«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2008-06-26 | #122, 2008-06-27 | #123, 2008-06-28


ՆԵՐՔԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՒՅԹԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Թուրքիայի իսլամացված հայության մեջ, Էթնիկ ինքնագիտակցության մակարդակով, հստակ առանձնանում է ծպտյալ հայերի խումբը, որն ի տարբերություն իսլամացված հայերի այլ խմբերի` ձգտում է պահել նաեւ ազգային նկարագիրը:

Այս խումբն է, որ գաղտնի շարունակում է պահպանել եւ կիրառել ազգային, կրոնական սովորույթների շատ տարրեր: Ավելորդ չէ նշել, որ տարբեր տարիներին արձանագրված կրոնադարձության (քրիստոնեություն վերընդունելու) դեպքերը առավելապես արձանագրվել են հենց այս խմբին պատկանողների շրջանում: Ուշագրավ է եւ, միեւնույն ժամանակ, շատ կարեւոր, որ այս խմբի հայերի ընտանեկան կենցաղում եւս պահպանվել են էթնիկ ինքնագիտակցության հետաքրքիր դրսեւորումներ, որոնցից կուզենայինք առանձնացնել ներքին ամուսնությունների սովորույթը:

Ծպտյալ հայերն արտաքուստ մուսուլման ներկայանալով` ոչ միայն գաղտնի շարունակում են ազգային-կրոնական որոշ սովորույթներ, այլեւ ձգտում են ամուսնանալ իրենց նման ծպտյալ հայերի հետ: Ընդ որում` ներքին ամուսնությունների ժամանակ երկրորդ պլան են մղվում տարիքային, դասակարգային, սոցիալական եւ այլ խոչընդոտներ, բացի այդ, դրանք հիմնականում նպաստում են ծպտյալ հայերի կյանքի ներփակ բնույթի շարունակմանը: Ներքին ամուսնությունների ինստիտուտը ենթադրում է նաեւ ծպտյալ հայերի շրջանում որոշակի ցանցի առկայություն, որը թույլ է տալիս նրանց, թեկուզ հեռակա, ճանաչել միմյանց: Երբեմն այս վարկածի օգտին է խոսում նաեւ ներքին ամուսնությունների աշխարհագրությունը, երբ բավական հեռու գյուղերի բնակիչներ ամուսնանում են իրար հետ: Որոշակի փաստեր կան, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ հատկապես ինքնաբացահայտված եւ կրոնադարձված ծպտյալ հայերի շրջանում արձանագրվում են նաեւ բացահայտ հայերի հետ ամուսնություններ: Նման օրինակներից է ադըյամանցի Սադըք Բաքըրջըօղլուն, որն ապրելով Ստամբուլում` պաշտոնապես կրոնադարձվել է, ընդունելով իր պապերի կրոնը` քրիստոնեությունը, եւ ամուսնացել հայաստանցի մի աղջկա հետ, իսկ որդուն ուղարկել հայկական դպրոց:

Ծպտյալ հայերի մեջ տարածված ներքին ամուսնությունների սովորույթի եւ փոխադարձ ճանաչման հնարավոր ցանցի գոյության որոշ փաստերի ենք հանդիպում նաեւ հայկական թեմատիկայով գրված ժամանակակից թուրքական գրականության մեջ: Օրինակ, գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչընի «Քեզնով է ուրախանում սիրտս» փաստագեղարվեստական գրքում քյահթացի ծպտյալ հայի զավակ, Գերմանիայում բնակվող Հաջը Իբրահիմը, խոսելով ներքին ամուսնությունների մասին, ասում է. «Մեզ մոտ ամուսնությունը միշտ «մերոնց» (ծպտյալ հայերի) միջեւ է լինում: Դուրս ոչ աղջիկ ենք տալիս, ոչ էլ դրսից աղջիկ ենք առնում, որովհետեւ դրսից եկած հարսը կարող է «մերոնց» գաղտնիքներն իմանալ»: Իսկ երբ նրանց դրացի քուրդը խնդրել է Հաջը Իբրահիմի քրոջ ձեռքը, նրա հայրը մերժել է, սակայն վախենալով, որ կարող են աղջկան փախցնել, ամուսնացրել է «մերոնցից» ճաղատ, տգեղ, աղքատ եւ որբ մի հովվի հետ: Քեմալ Յալչընի նույն գրքում ծպտյալ հայուհի Սուլթան Բաքըրջըգիլը պատմում է, որ իր պապը չորս տղաներին էլ ամուսնացրել է ծպտյալ հայերի հետ, իսկ 12-ամյա աղջկան, վախենալով, որ քրդերը կփախցնեն, ամուսնացրել է 30-ամյա ծպտյալ հայի հետ, դրանով իսկ, ըստ իրեն, փրկել աղջկան:

Այս եւ նմանատիպ այլ օրինակներ հաստատում են վերոնշյալ այն պնդումը, որ ծպտյալ հայերի ներքին ամուսնությունների ժամանակ տարիքային, դասակարգային, սոցիալական եւ այլ խոչընդոտներն անտեսվում կամ երկրորդական են համարվում:

Պատահական չէ, որ ծպտյալ հայերի շրջանում տարածված ներքին ամուսնությունների սովորույթը գրավել է նաեւ թուրք գիտնականների հետաքրքրությունը: Նրանք այդ հարցն ուսումնասիրել են` ունենալով բազմաթիվ հնարավորություններ եւ փաստեր: Մանրակրկիտ հետազոտելով կրոնադարձված հայերի տոհմածառերը` նրանք ի հայտ են բերում փաստեր, որոնք ապացուցում են, որ շատ հաճախ եւ, իհարկե, ոչ պատահաբար, ամուսնություններ են տեղի ունենում ծպտյալ հայերի սերունդների միջեւ: Ծպտյալ հայերի ներքին ամուսնությունների մասին թուրքական աղբյուրներում հանդիպած օրինակներից մեջբերենք մի քանիսը.

1. Ծպտյալ հայ Չեթին Բոզքայան (ծնվ. 1923 թ.), որը 1990 թ. 67 տարեկանում կրոնադարձվել է` ընդունելով քրիստոնեություն, ամուսնացած է հայուհի Շաքե Բոզքայայի հետ: Ներկայացված է նաեւ նրանց տոհմածառը, որտեղից պարզվում է, որ նրանց ծնողները ծագումով հայեր են: Ավելին, նրանց որդին` Գյուլա Արփադ Բոզքայան եւս 1990 թ. 29 տարեկանում վերընդունում է քրիստոնեություն: Հետաքրքիր է, որ Գյուլա Արփադ Բոզքայան ամուսնանում է 1967թ. ծնված Նարգիզ Բոզքայայի հետ, որի ծնողները նույնպես ծագումով հայեր են: Նարգիզ Բոզքայան եւս 1996 թ. վերընդունում է քրիստոնեություն:

2. Ահմեթ Քարաքուշի, որի ծնողները հայեր են եղել, կինը` Տիգրանուհին եւ որդին` Պերճը, 1986 թ. դատարանի որոշմամբ վերադառնում են քրիստոնեության: 1989 թ. կրոնադարձվում է նաեւ Ահմեթ եւ Տիգրանուհի Քարաքուշների աղջիկը` Ֆաթման, իսկ նրանց մյուս չորս երեխաները մնում են մուսուլման: Սակայն այդ մուսուլման մնացած երեխաներից մեկը` Ջեմիլեն, ամուսնանում է 1959 թ. ծնված Աթափ Քաբեի հետ, որի ծնողները սասունցի հայեր են` Սահակն ու Մարիամը: Հետաքրքիրն այն է, որ այս զույգն իրենց տասներեք երեխաներին գրանցում է որպես քրիստոնյաներ:

3. 1966 թ. քրիստոնեություն ընդունած եւ 1967-ին հայ քրիստոնյա Անդրանիկ Չաքըջըի հետ ամուսնացած Ֆիդան Դեմիրի ծնողները նույնպես ունեն հայկական ծագում, ավելին` աղբյուրում ներկայացված են նաեւ նրա հորական տատի ու պապի անունները` Մանուկ եւ Մարիամ: 1996 թ. Ֆիդան Դեմիրն անվանափոխվում է` ընդունելով Սեդա անունը, իսկ երեխաներին` Թալինին եւ Արային, գրանցում որպես քրիստոնյաներ: Թուրքական աղբյուրները նշում են, որ Ֆիդան Դեմիրի քույրերը` Էմինեն եւ Այշեն, համապատասխանաբար 1962 եւ 1990 թթ. ընդունում են քրիստոնեություն:

4. Ծպտյալ հայի որդի Դավիթ Թաշդեմիրը 1955 թ. հրաժարվելով իսլամից` ընդունել է քրիստոնեություն: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, Դավթի ծնողները Մուսթաֆան եւ Ֆադիմն են, սակայն հոր ծնողների անուններն են Արթին (Հարություն) եւ Սրբուկ, իսկ մոր ծնողների` Առաքել եւ Մարիամ: Դավիթ Թաշդեմիրն ամուսնացել է հայ քրիստոնյա Սաթենիկ Թաշդեմիրի հետ, իսկ Դավթի երկու եղբայրները` ծպտյալ հայեր Հայրիեի (որի ծնողներն են Հովսեփը եւ Լուսինեն) եւ Հաթիջեի (որի ծնողները Կիրակոսը եւ Աննան են): Դավթի երրորդ եղբայրն ամուսնացել է հայ քրիստոնյա Սրբուկի հետ: Դավիթ Թաշդեմիրի զարմիկներից Գուլյա Թաշդեմիրը 1992-ին, 66 տարեկանում, Սարգիս Թաշդեմիրը 1982-ին, 48 տարեկանում, Էլմաս Թաշդեմիրը 1977-ին, 33 տարեկանում, վերադարձել են իրենց նախնիների կրոնին եւ ընդունել քրիստոնեություն: Դավիթ Թաշդեմիրի մյուս եղբայրները, զարմիկները դեռեւս շարունակում են գրանցված մնալ որպես մուսուլման:

5. Թունջելիի (Դերսիմ) Այդընլըք գյուղի բնակիչ, ծպտյալ հայ (շրջապատում որպես ալեւի ներկայացող), 1944 թ. ծնված Ազիզ Չելիքը 1972 թ. փոխում է իր կրոնը` ընդունելով քրիստոնեություն, միաժամանակ վերցնում է նաեւ Սարգիս անունը: Սարգիս Չելիքը ամուսնանում է 1949 թ. Արաբկիրում ծնված հայ քրիստոնյա Բյուլբյուլ Յըլընջըօղլուի հետ: Նրանց երկու տղաներն էլ` 1972թ. ծնված Սեւան Չելիքը եւ 1977 թ. ծնված Սավաշ Չելիքը, քրիստոնյաներ են:

6. Կրկին Թունջելիի Այդընլըք գյուղի բնակիչ, շրջապատում որպես ալեւի հայտնի, 1938 թ. ծնված Յըլդըզ Ջանիքի նախնիները նույնպես հայեր են, իսկ նա 2004 թ. հունվարի 15-ին վերընդունել է քրիստոնեություն: Նրա որդին` 1962 թ. Ստամբուլում ծնված Մահմութը, 1992-ին ընդունում է քրիստոնեություն: 1980-ին այդ նույն քայլին է դիմում նաեւ Յըլդըզի քույրը` Փերիհանը, անվանափոխվելով Փիրուզ:

Ծպտյալ հայերի ներքին ամուսնությունների մասին տվյալների ենք հանդիպում նաեւ Արեւմտյան Հայաստան այցելած տարբեր մարդկանց մոտ: Հայ ճարտարապետության պատմության մասնագետ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով այս խնդրին, նշում է. «Արեւմտյան Հայաստանում մահմեդական հայերը, եթե իրենք գտնում են, որ հայ են, միշտ խնդիրներ ունեն տեղի քրդերի հետ, նույնիսկ արյունահեղության մակարդակի. քրդերը նեղվում են, որ մահմեդական հայերն իրենց աղջիկ չեն տալիս, աղջիկ վերցնում են, բայց չեն տալիս»:

Մենք նույնպես Արեւմտյան Հայաստանում մեր հանդիպած ծպտյալ հայերի հետ զրույցներում լսել ենք ներքին ամուսնությունների մասին, սակայն այդ սկզբունքը քրդական միջավայրում ոչ միշտ է հնարավոր պահպանել: Այն վայրերում, որտեղ քրդերի եւ ծպտյալ հայերի հարաբերությունները լարված են, դա ավելի հեշտ է, իսկ որտեղ նրանք ունեն նորմալ հարաբերություններ, ոչ միշտ են կարողանում խուսափել խառն ամուսնություններից, սակայն այստեղ նույնպես նկատելի է, որ առավելապես փորձում են աղջիկ վերցնել, բայց չտալ:

Ավելորդ չէ նշել, որ ներքին ամուսնությունների սովորույթը ծպտյալ հայերը փորձում են պահպանել նաեւ Եվրոպայում, ուր արտագաղթել են նրանց բազմաթիվ ընտանիքներ: Օրինակ, հայտնի Վարթո ցեղի անդամները, ապրելով Բելգիայում, շարունակում են ներքին ամուսնությունները, սակայն եթե նախկինում ամուսնանում էին միայն ցեղակիցների հետ, ապա այժմ` ընդհանրապես հայերի:

Այսպիսով, կարելի է ասել, որ ներքին ամուսնությունների սովորույթը Թուրքիայի ծպտյալ հայերի ազգային ինքնագիտակցության եւս մեկ ապացույցն է: Սա, միեւնույն ժամանակ, կարեւոր տարբերակիչ հատկանիշ է, որով ծպտյալ հայերը տարբերվում են իսլամացված հայերի այլ խմբերից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4