Նախորդ համարում տպագրել էինք Ռոմա Դալլաքյանի գրախոսությունը Ռուզան Սարյանի նախաձեռնությամբ, կազմամբ ու ձեւավորմամբ 2007-ին լույս տեսած «Սարյանը եւ Փարիզը» գրքի մասին, միաժամանակ խոստանալով առանձին անդրադառնալ մի քանի թերություններին, ինչն անում ենք այժմ:
Ներկայացված գիրքը, անկասկած, դրական արժանիքներ ունի, մեկտեղված են թե՛ նկարիչների, թե՛ արվեստաբանների, թե՛ լրագրողների հոդվածներ: Տարօրինակ է, սակայն, որ «փշրանք առ փշրանք հավաքված» նյութերի մեջ բացակայում են այլ հոդվածներ, եւ հատկապես ֆրանսահայ նշանավոր գրող Շ. Շահնուրի 1929-ի Թեոթիկի «Ամէնուն տարեցոյցի» մեջ լույս տեսած հոդվածը, որտեղ հայ նկարիչների մասին եւ Սարյանին առանձնացնող բացառիկ միտք է արտահայտված. «Սարեանը մեծագոյն բարեբախտութիւն ունի` հայրենի հողին վրայ մնացած ըլլալու երջանկութիւնը: Մենք ունինք լաւ նկարիչներ, բայց կարելի չէ ունենալ հայկական նկարչութիւն, մինչեւ որ արուեստագէտները ուրիշ հորիզոններէն օգտուելով հանդերձ չմնան իրենց հայրենի երկրին մէջ: Առանց ազգային երկինքի, ազգային հողի եւ դեռ, ինչու չէ, առանց ազգային արեւի չըլլար ազգային նկարչութիւն»:
Հոդվածագիր Ռոմա Դալլաքյանը Ավիկ Իսահակյանի առաջաբանից մեջբերում է կատարել. «Կես դար գուցե եւ ավելի ժամանակահատված Սարյանի փարիզյան շրջանը խորհրդային պաշտոնական քննադատության կողմից անտեսվել, լռության է մատնվել, ասես ոչինչ չի եղել...»: Սակայն գրքի 245 էջի ծանոթագրությունում կարդում ենք. «Վերջին տարիներին (այսինքնՙ 1970-ականների սկզբին) Սարյանի փարիզյան շրջանով զբաղվել են Մ. Սարյանի երեւանյան տուն-թանգարանում: Սարյանական արվեստի նրբագիտակ Շահեն Խաչատրյանը (տուն-թանգարանի տնօրեն) երեւանյան մի քանի ամսագրերում (եւ Մոսկվայում) տպագրել է հոդված-հրապարակումներ Սարյանի փարիզյան աշխատանքների մասին»: Տողերի հեղինակն է հայտնի արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին, որի լույս ընծայած «Սարյանը Փարիզում» ծավալուն հոդվածի (1974) վրայից հանված է «նվիրվում է Շահեն Խաչատրյանին» ընծայագիրը: Այս մոտեցումն արդյո՞ք պատահական է: Գրքում չեն ընդգրկված նաեւ Շ. Խաչատրյանի Ֆրանսիայում կազմակերպած սարյանական երեք ցուցահանդեսների կատալոգների իր գրած առաջաբաններից որեւէ հատված. ինչպե՞ս հասկանալ ոչ պրոֆեսիոնալ այս մոտեցումը:
Այս գրքի առթիվ մենք խնդրեցինք արվեստաբան Շ. Խաչատրյանին հայտնելու իր կարծիքը. «Անկեղծ ասեմ, տեսնելով գիրքըՙ ես ուրախացա: Տպագրված բոլոր նյութերը նկարչի կինը ժամանակին խնամքով դասավորել էր, ուսումնասիրման ալբոմի վերածել: Իհարկե, զարմացել եմ, թե ի՞նչ պատճառով 1928-ին վերաբերող իմ գրածները դուրս են նետված Ավիկ-Ռուզանի կազմած ժողովածուից: Ի վերջո, դա կարեւոր չեմ համարում: Հարկ եմ համարում նշել ճշտման ենթակա մի շարք լուրջ սխալներ:
Գրքի առաջաբանում Ավիկ Իսահակյանը գրել է. «...Բոլոր տեսակի արվեստագիտական քննադատական արձագանքներից վեր են ու խոսուն նկարչի փարիզյան շրջանի փրկված տասը պատկերները»: Եվ ավելորդ է համարել նշել, թե ինչպե՞ս են այդ գործերի մոտ կեսը փրկվել եւ հայրենիք բերվել: Եթե նշվում է 10 փրկված նկար, ապա ինչո՞ւ է դուրս թողնվել 11-րդըՙ Ազգային պատկերասրահում պահվող «Գործարան Փարիզում» նկարը, որը երկար տարիներ Լենինականի թանգարանում էր ցուցադրված:
Առավել զարմացնող է, որ առաջաբանի հեղինակ Ավիկ Իսահակյանը, ինչպես եւ գրքի կազմողը, Սարյանի Փարիզում վրձնած գործերի մեջ առաջինը նշում են «Կոտայք. լեռներ» բնանկարը (նույնը մեջբերել է հոդվածագիրը): Նկարչի սոսկ փարիզյան շրջանը ընթերցողին ներկայացնող ակնհայտ սխալ: Դեռ տասնամյակներ առաջ գրված է, որ այդ գործը Վարպետը նկարել է Կոտայքի շրջանի Ծագ սովխոզում, ուր իր կնոջ հետ նա եղել է 1926-ի ամռանը, որտեղից էլ հիանալի երեւում են Գեղամա լեռները: Գունային լուծմամբ նորույթ հանդիսացող այդ նկարը, բարձրորակ մի քանի գործերի հետ, ինչպես նաեւ 1914-ին, Նախիջեւանի Գողթան գավառում արված շուրջ մեկ տասնյակ հիանալի գծանկարներ, նկարիչն իր հետ տարել է Փարիզ: Ճիշտ է` արվեստի մայրաքաղաքում Սարյանին հուզել է ազատ ստեղծագործելու մթնոլորտը: Բայց արդյո՞ք դա նշանակում էր ինչ-որ «նորի անհրաժեշտություն զգալ» եւ փոփոխության ենթարկել իր նկարելաոճը: Սարյանը Փարիզ էր եկել հայրենի երկրի վերածնության ոգով տոգորված ու այդ ոգին բացահայտող գունագծային իր նոր ձեւամտածողությունը հաստատած: Ուստիեւ բացի մի շարք դիմանկարներից ու փարիզյան մի քանի էտյուդներից նա հայրենի բնանկարներ ստեղծեց` հիմնականում 1914-ի գծանկարներից օգտվելով: Այդ բնանկարների գունային լուծումների աղբյուր էր «Գեղամա լեռներ. Կոտայք» հրաշք նկարի դեղնանարնջագույն կոլորիտը»:
Մեջբերում ենք մի հատված Շ. Խաչատրյանի «Սովետական արվեստ» ամսագրում (1971, N 7) տպագրած հոդվածից. «... Մ. Սարյանի «Գեղամա սարերը» (նկարի անունը փոխված է համաձայն այդ լեռների աշխարհագրական անվանման) սքանչելի բնանկարը նկարչի ընտրած եւ իր հետ Փարիզ տարած հինգ գործերից մեկն է: Վարպետի կնոջՙ Լուսիկի վկայությամբ, այն նկարված է նախկին Մհուբ գյուղի շրջակայքում: 92-ամյա վարպետը, Նյու Յորքից ստացված իր նկարի գունավոր լուսապակին երբ տեսավ, երկար նայեց ու մոռացած ամեն ինչ, ասաց. «Այս կենդանիներին ես շատ եմ սիրում, դաշտի մեջ փռված այս ծառերն էլ շատ գեղեցիկ են, իսկ այն վերեւի սարերի հետեւում Սեւանն է: Հրաշք երկիր է...»:
Այլ հարցերից զատ, կարեւոր մի նկատառում եւս մատնանշեց սարյանագետը. «Այնքան տարօրինակ է գրքի առաջաբանում հնչող, նկարչի փարիզյան շրջանը բնութագրող «աստեղային շրջան», «փարիզյան ռենեսանս», «արարչագործ ու աննախընթաց վերելք», «եկա, տեսա, հաղթեցի (veni, vidi, vici)» Սարյանի նկարագրին խիստ հակասող արտահայտությունները: Պատկերացրեք, թե ֆրանսերեն հրատարակվող այդ ժողովածուի առաջաբանը եւ բացթողումները ի՞նչ տպավորություն են թողնելու մասնագետ ընթերցողի վրա»:
«Ազգի» խմբագրությունը գտնում է, որ այս գիրքը պահանջում է առավել ամբողջական վերլուծություն, հատկապես նկարազարդման մոտեցումներին եւ թարգմանությունների լեզվական որակին վերաբերող: Դրանց թերեւս կանդրադառնանք հետագայում, գրքի հետագա թարգմանություններն ու հրատարակություններն ավելի կատարյալ տեսնելու նախանձախնդրությամբ: