«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2008-06-26 | #122, 2008-06-27 | #123, 2008-06-28


ԿՈԳՆԻՏԻՎ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՄ «ԷՇԱՆԱԼՈՒՑ» ԴԵՊԻ «ԷՇԱՑՈՒՄ»

ԳԱՅԱՆԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ, ԵՊՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ , պրոֆեսոր

Նկարագրված հոգեվիճակներն ասես պատճենում են մեր կյանքի դրվագներ: Հեղինակը խուսափել է զուգահեռներ տանել նկարագրվածի եւ մեր այսօրվա միջեւ: Առաջարկում ենք դա անել ընթերցողին:


«Միտքը թեւեր ունի», ասում էր Ջալալեդին Ռումին

Մեր կյանքը ստիպում է մեզ հրաժարվել սեփական բանականությունից, եթե չասենք տրամաբանությունից, ավելի հաճախ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Մարդու հոգեկանի կանոնավոր գործունեության պայմաններից կարեւորագույնն այն է, որ նրա մտավոր, կոգնիտիվ համակարգում առկա տարրերը միմյանց համապատասխանեն, ինչն ապահովում է, որ մարդը չարտամղվի հասարակությունից իբրեւ հոգեկան հիվանդ, իսկ լայն իմաստով` չվտարվի տիեզերքից, քանի որ մեր գիտակցությունը եւ բանականությունը նաեւ տիեզերքային են: Սոցիալական հոգեբանության մեջ կոգնիտիվ տարրերի համապատասխանության երեւույթը կոչվում է կոգնիտիվ հաջորդականություն (последовательность) եւ դիտվում է որպես հոգեկան աշխարհի օրենքներից մեկը: Ի՞նչ է կատարվում մարդու հոգեկանի հետ, երբ նա հանդիպում է բացահայտ անհեթեթության, այսինքն` երբ խախտվում է կոգնիտիվ հաջորդականությունը: Առաջին հերթին նա փորձում է եւ չի կարողանում տեղավորել լսածը կամ տեսածը սեփական կոգնիտիվ համակարգում, իսկ հետո` հայտնվում է տհաճ հոգեկան վիճակում, որը զարմանքի, տագնապի եւ մոլորության խառնուրդ է: Դրան ավելանում է մի յուրահատուկ զգայություն, որ ամեն ինչ կանգ է առել, եւ դու այլեւս ի զորու չես որեւէ բան ընկալել: Ինչպես մանկությունից հիշվող հեքիաթում կախարդական բառը արտասանելիս քարանում է շուրջ բոլորը, այնպես էլ այստեղ` բացահայտ անտրամաբանական տպավորությանը բախվելու պահին «քարանում եւ սառցակալում է» հոգեկանը. տեսածը կամ լսածը չի դասավորվում կոգնիտիվ համակարգի մեջ, եւ մարդը, դա ի դեպ տեւում է վայրկյաններ, խլանում եւ կուրանում է: Բնական է, որ նա ամեն կերպ ձգտում է դուրս գալ այդ վիճակից եւ անմիջապես մոռանալ տհաճությունը: Սակայն նման մոռացումը թանկ է նստում նրա հոգեկան աշխարհին: Բանն այն է, որ ամեն անգամ շուտափույթ շպրտելով հանդիպած աբսուրդը ենթագիտակցանի ոլորտը, նրա հոգեկանը սովորում է գործել կոգնիտիվ հաջորդականությունից դուրս, իսկ արդյունքում նա հետզհետե սկսում է ընկալել անհեթեթը` որպես բնական: Կրած վնասները բացահայտվում են հետո, օրինակ, երբ ինքն է դառնում աբսուրդի կրողը, եւ այլեւս դա չի նկատում:

Նկարագրված հոգեկան վիճակի համար, բացի կլինիկական տերմինից` այն է «ступор» (ակնթարթային սուր շշմածություն), կա հանրամատչելի բառ`«էշանալ»: Վերջինը կարելի է համարել լիովին նորմալ հակազդում արտաքին աշխարհից եկած խիստ անհասկանալի ազդակին: Բայց հարցն այն է, թե ի՞նչ է կատարվում դրանից հետո: Որպես վարկած մենք ենթադրում ենք, որ որքան հաճախ է անձը հանդիպում եւ արտամղում իր գիտակցությունից հանդիպած անհեթեթության բովանդակությունը, որքան ծուլանում է շարունակել դրա շուրջը մտածել` փորձելով գտնել եւ հասկանալ այդ անհեթեթության պատճառները, այնքան նրա մտածողությունը դադարում է կանոնավոր լինելուց, այնքան նա կորցնում է քննադատությունը եւ ռեֆլեքսիայի ընդունակությունը: Եթե այդ գործընթացը դառնում է շարունակական, ապա տեղի է ունենում մտածողության ունակության նվազում, պարզ ասած` տեղի է ունենում յուրահատուկ շարժ. «էշանալուց» դեպի «էշացում», որտեղ առաջինը որակավորվում է որպես իրավիճակով պայմանավորված ժամանակավոր հոգեբանական վիճակ, իսկ երկրորդը` անկախ իրավիճակից եւ ժամանակից կայուն անձնային համախտանիշ:

Հեռուստատեսության ճարպիկ քաղաքական տեխնոբանները մեր կողմից առաջ քաշած վարկածը իրենց համար վաղուց ապացուցել են, այլապես անիմաստ կլիներ նրանց գործը եւ վարձատրումը: Օրինակ, երբ այն, ինչը քաղաքական լիդերը անում է բացառապես իր շահից ելնելով, մատուցվում է որպես անձնազոհություն ժողովրդի համար, առաջին անգամ ընկալվում է զարմարքով եւ զզվանքով, իսկ եթե դա արվում է պարբերաբար, ունկնդիրը «պատրաստ է». նա այլեւս չի հակազդում, այսինքն` չունի ոչ միայն արտահայտվող դրսեւորում, այլ նրա ներքին զգայական կամ դատողական տիրույթում չի նշմարվում ոչ մի շարժում: Եթե այդ նույն բովանդակությունը ներշնչվում է տարբեր ենթատեքստերով, կարելի է նաեւ հասնել նրան, որ մարդուն թվա, թե մատուցվածը միշտ եղել է նրա սեփական համոզմունքը:

Եթե հեռուստատեսության եւ զանգվածային միջոցների ոլորտը ընդհանրապես հիմնվում է նման օրինաչափությունների վրա` ըստ պատվերի, այլ կերպ ասած` անում է դա գիտակցաբար, ապա առօրյա կյանքում մենք հանդիպում անգիտակից քայլերի կամ արտահայտությունների, որոնք արդեն չենք նկատում: Ասենքՙ երբ վերադասը նախատում է ստորադասին իր հիվանդության համար. «Դուք չպետք է հիվանդանայիք հենց այս ժամանակ» (դա նույն է, ինչ ասես.«Այս պահին դուք չպետք է մահանայիք»), եւ դա կրկնվում է մի քանի անգամ, ստորադասը ակամա սկսում է ունենալ «իռացիոնալ» մեղքի զգացում, ինչը հոգեբանները դասում են հուզական խանգարումների դասին: Օրինակները դժվար չէ շարունակել: Ասենք, պետական պաշտոնյան կարող է հիմնավորել իր կարեւոր որոշումը ինչ-որ մեկի հետ «մի կտոր հաց կիսելու» փաստարկմամբ, ցուցասրահում մսաղացի մեջ կենդանի մուկ են գցում եւ հպարտորեն անվանում «ժամանակակից արվեստ», ղեկավարը հանձնարարություն է տալիս առանց տեղեկանալու, որ այն անհնար է կատարել, Մոսկվայի փողոցներից մեկում միաժանանակ ցույցի են ելնում համասեռամոլները, «սկինհեդները», օմոնականները եւ ...եկեղացական սաղմոսերգիչները եւ այլն: Ամեն օր եւ ամենուրեք կատարվում են բաներ, որոնց համեմատ Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում կարող են թվալ թվաբանական տրամաբանություն: Նշենք, որ կոգնիտիվ անհաջորդականության զանազան դիսոնանսների առատ աղբյուր են հատկապես այն անձնավորությունները, որոնք, ըստ Գանուշկինի, պատկանում են ախտաբանական ստախոսների տիպին: Մի հարցի շուրջ ստելուց հետո, նրանք ստիպված են լինում հնարել մյուսը, հետո խճճվում այդ սարդոստայնի մեջ եւ իրենց քաոսային մտածողությամբ մոլորեցնում շրջապատող անձանց:

Այս ամենը բացարձակ ուշադրության արժանի չէր լինի, եթե դրա նկատմամբ անուշադրությունը վտանգ չներկայացներ մտածողության, իսկ արդյունքում ամբողջ հոգեկանի համար, քանի որ անբանականը, դառնալով կյանքի մաս, խախտում է կոգնիտիվ համակարգը, որից կախված են նաեւ հուզական եւ կամային ոլորտները: Ժամանակին, օրինակ, Ա.Հիտլերի ճառերը ունկնդրողները անտեսում էին մի մտավոր աղճատում մյուսի հետեւից, իսկ տասնամյակ անց պատրաստ դարձան վայրագությունների: Այն, որ մի ամբողջ առաջադեմ ազգ գտնվել է գիտակցության մթնշաղային վիճակի մեջ, գալիս է փաստելու մտքի եւ հետագա գործողությունների կապը: Ամեն անգամ, երբ մարդը հետամուտ չի լինում հետեւել հաջորդականությանը եւ անտեսում մտքի աղճատումը, նա հող է ստեղծում հետագա ոչ համարժեք վարքի համար:

Վտանգ պարունակելու առումով գլխավորը, որ միտքը պարզ եւ լուսավոր չէ, իսկ ինչ բովանդակություն է այն պարունակում, արդեն երկրորդական է: Ասենք ավելին. միեւնույն բովանդակությունը կարող է լինել աղավաղված կամ ոչ տարբեր պարագաներում: Մ. Գորբաչեվի եւ Ա. Սախարովի շուրթերից հնչած «ժողովրդականություն» բառը, մի դեպքում` աղոտ եւ լղոզված, մյուսում ստույգ իմաստ ունի: Կարող է լինել եւ հակառակը. տարբեր բովանդակությունները միեւնույն պարագայում կարող են հանգեցնել աբսուրդի: Եթե երեկվա աթեիզմ դասավանդողը այսօր դասավանդում է կրոն, երկու դեպքում էլ դասավանդվում է աբսուրդ, որովհետեւ մի դեպքում դասավանդվում է կրոն առանց հավատքի, մյուս դեպքում` աթեիզմ առանց մտքի, քանի որ պարզ եւ առողջ մտածողության համար անհնար է կառուցել աշխարհի ավարտուն պատկերն առանց Աստծու: Եթե ուսուցիչը կամ ծնողը միեւնույն հարցի շուրջ մի քանի անգամ փոխում է իր միտքը, երեխայի գիտակցությունը սովորում է գործել քաոսային կերպով, ինչի հետեւանքով տարիներ հետո նրա հոգեկանում բուն է դնում երկմտանքը, եւ նա ընդունակ չի լինում որոշումներ կայացնել:

Սակայն փորձենք հասկանալ այն պատճառները, որոնք դրդում են անտեսել անհեթեթությունն ու սուտը, ստիպում են չհակադրվել դրան, իսկ արդյունքում` հետզհետե կորցնել մտածելու կարողությունը, նմանվելով ոմն թերամիտի: Ամենավիրավորականը այստեղ այն է, որ եթե թերամիտը ի ծնէ զրկված է մտածողության կարողությունից, ապա նշված դեպքում մարդը կամավոր կերպով պատառ առ պատառ հրաժարվում է իրեն պարգեւված ուժից` մտածողությունից:

Եթե կարելի է պատկերացնել մտածողությունը որպես տարածական կատեգորիա, ապա ժամանակակից մարդու մտածողության ամենացայտուն որակը կարճամտությունն է: Թե՛ երեւույթների միջեւ ընկած կապերի որոնումը, թե՛ միտքը մինչեւ տրամաբանական ավարտին հասցնելու ճիգերը այլեւս կորցրել են իրենց նշանակությունը: Տարածված է թյուր կարծիք, որ ժամանակակից կյանքի արագությունների գլխապտույտում գործնական չէ որեւէ հարցի շուրջ երկար մտածելը: Քանի որ վազքի մեջ գտնվող մարդու համար ընկալման գործընթացը մշտապես չի ավարտվում, զարգանում է «տեսահոլովակային» գիտակցություն, մի «ակնթարթային» միտքը փոխարինում է մյուսին, ինֆորմացիաները արագ նորոգվում են եւ այլն, մարդը չի հասցնում յուրացնել միտքը որպես այդպիսին: Վերջինս «կարճանում» է այն աստիճանի, որ չի կարող ծառայել կյանքին» իսկ «գործնական» մտածողությունից հետք էլ չի մնում: Կարճամտությունը անդրադառնում է առաջին հերթին հենց հոգեբանության վրա եւ սա է պատճառը, որ այսպիսի կատեգորիաները, ինչպիսիք են, օրինակ, «նամուս», «խիղճ», «բարոյականություն» եւ այլն, դուրս են եկել հոգեբանների հետաքրքրությունների շրջանակից, իսկ նրանց փոխարինելու են եկել «մոբիլ» տեխնիկական հասկացությունները: Ասենք, հարկավոր չէ երկարատեւ հոգեվերլուծության միջոցով պարզել անձի թերարժեքության խորքային պատճառները, բավական է առավոտյան հայելու մոտ ժպտալ եւ մի քանի անգամ կրկնել. «Ես գեղեցիկ եմ եւ հիասքանչ»: Հարկավոր չէ գլուխ ջարդել եւ հասկանալ ստացած տեղեկատվության ո՞ր մասն է սուտ կամ ճիշտ, շատ ավելի դյուրին է այդ ինֆորմացիան կուլ տալ առանց մտածելու` խուսափելով ավելորդ հնարավոր հետեւանքներից: Հակառակը. «երկարամտությունը» չի հանդուրժում ստի եւ ճշմարտության երկակի իմաստներ, պահանջում է մտավոր կարգապահություն, խիստ «մեղսունակություն», սակայն նաեւՙ ցավալի ապանույնականացում արմատացած կարծիքների, սեփական անձի սիրված բնութագրերի, ընդունված արժեքների հետ, ընդհուպ մինչեւ այդ արժեքների կտրուկ փոփոխությունը` անցողիկից դեպի մնայուն:

Գ. Նարեկացուՙ Աստծուն ուղղված մակդիրներից մեկը «երկայնամիտն» է: Ինչպես Նարեկացու յուրաքանչյուր, այնպես էլ այս բառը, տանում է դեպի հեռավոր իմաստները. Աստված, որի տիեզերքային միտքը ներառում է բոլոր ժամանակներն եւ տարածությունները, շնչավորը եւ անշունչը, հոգեւորն ու նյութականը, հակադրված է այստեղ ոչ թե մարդուն, այլ այն մարդուն, որը պահանջ չի զգում սեփական մտքով գնալ սեփական «քթից» հեռու: Բայց հենց դա է տիրում ամենուրեք. պետական այրերի մտածողությունը տեւում է ընտրություններից ընտրություններ, գիտնականներինը` գրանտից գրանտ, գործարարներինը` գործարքից գործարք, ժուռնալիստներինըՙ սենսացիայից սենսացիա եւ այլն: Մի խոսքով, մեր մտքի երկարությունը կարելի է չափել շահից մինչեւ շահ, պատվերից պատվեր, հաճույքից հաճույք, ստից սուտ: Կարճամտության հիանալի օրինակ կարող է ծառայել Վ. Ժիրինովսկու հետեւյալ բանախոհությունը. «Շատ լավ է, թող Ամերիկան եւ Իրաքը իրար ուտեն, նավթի գները կբարձրանան, Ռուսաստանը միայն կշահի, կհարստանա...»: Նախ, եթե այդ բախումը սրանա եւ ընդլայնվի, Ռուսաստանը, գուցե նաեւ ամբողջ աշխարհը, չի կարողանա չեզոք մնալ, էլ չենք ասում նրա մասին, թե արդյո՞ք Ռուսաստանը կհարստանա, թե նրանք, ում դա թույլ է տրված:

Ժամանակակից մարդու կործանարարական մոլորություններից մեկը այն կարծիքն է, որ մտածողության համար հարկավոր չի գործադրել լրացուցիչ ճիգեր, բավական է քիչ թե շատ տրամաբանական կերպով կողք-կողքի դնել բառերը: Մնացածը անձի փոխարեն «կատարում է» իներցիան. ինչ-որ տեղ ինչ-որ բան լսածը, տեսածը կամ կարդացածը ներմուծվում է իրավիճակի մեջ, որն ի դեպ ամեն անգամ պահանջում է յուրահատուկ, այսինքն` միայն այդ իրավիճակին համապատասխանող մտավոր գործընթաց: Իներցիոն մտածողության հիմքը ոչ այնքան մտավոր ծուլությունն է, որքան կանծրացած համոզմունքը, որ այս ոլորտում ծույլ լինելը արդարացված է. չէ՞ որ այն, ինչ կատարվում է գանգից ներս, միայն մեր սեփականությունն է: Այս ամենը դատապարտելի չէ, որովհետեւ անտեսանելի է, բայց երբ այդ ավտոմատիկ մտքերի հիման վրա ընդունվում են մեխանիկական որոշումներ, տեսանելի եւ շոշափելի է դառնում իներցիոն մտածողության արգասիքը: Իներցիոն մտածողության կրողի հոգեբանական առանձնահատկություննից մեկը` ճանաչողության հանդեպ ենթագիտակցական ատելությունն է: Նա չի ուզում եւ չի կարող իր միտքը ինքնուրույն տրամաբանական ավարտի հասցնել, գերադասում է, որ նրա փոխարեն այդ գործը կատարեն ուրիշները: «Գոհ լինելով այն բանից, որ նա ազատվել է մտածելու տհաճ անհրաժեշտությունից, - գրում է Ֆ.Շիլլերը, - մարդը ուրիշներին է հրամցրել սեփական հասկացությունների հանդեպ խնամքի իրավունքը»:

Իներցիոն մտածողության համար հիմք է ծառայում բառերի բուն իմաստների կորուստը: Բառերի սկզբնական նշանակությունները ավելի եւ ավելի են հեռանում խոսակցականից եւ դառնում լեզվական կարծրատիպեր: Սա է պատճառը, որ հետազոտողները հաճախակի դիմում են տերմինների ծագումնաբանությանը: Բաբելոնի աշտարակը ոչ միայն բազմակի լեզուների խորհրդանիշն է, այլ լեզվի` անավարտ եւ ապակառուցվածքային բնույթի: Այսօր շատ քչերի խոսքը քննություն կբռնի տրամաբանությունից, այնքան հեռացել են բառը եւ իր իմաստը:

Անուշադրությունը մտքի շարընթացի նկատմամբ, իներցիան եւ տրամաբանական խորամանկությունները բանականության խորը քնի պարագայում հանգեցնում են քաղաքական որոշումների, որոնց հետեւանքով հեղեղի նման արյուն է թափվում: Ժամանակին, օրինակ, Է. Շեւարդնաձեն շատ քիչ մարդկանց զարմացրեց հետեւյալ նախադասությանբ. «Աբխազիայում խաղաղության կարելի է հասնել միայն պատերազմի ճանապարհով»: Պարզվում է, որ կարելի է մտածել, որ «խաղաղությունը հավասար է պատերազմին», եւ այնուամենայնիվ չբախվել մարդկանց մեծամասնության ցասմանը կամ շոկին: Հիրավի, ախտաբանականը արդեն գրավել է նորմայի տեղը եւ անցել սովորականի դասը:

