«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2008-06-26 | #122, 2008-06-27 | #123, 2008-06-28


ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ՆՐԱՆՑ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայ վաճառականների մասին 18-րդ դարի ճանապարհորդ Տուրնըֆորը գրել է. «Այս հայերը, ինչպես իրենց, այնպես էլ Նոր Ջուղայի վաճառականների համար աշխատելիս անխոնջ են ուղեւորությունների ժամանակ եւ արհամարհում են եղանակների խստությունները: Շատերին ենք տեսել, նույնիսկ ամենահարուստներին, որ ոտքով անցնում էին գետերով, մինչեւ պարանոցը խրված ջրի մեջ` փրկելու համար իրենց եւ բարեկամների հակերը: Այս ազնիվ մարդիկ երբեք չեն փոխում իրենց վարվելակերպը, միշտ նույնն են, խույս են տալիս աղմկախույզ օտարականներից եւ հարգում նրանց, ովքեր խաղաղ են` սիրով պատսպարում եւ կերակրում են նրանց... Երբ լուր են ստանում որեւէ քարավան անցնելու մասին, գինով ու խմիչքներով 1-2 օրվա ճանապարհ ընդառաջ են գնում իրենց հայրենակիցներին»:

Հայ վաճառականների առեւտրային հմուտ գործունեության եւ մարդկային շիտակ նկարագրի մասին տեղեկություններ կան աշխարհի գրեթե բոլոր ձեռագրատներում պահվող հաշվեմատյաններում, առ այսօր դրանք գրավում են հայ եւ օտար գիտնականներինՙ անսպառ նյութ տալով հայերի բացառիկ հաջողությունների գաղտնարաններից նորանոր փաստեր հայտնաբերելու համար:

Միջազգային առեւտրում հայ վաճառականների, մասնավորապես ջուղայեցի վաճառականների տեղն ու դերը ճշգրտելու համար Մատենադարանի գիտնական քարտուղար, պատմագիտության թեկնածու Շուշանիկ Խաչիկյանը հաշվեմատյանների գրանցումներից բացի ուսումնասիրել է տարբեր փաստաթղթեր` կտակներ, նամակներ, պայմանագրեր, համաձայնագրեր, լիազորագրեր, փոխանցագրեր: Հետազոտելով ջուղահայ նշանավոր գերդաստանների պատմությունը, նա առաջնությունը տալիս է Շահրիմանյանների խոշոր առեւտրական տանը, որը հրապարակ է իջել Նոր Ջուղայի պատմության հենց սկզբնավորման շրջանում: Երկրորդըՙ Խոջա-Մինասենց գերդաստանն է, որը 1667 թվականին արդեն Նոր Ջուղայի կյանքում իշխող դիրքեր է գրավել, երրորդըՙ Լազարյաններն են, որոնք նշանակալից դեր կատարեցին 13-րդ դարի առաջին հիսնամյակում, երբ վերջնականապես դուրս եկան իրենց հայրենի քաղաք Հին Ջուղայից ու մշտական բնակություն հաստատեցին Ռուսաստանում:

«Հայտնի է, որ Նոր Ջուղայի հայ վաճառականները միջազգային ապրանքաշրջանառության մեջ մեծ դեր են կատարել: Այդ մասին են վկայում նաեւ Մատենադարանում պահվող 2 հաշվեմատյանները, մեկըՙ 1711-1718 թթ. առեւտրատնտեսական, մյուսըՙ Լազարյանների ընտանիքի առեւտրական գործունեության: Դրանք որոշակի հաշվապահական համակարգով գրված, Նոր Ջուղայում կիրառված սկզբունքներին համապատասխան սկզբնաղբյուրներ են: 17-18 դդ. հայ վաճառականները Եվրոպա էին արտահանում մետաքսի հումք, թանկագին քարեր, գորգեր, համեմունքներ, ներմուծումՙ եվրոպական ապրանքներ: Առեւտուր անելուց բացիՙ նրանք հայ մշակույթի կրողներն էին, նաեւ Արեւելքի եւ Արեմուտքի միջեւ կապեր հաստատողները: Հաշվեմատյաններն ուսումնասիրելով համոզվում ես, որ հայ վաճառականները դրամագլուխ էին տրամադրում հայ մշակույթի պահպանմանը` դպրոցների հիմնադրմանը, եկեղեցաշինությանը, հրատարակչական գործին եւ այլն: Ընդհանրապես տնտեսական պատմության պատկերը եւ մանավանդ նորջուղայեցի վաճառականների գործունեությունը հայ եւ օտար գիտնականների համար շատ կարեւոր ուսումնասիրության նյութ է, որովհետեւ հազվագյուտ երեւույթ է, թե ինչպես հայ վաճառականն ամբողջ աշխարհումՙ Եվրոպայից մինչեւ Ֆիլիպիններ, ամենուր եղել է եւ ամենուր կարողացել է հիանալի կազամակերպել իր գործը: Տվյալ երկրի լեզուն սովորելով, չափ ու կշռի միավորներն իմանալով, դրամի փոխադրման եւ վարկի ժամանակակից ձեւերին տիրապետելով նրանք կարողացել են միշտ շահույթ ստանալ: Արդարեւ, հսկայական գործ են արել, կարեւոր դերակատարում ունեցել եւ այդ ամենի մասին կարելի է գիտականորեն խոսել միայն եղած նյութերը մանրակրկիտ ուսումնասիրելով: Խոր հետազոտություններ կատարելու համար օտար գիտնականները հայերեն են սովորում, սակայն հաշվեմատյաններում եղած բարբառային յուրահատկությունները, օտարալեզու բազմաթիվ եզրերը` հաճախ աղավաղված, մեծապես դժվարացնում են ուսումնասիրությունը: Հաշվեմատյաններն ունեն նաեւ մեկ այլ յուրահատկություն. արտաքուստ չոր ու ցամաք թվացող գրանցումներ են, սակայն խորքում պարունակում են բազմաշերտ տեղեկություններ ոչ միայն արտահանվող ու ներմուծվող ապրանքների տեսակների, գների, վճարված հարկերի, մաքսերի, ստացված շահույթի, երթուղիների մասին, այլեւ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական գործիչների, պատմական նշանավոր դեմքերի, հոգեւորականների եւ այլոց: Հայ վաճառականները թե ցամաքային, թե ծովային ուղիներով կարողացել են փայլուն կազմակերպել իրենց առեւտուրը, նավեր են վարձել, ունեցել են իրենց դրոշը` երկգույն, Աստծո գառան պատկերով: Նրանք, իրոք, ահռելի հաջողությունների են հասել, որի շնորհիվ հատուկ արտոնություններ են ստացել եվրոպական եւ արեւելյան տարբեր երկրներում: Հայ առեւտրական բուրժուազիան 17-18-րդ դդ.ոչ միայն իր ձեռքն էր վերցրել Իրանի եւ անդրկովկասյան երկրների արտաքին առեւտրի կարեւոր լծակները, այլեւ մրցակից չուներ վարկատվության, դրամափոխության ու բանկային տարբեր գործարքների բնագավառում»:

Հայերը հին Մոսկվայում եւ Մոսկվա տանող ճանապարհների վրա

Ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի նշյալ վերնագրով աշխատության մեջ կարդում ենք հետեւյալ նամակը.

«Համայն Ռուսիայի մեծ իշխան Իվան Վասիլեւիչիցՙ Օլեշ Գոլոխվոստովին:

