունանա, քանի դեռ նրանց տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ»: Այս ձեւակերպումը մերոնք փորձել են կանխել, բայց չեն հաջողել... եւ քվեարկել են բանաձեւի օգտին: Ահա սա մեր երկրի համար ամենաթունդ գլխացավանքներից է դառնալու, քանի որ կրկնում է ՄԱԿ-ում ադրբեջանանպաստ բանաձեւի դրույթը. այն ժամանակ Վարդան Օսկանյանը դա չէր համարում հայ դիվանագիտության պարտությունը եւ ասում էր, որ հազիվ թե գործնական հետեւանք ունենա Հայաստանի համար. սխալվեց, տեսնում եք, եւ այդ սխալների համար արդեն հատուցում ենք` այդպիսի բանաձեւերի ընդունումը միջազգային ատյաններում սովորույթի ուժ է ձեռք բերում, եւ կարող է արջի ծառայություն մատուցել արտաքին քաղաքականություն իրականացնող երկրի թիվ մեկ դեմքին: Իսկ մեր արտաքին քաղաքականությունը կռող միջանկյալ օղակները միայն արդարանում են:

Այլ գլխացավանքների մասին դեռ կգրենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4