Ինչպիսի՞ հասարակություն են ցանկանում կառուցել ազատ որմնադիրները
ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Մինչեւ օրս մամուլում, մասնագիտական գրականության շրջանակներում եւ հասարակության լայն շերտերում քննարկվում է մարդկության պատմության մեջ ամենախորհրդավոր կազմակերպությունների ցանցի` ֆրանկմասոնական եղբայրությունների հարցը: Իսկ եթե ավելի ճիշտ ձեւակերպենք խնդիրը, մարդկանց առավել հետաքրքրում է, թե հասարակության վրա ազդելու ինչպիսի՞ հնարավորություններ ունեն աշխարհասփյուռ մասոնական կազմակերպությունները, քաղաքական եւ տնտեսական ինչպիսի՞ լծակների են տիրապետում եւ, ըստ այդմ, ինչպե՞ս են օգտագործում այդ լծակները: Պաշտոնապեսՙ Հայաստանում չեն գործում մասոնական օթյակներ, սակայն շատ հաճախ հասարակության մեջ շշուկներ են տարածվում, թե այս կամ այն քաղաքական գործիչը այս կամ այն մասոնական օրդենից է: Իսկ բոլորովին վերջերս էլ լուրեր կային, թե «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իրենց հերթական հավաքն են անցկացրել օտարերկրյա եւ տեղական մասոնները, որոնց մեջ եղել են հայաստանյան պաշտոնական եւ քաղաքական հայտնի դեմքեր:
Ֆրանկմասոնները (անգլ. free mason - ազատ որմնադիրներ), որոնց ծագումնաբանությունը պարուրված է անիրական թվացող առասպելներով եւ խորհրդավոր պատմություններով, համարում են, որ մասոնականության նախակարապետները ապրել են դեռ հազարավոր տարիներ առաջ, ուստի եւՙ մասոնական ամբողջ գաղափարաբանությունն իրականում ունի հազարամյակների պատմություն. այսպես` համաձայն մասոնների շրջապատում տարածված մի լեգենդիՙ «ազատ որմնադիրների» նախապատմությունը սկսվում է դեռեւս Սողոմոն թագավորի ժամանակաշրջանից, իսկ ըստ մեկ այլ ավանդապատումիՙ նույնիսկ առաջին մարդիկ, Ադամը եւ նրա որդիները, մասոններ են եղել: Այնուամենայնիվ, գիտության մեջ բնականաբար շրջանառվում են առավել զուսպ մոտեցումներ եւ տեսակետներ: Առավել հաճախ վկայակոչվում է 1717 թվականը, երբ պաշտոնապես սկսվեց լոնդոնյան «ազատ որմնադիրների» մեծ օթյակի գործունեությունը: Բայց ակնհայտ է, որ «ազատ որմնադիրների» ցանցը միջնադարյան համքարությունների գործունեության տրամաբանական շարունակությունն էր, որոնք ժամանակի ընթացքում բավականաչափ հզորացան եւ ձեռք բերեցին խորհրդապաշտական ծիսակարգերով հագեցած կառուցվածքային բարդ ձեւեր:
Ֆրանկմասոնականության ֆենոմենի գնահատման գործում մասնագետները եւ, առհասարակ, հասարակությունը հակված են պտտվել մի շարք պոպուլյար մոտեցումների շուրջ: Եւ, ընդհանրապես, մասոնականության էության ու մարդկության պատմության մեջ ունեցած իրական դերի խնդիրը մշտապես դարձել է հակասական մեկնաբանությունների առիթ:
Ոմանք (գիտնականներից սկսած` վերջացրած հասարակության շարքային անդամներով) համարում են, որ մասոնական կազմակերպություները իրականում ունեն բացառապես մարդասիրական նպատակներ, քարոզում են եղբայրություն, պաշտպանում են մարդու հիմնական ազատությունները եւ հասարակությունների մեջ փորձում են սերմանել բարոյական բարձր արժեքներ` դրանով իսկ նույն այդ հասարակությունը դարձնելով ավելի կատարյալ: Եվ իսկապես, երբ ուսումնասիրում ես մի շարք մասոնական կազմակերպությունների իրավական փաստաթղթերի մեջ ամրագրվածՙ հասարակության հետ աշխատանքի սկզբունքները, տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ ունեն համամարդկային