Ֆրասիացի հոգեբան Ա. Վալլոնը առաջ է քաշել մարդու խոսքային (կամ խոսույթային) եւ գործնական խելքի (ինտելեկտի) հակադրման գաղափարը: Որպես այդ գաղափարի ապացույց` Ա. Վալլոնը բերում է հետեւյալ օրինակը. շիմպանզեն տեսնում է ծառի ծայրից կախված ադամաթուզը, գոռում-գոչում է, հետո բերում արկղը, բարձրանում եւ պոկում այն: Սա նշանակում է, որ հասարակ գործողություններ կատարելու համար չկա անհրաժեշտություն լեզվի համար, այստեղ բավական է միայն գործնական ինտելեկտ, որն ունեն նաեւ կապիկները: Խոսքային ինտելեկտի համար կարեւոր է, որ անձը սովորի մտածել ինքնուրույն, մտածել ոչ միայն այնպես, ինչպես սովորել է մտածել իր ինտելեկտի զարգացնան նախավերբալ, ակնառու-գործնական փուլում, այլ ստեղծագործաբար, ինչի արտահայտման ճանապարհը հանճարեղ կերպով գտնում է ինքը` լեզուն: Միայն թե այս դեպքում լեզվական իրականությունը պետք է տարանջատվի լեզվական պատրանքներից, որոնցով լի է ժամանակակից մարդու խոսակցականը: Որովհետեւ, լինելով սովորության, մտավոր ծուլության եւ իներցիայի արդյունք` լեզվական պատրանքները նույնանում են այդ նույն կապկային ինտելեկտի հետ: Ընդ որում` հետաքրքրական է, որ միտքն ու լեզուն այդ կերպ օգտագործողները դրդում են դրան մյուսներին. «Է, ամեն ինչի հետեւից մի ընկի» կամ «Է, մի փիլիսոփայի»: Երանի թե այդ անձիք փոքր-ինչ գիտակցեին, որ այդպիսի կոչերով իմաստը (Բառը, Բանը, Լոգոսը) ոչնչացնելու, լղոզելու եւ պղտորելու կոչ են անում, որ բացի նրանից, ինչը անվանվում է «աշխատանք», նրանք ամենուրեք բախվում են մտածելու-հատուկ աշխատանք կատարելու անհրաժեշտությանը, եւ որ մտածելը նույպես գործ է, եւ անգամ մարդ լինելու համար` ամենակարեւորը:

Ոչ մի միտք չբյուրացնել, ոչ մի միտք չհասցնել իր տրամաբանական ավարտին, ոչ մի միտք լրջորեն չընկալել, ամեն ինչ ասել կամ անել այնպես, իմիջայլոց. սրանք են ժամանակակից մարդու լատենտ կարգախոսները: Ինչո՞ւ: Որովհետեւ, որպես կանոն, ժամանակակից մարդու «ես»-ը ներգրավված չի լինում ոչ միայն խոսքի բուն իմաստների մեջ, այլ գործում է այն առարկայից դուրս, ինչի շուրջ նա խոսում է: Սա նշանակում է, որ նրա մտածողությունը առարկայական չէ, այլ կերպ ասած` նրա գիտակցությունը դատարկ է կամ էլ լցված այնպիսի նպատակադրությամբ, որը առարկայից դուրս է, Ֆ.Բրենտանոյի բառերով, նրա գիտակցությունը զրկված է նպատակաուղղվածությունից (ՌվՑպվՓցՏվՈսՖվՏրՑՖ): «Եթե ուզում ես ճանաչել բնությունը, դարձիր բնություն», - ասում էր Գյոթեն, որը, ինչպես հայտնի է, բնության հրաշալի գիտակ էր: Մ. Չեխովը (հայտնի դերասան եւ բեմադրիչ, Ա. Չեխովի զարմիկը) Ա. Բելիյի մասին իր հիշողություններում պատմում է. «Ժամանակը նրա աշխարհում այնպեսը չէր, ինչպես մեզ մոտ: Նա մտածում էր դարաշրջաններով: Նա սլանում էր մտքով դեպի միջնադարը, քրիստոնեության առաջին դարերին եւ ավելի հեռու` դեպի հին քաղաքակրթությունները: «Միտքը,- ասում էր նա,- կենդանի օրգանիզմ է: Ինչպես բույսը ճյուղավորվում է եւ լայնանում, մտքերը որոնում են միմյանց, կանչում, ձուլվում իրար կամ կշտամբում, մտնում պայքարի մեջ, մինչեւ պարտվածը փոխվի կամ անհետանա գիտակցության դաշտից: Հասունանալով ժամանակի մեջ` միտքը պտուղ է տալիս իր ժամանակին»: Երկրաչափական գծագիրը նրա համար ներդաշնակորեն հնչող ձեւ էր, հնչյունը դառնում էր ձեւ եւ կերպար, գեղեցկությունը` զգացմունք, շարժումը` միտք: Եթե նա խոսում էր արվեստի, պատմության օրենքների, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի մասին, ապա հենց ինքը ակնթարթորեն դառնում էր ձգողություն, կշիռ, հարված, սերմի թաքնված ուժ, աճ, ծաղկունք: Գոթականում սլանում էր, բարրոկոյում կլորանում, հրաբուխի մեջ ժայթքում, կայծակի մեջ որոտում ու փայլատակում»:

Այն պարագայում, երբ մարդու «ես»-ը գնում է իր ճանապարհով, իսկ նրա խոսքը մյուս, երբ անձը մասնակցում է իր ասածի կամ գործածի մեջ միայն արտաքնատես, առանց սեփական «ես»-ի, անհեթեթությունը եւ կոգնիտիվ անհաջորդականությունը մտածողության կառուցվածքում ձեռք են բերում բնականոն գոյության կարգավիճակ, ինչի հետեւանքով անձի համար բնական է դառնում նաեւ շշմածության հոգեվիճակը:

Սրանք են այն պատճառները, որոնք դրդում են մարդուն արտամղել, անտեսել եւ չհակազդել կոգնիտիվ անհաջորդականությանը: Այս պատճառների հիմքում ընկած է մի խորքային պատճառ, այն է` վախը ճշմարտությունից: Երեւույթների միջեւ ընկած լայն կապերը որոնելիս, միտքը մինչեւ տրամաբանական ավարտը հասցնելիս կամ բառերի բուն իմաստին վերադառնալիս անձը գիտակցաբար, իսկ ավելի հաճախՙ ենթագիտակցաբար տագնապում է, որ կբախվի հնարավոր հոգեբանական ցավի հետ: «Չմտածեմ այլեւս դրա մասին, հանկարծ մի տհաճ իրողություն կհայտնաբերվի», - ասում է ենթագիտակցականը, եւ գիտակցությունը հրաժարվում է հպվել առարկայի հետ, ճիշտ այնպես, ինչպես վերք ունեցող մարդը վախենում է բացել վիրակապը: Մինչդեռ մտավոր անհեթեթությունը` այդ նույն վերքն է մտածողության համար, եւ վերքը պահանջում է համարձակ ախտահանող գործողություն: Բայց դրա փոխարեն մարդն առաջնորդվում է «հաճույքի սկզբունքով» (Զ.Ֆրոյդ) եւ ձգտում չխախտել սեփական դրական «Ես-կոնցեպցիան»: Այս մեծամեծ խաբկանքի շնորհիվ, սակայն, նա արմատապես քայքայում է սեփական «Ես»-ը, զերծ մնում ինքնուրույն մտածողությունից եւ որոշումներից, հետզհետե բթացնում ինք իրեն եւ վերջնականապես նմանվում ավանակին:

Էվոլուցիոն գործընթացները բազմիցս հուշել են կենդանիների եւ մարդկության զարգացման իմաստները: Այսպես, ջայլամը, որը անհասկանալի, տագնապ առաջացնող իրավիճակներում հազարամյակներ ի վեր թաքցնում էր իր գլուխն ավազի մեջ, դարձավ կենդանիներից ամենադժբախտը. լինելով թռչյուն, նա անկարող է թռչել: Զավեշտալի է, բայց այն պահին, երբ ջայլամը թաքցնում է իր գլուխը, նրա կյանքը դառնում է ավելի խոցելի, իսկ ինքը` մյուս կենդանիներից ավելի անպաշտպան: Մարդու ապագան, եթե նա շարունակի հրաժարվել մտածողությունից եւ դեմքը շրջել մտքի անհեթեթությունից, չփորձելով գտնել դրանց պատճառները, խոստանում է նույնը. այն է` գիտակցության չմշակվածության այնպիսի աստիճան, որի դեպքում այլեւս հարկ չի լինի ձգտել կոգնիտիվ հաջորդականությանը եւ հիմնվել սեփական «ես»-ի վրա: Չէ՞ որ քայլ առ քայլ կամ մաս առ մաս հրաժարվելով «ես»-ից` կարող է տեղի ունենալ մարդուն կենդանիներից տարանճատող «Ես»-ի սուբստանցիայի վերջնական կորուստ: Այդ պարագայում, բացի նրանից, որ մարդը կապրի զառանցանքային աշխարհում, որտեղ բոլոր իմաստները դրված կլինեն գլխիվայր, նա առանց խորհելու կվստահի իր վարքն ու կյանքը մեկ ուրիշին, որն ի դեպ քաջ կգիտակցի, թե ի՞նչ անել այդպիսինների բանակի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4