Գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը (Ազգային պատկերասրահի առաջին հարկի սրահներում) տպավորում է գունային ինտոնացիաների բազմազանությամբ, անակնկալ զուգադրություններով, որոնց տոնայնությունները ներքին տրամադրությունների ու վիճակի տարբեր արձանագրումներ են կտավներին: Գունային «վարակը» (դեղնակարմիրը, կանաչը, մանուշակագույնը) կտավից արագ փոխանցվում է դրա առաջ կանգնողին: Այս աշխատանքները բնապաշտական ներբողներ են, նկարչի աշխարհազգացողությունը, հոգեբանությունը աղերսվում է հողին, բույսին, ծաղկին, քարին, արեւի լույսին, որից աչքը գեղագիտական հաճույք է «կորզում», միտքը` հանդարտություն, հոգին` խաղաղություն:
Ցուցադրված նկարները երեք պայմանական բաժիններով եթե ներկայացնենք, ամենից տպավորիչը եւ ընդգրկունը բնանկարինն է: Հրանտ Թադեւոսյանը հայ բնանկարչության լավագույն ավանդույթների կրողներից մեկն է` գունային զգացմունքայնությամբ հայրենի եզերքի բանաստեղծականացումը ամենաբնորոշն է նրա բնանկարին: Համոզվելու համար պետք է տեսնել նրա վրձնից ծնված արեւածաղկի ժպիտը, փշեծաղկի մանուշակագույնի, նշենու վարդագույնի, խոտի դեզերի այրվող դեղինի, կողք կողքի ննջող քարերի «հոգնության» թափանցիկությունը, լիալուսնի արտակարգ դեղին արտափայլը: Բնապատկերների շուրջ զգացմունքային դաշտ ու կենսաէներգիա է կուտակվում, ինչպես ծաղկած եղրեւանուց, եկեղեցու քարի լռությունից, ծառի սիրուց ծնվող բույր:
Հայրենի եզերքի հարազատ բնանկար-մթնոլորտ են ստեղծում նրա «Ահնիձորը», «Հողակտորը»` փայտի կամ փշի ցանկապատով առանձին անկյուն, մենավոր տուն, խոտի դեզ, ծառ, շուն, արեւ ու լույս:
Տարբեր գունամտածողության ու պատկերաձեւերի (առավել մուգ երանգներ եւ չընդգծված ֆիգուրներ) այլ շերտ էն ներկայացնում նկարների այն խումբը, որ ենթագիտակցականի դրսեւորումներ են. սրանք տագնապ, դժվարություն, խռովք ու ներքին անորոշություններ են արտահայտում, ինչպես «Ծանր քայլ», «Հավատք», «Պատուհան», «Մտորում», «Դադար», «ՏՕՏ» գործերը:
Գեղանկարիչը շատ քիչ է օգտագործել դիմանկարի ժանրը. հաջողված է «Օհան պապը» գործը, իսկ «Կապույտ աղջիկ» եւ «1999 թվական» կտավներում շատ նրբորեն է ընդգծված կանացիությունը, կնոջ մարմնի փխրուն ու թափանցիկ նկարագիրը: Հետաքրքրական են նաեւ քարի բնական հղկվածքի ու սեփական մշակման համադրությամբ 2 մանրաքանդակ` «Կոմիտաս», «Խնձորեսկցի»:
Հրանտ Թադեւոսյանի ցուցահանդեսը գունաձեւերի խոհականության, երազայնության, զգացմունքի ու մտքի ներդաշնակության մթնոլորտ ու գեղագիտական վայելք է պարգեւում այցելուին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