Այստեղ (Մոսկվայում) կար մի կաֆայեցի Պողոս անվամբ հայ, այժմ նա այլեւս չկա, եւ ես կարգադրել եմ նրա իրերը հավաքել ու կնքել: Եթե Կաֆայում կամ Ցարգրադում... Պողոսի իրերի մասին քեզ հարցնեն, ապա դու նրանց պատասխանելու ես այսպես. այդ մարդը եղել է մեր թագավորի երկրում եւ այժմ մահացել է. եւ մեր թագավորի մաքսահավաքներին հրաման է տրվել պահպանել ու կնքել նրա ապրանքները. եթե այդ մարդն ունի զավակներ կամ որեւէ զարմիկ, ապա, առաջնորդվելով արդարությամբ, մեր թագավորն այդ ապրանքը կհանձնի այն մարդուն, որին ձեր թագավորը կուղարկի մեր թագավորի մոտ»: Երկար բանակցություններից, բողոքներից ու բացատրություններից հետո, ինչպես գրում է Խաչիկյանը, 1502 թվականի ապրիլին հանգուցյալ Պողոսի գույքը հանձնվում է Կաֆայից ժամանած դեսպանորդներին, եւ վեճը հարթվում է: Պողոսը, ըստ գիտնականի ուսումնասիրած նյութերի, մեկն է եղել այն «սուրոժցիներից», որոնք տարիներ շարունակ առեւտուր են արել Մոսկվայումՙ առանց կեցության իրավունքի: Պողոսի հարազատները բնակվել են Կաֆայում, հանդես գալով որպես Ղրիմի խանի հպատակներ: Խաչիկյանի ենթադրությամբ, «սուրոժցիների մեծ մասը սկզբնական շրջանում եղել են Պողոսի նման. Մոսկվայում առեւտրական աշխույժ գործունեություն են ծավալել, բայց եղել են ոչ թե մոսկաբնակ, այլ ղրիմեցի -«սուրոժյան հյուր»: Բազմաթիվ ղրիմահայեր էլՙ տակավին 14-րդ դարի կեսերին , իսկ ավելի մեծ չափովՙ 15-ի ողջ ընթացքում, այնպիսի սերտ տնտեսական կապեր են ստեղծել Մոսկվայի հետ, հաստատվել այդ քաղաքում տեւականորեն, տուն ու տեղ ստեղծել, ձեռք բերել շարժական ու անշարժ կալվածքներ, ռուսների հետ հաստատել խնամիական կապեր, որ «սուրոժցի» կոչումը նրանց համար դարձել է արդեն ազգային պատկանելիությունից ավելի տոհմի ծագումը բացահայտող մի ցուցանիշ: «Պետք չէ անտեսել եւ այն հանգամանքը, որ «սուրոժցիներից» սերված Մոսկվայի քաղաքացի դարձած վաճառականներից շատերը, տեղի տալով ռուսական եկեղեցու ճնշումներին, խզում են իրենց կապերը մայր եկեղեցուց եւ դառնում ուղղափառ: Այդպիսովՙ նրանք ավելի էին մերվում ռուսական միջավայրին, մոռացության տալով իրենց գերդաստանի ծագման հիշատակները», գրում է Խաչիկյանը:

14-րդ դարի ընթացքում Մոսկվան զարգացել ու դարավերջին դարձել է Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր տնտեսական կենտրոններից մեկը: Առեւտրական կապերի հանգուցակետը եղել է Ղրիմի նշանավոր ծովափնյա քաղաք Սուրոժը, ապա Կաֆան: Մինչեւ 15դ. 70-ական թթ, այսինքն ՙ մինչեւ Ղրիմի գրավումը թուրքերի կողմից, այդ քաղաքները, մասնավորապես Կաֆան, լինելով միջերկրածովյան հարուստ երկրների հետ տնտեսական կապերի հանգուցակետ, վիթխարի դեր են կատարել Ռուսաստանի համար:

Կաֆայում հայերը մեծամասնություն են կազմել, իսկ Սուրոժում շատ ազդեցիկ դիրք գրավել: Հիմնականում այդ քաղաքների հայ վաճառականներն էին զբաղվում արեւելյան երկրներից ներմուծվող ապրանքներիՙ մասնավորապես մետաքսե շքեղ գործվածքների, համեմունքի, բուրումնավետ նյութերի ու թանկագին քարերի առեւտրով: Մոսկվայում արեւելյան այդ ապրանքների առեւտրի մենաշնորհը գտնվում էր վերոհիշյալ «սուրոժցի հյուր» կամ ուղղակի «սուրոժցի» կոչվող վաճառականների ձեռքում: Ինչպես նշվում է աշխատության մեջ, «սուրոժցի հյուր» կամ «սուրոժցի» էին կոչվում Մոսկվայի բարձրագույն դասի վաճառականները: Իրավական իրենց կարգավիճակով նրանք հավասարեցվում էին բոյարներին եւ հոգեւորականությանը, ազատված մի շարք հարկերից ու մաքսերից, իրավասու էին առանց տուրք վճարելու իրենց տներում ոգելից խմիչք պահելու եւ, որ ամենակարեւորն է, անմիջապես ենթակա էին մեծ իշխանի դատական ատյանին:

Լեւոն Խաչիկյանը ուշագրավ տեղեկություններ է հաղորդում նաեւ Արեւելյան Եվրոպայում հայ վաճառականների մեծ հաջողությունների մասին: Հիրավի ապշեցուցիչ է այն փաստը, որ 16-րդ դարում Լեհաստանում բնակվող վաճառականները ստացել են նաեւ այլ առանձնաշնորհներ, եւ այն աստիճանի ամրապնդել իրենց տնտեսական դիրքերը, որ շարժել են տեղական առեւտրական բուրժուազիայի ներկայացուցիչների նախանձը: Վերջիններս զանազան բողոքներ են ներկայացրել կենտրոնական իշխանությանը, փորձելով սահման դնել հայերի բուռընթաց տնտեսական զարգացումներին: Այսպես, օրինակ, Լվովի քաղաքային համայնքը Սիգիզմունդ Օգոստոս թագավորին ուղարկել է հետեւյալ բողոքագիրը. «Հայերն այժմ առեւտուրը տարածել են ողջ թագավորության մեջ, նաեւ Պրուսիայում, Լիտվայում եւ Մոսկվայում: Իրենց ստացած արտոնագրից հետո հայերի վիճակն այնքան երջանիկ է դարձել, որ ծովից ծով` Սեւից ծովից Բալթիկ ծով են հասցնում իրենց առեւտրի ապրանքները, առիթը չեն կորցնում գյուղեր եւ արվարձաններ վարձակալելու, բազմացնում են իրենց պարտեզները քաղաքի արվարձաններում, եւ իրենց ձեռքն են առնում քաղաքի գրեթե բոլոր վաճառատները»: Խաչիկյանի այս աշխատությունը, հիրավի, ծայրից ծայր հագեցած է խոսուն փաստերով ու գիտական հիմնավորումներով:

Հայ վաճառականը ազնիվ էր, զուսպ եւ ժուժկալ

«Եթե համեմատելու լինենք մերօրյա հայ վաճառականների հետ, որոշակիորեն կարելի է ասել, որ նրանց առաջին հերթին բնորոշ է եղել ազնիվ նկարագիրը: Հայ վաճառականը մանրակրկիտ արձանագրել է իր ամենօրյա գործունեությունը, ամեն գրանցման համար հաշվետու եղել իրեն վարկավորող խոջային: Խաբելու դեպքում պատժվել է, դարձել անվստահելի ու դուրս մնացել գործունեությունից: Ծովով է գնացել, թե ցամաքով կամ քարավաններով, իմացել է, թե ճանապարհի ո՞ր մասն է վտանգավոր, որտե՞ղ կարող են դարանակալած ավազակներ լինել, այդպիսի դեպքերի համար ունեցել է հատուկ զինված ուղեկցող խմբեր: Եվրոպացի ուղեգիրները նշում են, թե ինչքան զուսպ, ժուժկալ եւ սակավապետ են եղել հայ վաճառականներն իրենց կենցաղում, նաեւ աչքի են ընկել ներքին հստակ կազմակերպվածությամբ, գործել են համակարգված, սերտ համագործակցությամբ, ունեցել են իրենց ներկայացուցիչները եվրոպական եւ արեւելյան երկրներում: Այդպես Լազարյանները գործել ենՙ Ռուսաստանում, Շահրիմանյաններըՙ Իտալիայում եւ Հնդկաստանում: Կան խոջայական նշանավոր ընտանիքներ, որոնցից յուրաքանչյուրը տվյալ երկրում ստացել է ազնվականության տիտղոս, տարբեր ժամանակներում ունեցել է որոշակի արտոնություններ: Օրինակ, ռուսական ցարը հայ վաճառականներին ազատել է թանկագին քարերի ներմուծման հարկերիցՙ նրանց շահագրգռելով առեւտուր անել կասպ-վոլգյան մայրուղով: Հնդկաստանում սիրաշահել են հայ վաճառականներին, հատուկ պայմաններ ստեղծելՙ նրանց միջոցով արտաքին առեւտուրը զարգացնելու եւ տնտեսական վերելք ապահովելու համար: Հայ առեւտրական ընկերություններն ունեցել են կազմակերպչական որոշակի սկզբունքներ, ծանոթ են եղել ժամանակի բանկային համակարգին, տիրապետել են մի քանի լեզուների, գործել են արագ եւ ճկուն:

Առանց պետականության, առանց նավատորմի նրանք կարողացան մուտք գործել տարբեր երկրներ, մրցակցել միջազգային շուկաներում, երբեմն նույնիսկ դուրս մղել հզորագույն պետությունների առեւտրական ընկերություններին: Հայ վաճառականների հաջողությունների բացառիկությունը, անշուշտ, արժանի է հիացմունքի եւ խոր ուսումնասիրության», նշում է Շուշանիկ Խաչիկյանը:


Նկար 1. 6-9-րդ դդ. հայ գինեվաճառի չինական արձանիկ

Նկար 2. Սարհադի հաշվեմատյանը, 1711-18 թթ., Մատենադարան, ձեռ. թիվ 6241

Նկար 3. Մեդալ - Խոջա Գրիգորի պատկերով


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4