բնույթի գաղափարներ ու այդ գաղափարները իրականացնելու կամք նաեւՙ կարողություն: Օրինակ` ֆրանսիական մեծ օթյակի սահմանադրության համաձայնՙ մասոնականության նպատակը մարդկության բարոյական կատարելագործումն է, իսկ վերջնանպատակըՙ ազատության, եղբայրության եւ հավասարության սկզբունքների հիման վրա երկրային դրախտի կառուցումը: Սակայն այս դեկլարատիվ բանաձեւերը, ըստ որոշ ուսումնասիրողների, ստեղծված են արտաքին սպառման համար: Որոշ մասնագիտական բառարաններում գրված է, որ մասոնականության նպատակը մարդկությանը (անկախ կրոնական, մշակութային եւ ազգային պատկանելությունից) «ճշմարտության եւ սիրո արքայությանը» հասցնելն է: Ըստ մասոններիՙ այդ նպատակին յուրաքանչյուր մարդ կարող է հասնել բարոյական, ֆիզիկական, մտավոր ինքնակատարելագործման միջոցով: Այս «նպատակի» իրագործման գլխավոր խոչընդոտները, թերեւս ըստ մասոնների, կրոնական համակարգներն են, ազգային պետությունները կամ ազգային գործոնի դերի խտացումը եւ դրա ազդեցության ուժեղացումը ողջ աշխարհում: Խնդիրն այն է, որ մասոնների վերաբերմունքը ավանդական կրոնների նկատմամբ բավականին պասիվ է, փոխարենն առաջարկվում է ինքնաբավ մարդասիրությունը, որի շրջանակներում Աստծո գործառույթները վերաբաշխվում են մարդկային հնարավորությունների համատեքստում, եւ հին կրոնների գաղափարախոսությունը փոխարինվում է բարոյական համերաշխության սկզբունքով: Ի դեպ, ամիսներ առաջ մամուլում տեղեկատվություն եղավ, որ Հայաստան են ժամանել ֆրանսիական «Մեծ Արեւելք» օթյակի ներկայացուցչներ, որոնք, իբր, նույնիսկ հանդիպել էին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Հանրաճանաչ օթյակի անդամները ասել են, որ իրենց համար հայերի ցեղասպանության փաստը անառարկելի իրողություն է: Այստեղ նշենք, որ նախորդ դարասկզբի իրադարձությունների մեկնաբանությունների շրջանակում մի շարք պատմաբաններ վկայակոչում են այն հանգամանքը, որ հայերի հանդեպ ոճրագործությունը իրականացնող երիտթուրքական կառավարության վերնախավի մեծ մասը եղել է մասոն: Այսպես, օրինակ` պատմաբան Տիգրան Սահակյանը իր «Ցավալի պայմանագրեր» աշխատության մեջ պնդում է, որ նույն Էնվերը, Ջեմալը եւ էլի շատ ուրիշներ եղել են Մակեդոնիայի Սալոնիկ քաղաքի «Մեծ Արեւելք» օթյակի բարձրաստիճան մասոններ: Ի դեպ, մի շարք աղբյուրներում նշվում է, որ այդ նույն օթյակի անդամներ են եղել նաեւ բազմաթիվ ականավոր արեւմտահայ մտավորականներ:
Շատ մասնագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ մասոնական ցանցը համարում են յուրահատուկ միջազգային մոնոլիտ եւ հեղափոխական ցանց (թեեւ իրեց օրթոդոքս համարող մասոնական տարբեր օթյակների ներկայացուցիչներ պնդում են, որ որոշ մասոնական կազմակերպություններ իրականում չեն համապատասախանում իրենց բարձր կոչմանը եւ ապօրինաբար զբաղվում են քաղաքականությամբ), որն անզիջում պայքար է մղում Աստծո, ազգային եկեղեցիների եւ պետությունների դեմ: Այս թեւի ներկայացուցիչները պնդում են, որ, իրականում, կենտրոնացված եւ համակարգված կազմակերպության որակներով հանդես եկող մասոնական օթյակներին առաջնորդող գաղափարախոսությունը հագեցած է աթեիզմի եւ կոսմոպոլիտիզմի տարրերով, եւ մասոններն իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակները փորձում են օգտագործելՙ հասնելու համար համաշխարհային գերիշխանության, վերջնանպատակ ունենալով ստեղծել համաշխարհային աթեիստական գերպետություն: Ավելինՙ հակամասոնական տրամադրություններ ունեցող շատ հասարակագետներ եւ քաղաքական գործիչներ կարծում են, որ ֆրանկմասոնները միջոցներ չեն խնայում իրենց նպատակներին հասնելու համար եւ իրենց ընթացքը խոչընդոտող ցանկացած դրսեւորում կանխում են բիրտ ուժով` խախտելով իրենց կանոնադրություններում ամրագրված համամարդկային դրույթները: Մի շարք տեսաբաններ էլ պնդում են, որ մեր աչքի առջեւ տեղի ունեցող աշխարհիկացման եւ ապաքրիստոնեականացման գործընթացներին ակտիվորեն մասնակցում են նաեւ մասոնները: Եվ հենց այս մոտեցման հետ է կապված քրիստոնեության եւ քրիստոնեական հարուստ ավանդույթներ ունեցող պետությունների դեմ ուղղված «համաշխարհային մասոնական դավադրության» մասին վարկածի կենսունակությունը: Այստեղ հիշեցնենք, որ Հայաստանում այս վարկածի ջատագովներից մեկը Խաչիկ Ստամբոլցյանն է, ով մասոններին համարում է ազգային պետությունների դեմ ուղղված կործանիչ ուժ: Վերջինս իր ելույթներում պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանում գործում են մասոններ, որոնք կոնկրետ եւ շատ գործնական քայլեր են կատարում «գլոբալացված հասարակություն» ստեղծելու համար: Մի առիթով նա նույնիսկ ասաց, որ մասոնական գործունեության արդյունք է, ասենք, դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատումը:
Ըստ որոշ գնահատականներիՙ սկսած 1967 թվականից մասոնների թիվն աշխարհում կրճատվել է շուրջ 40 տոկոսով (մոտավոր հաշվարկներովՙ 1990 թ. ֆրանկմասոնների թիվը աշխարհում հասնում էր 4 միլիոնի): Մի շարք տեսաբաններ կարծում են, որ 20-րդ դարի երկրորդ կեսին մասոնների թիվը կրճատվեց շատ պարզ եւ օբյեկտիվ պատճառներով: Այդ պատճառներից կարեւորագույնը թերեւս այն է, որ նշված ժամանակահատվածում աշխարհումՙ ընդհանրապես, եւ Եվրոպայում` մասնավորապես, մարդիկ իրենց հոգեւոր պահանջմունքների բավարարման համար գտան լրացուցիչ միջոցներ: Այսինքն` այն մարդիկ, ովքեր նախկինում իրենց խորհրդապաշտական հետաքրքությունները սպառում էին, ասենք, եվրոպական մասոնական օթյակներում, սկսեցին որոնել այլընտրանքային հոգեւոր արժեքներ եւ գտան դրանք արեւելյան կրոնական համակարգերի, ասենքՙ բուդդիզմի, դաոսիզմի, ինչպես նաեւՙ նույն Արեւելքից եկած կրոնափիլիսոփայական ավանդույթների մեջ:
Ամեն դեպքում, որքան փորձում ես խորամուխ լինել մասոնների համաշխարհային հասարակական դերի ճշմարիտ պատկերը վերականգնելու գործում` ուսումնասիրելով համապատասխան գրականություն, աղբյուրներ, հրապարակային կարծիքներ, այնուամենայնիվ, չես կարողանում բացահայտել «ազատ որմնադիրների» իրական դեմքը: Գուցե դա կապված է այն հանգամանքի հետ, որ մասոնական կազմակերպությունները, ըստ էության, փակ, էզոթերիկ բնույթի կառույցներ են, եւ այդ կառույցների նպատակներն ու գաղափարները ուղղված են եղել սահմանափակ թվով մարդկանց` «ընտրյալների» սպառման համար:
Եվ եթե «ազատ որմնադիրները» ցանկանում են հաստատել «նոր աշխարհակարգ» (այս նշանաբանը զետեղված է ամերիկյան թղթադրամների վրա դրոշմված բուրգի ներքեւի հատվածում), ապա հասարակությանը մնում է միայն գուշակել, թե ինչպիսի՞ն է լինելու Նոր աշխարհը. գլոբալացված ունիտար միապետությո՞ւն, դեմոկրատական երկրների համադաշնությո՞ւն, ապազգային մոդելների անհասկանալի կոնգլոմերա՞տ, թե՞ մի աշխարհ, որտեղ չկա ոչ մի կրոն, եւ «բոլորը բոլորի եղբայրներն են»: